Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ջեմմա Հարությունյան. «Արտակարգ դրության առաջին իսկ օրերից համայնքում կազմակերպվել են վարակազերծման աշխատանքներ»

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում  Ամասիայի համայնքապետարանի կողմից այս օրերին էլ շարունակվում են իրականացնել  ախտահանման  աշխատանքներ: Ախտահանիչ նյութերով վարակազերծվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, աստիճանավանդակները և աղբամանները: Այս մասին WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:

 

Հարությունյանի խոսքով՝ COVID 19-ով պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրության մասին տեղեկատվություն ստանալուց անմիջապես հետո համայնքում կազմակերպվել են վարակազերծման աշխատանքներ:  Այդ աշխատանքներում ներգրավված  աշխատակիցների համար  ձեռք է բերվել արտահագուստ,  ախտահանման միջոցներ և այլ նյութեր։  «Օգնել ենք նաև կազմակերպություններին՝ բրդի արտադրամասին, խանութներին, որպեսզի վարակազերծման աշխատանքները պատշաճ կերպով կատարվեն։ Մեր համայնքում գործում է նաև օպերատիվ  շտաբ:  Շաբաթը մեկ անգամ շտաբի նիստ ենք հրավիրում, որին մասնակցում են՝ ոստիկանությունից, բուժսպասարկման կենտրոնից և մի շարք այլ կազմակերպություններից։  Օպերատիվ շտամբի նիստում փորձում ենք  հասկանալ, թե  որտեղ է առավել տարածված վարակը և ինչ միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել։ Աշխատանքներ են տարվում նաև կորոնավիրուսով վարակված բնակիչների  հսկղությունն իրականացնելու համար, որպեսզի վարակը շատ չտարածվի: Այս ընթացքում մենք ինքնամեկուսացման մեջ գտնվող  ընտանիքներին ապահովել ենք նաև սննդով»,- ասաց Ամասիա համայնքի ղեկավարը։

Ամասիան խոշորացված համայնք է, որն իր մեջ ներառում է 9 բնակավայր: Տիկին Ջեմմա Հարությունյանն ասաց, որ վարակազերծման համար նյութեր են տրամադրվել բոլոր բնակավայրերի ղեկավարներին՝ վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար։

 

«Մենք ունենք սպասարկման գրասենյակ, որտեղ աշխատակիցները պարետի որոշման համաձայն՝  ջերմաչափվելուց հետո, 1,5մետր հեռավորությունը պահպանելով սպասարկում են բնակիչներին՝ պատուհանից»,- ասաց համայնքի ղեկավարը։    

Համավարակի այս ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարել բնակավայրերում՝ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Համայնքի միջոցների հաշվին ձեռք է  բերվել մոտ 2000 դիմակ, և ձեռնոց, որը բաժանվել է 9 համայնքների բնակիչներին։

 

 «Ամասիայի  կայքէջի  միջոցով մենք տեղեկատվություն  ենք տրամադրում բնակչությանը:  Աշխատանքներ են տարվում, որպեսզի բնակիչները պատշաճ կերպով դիմակ կրեն, բացի այդ  սերտ աշխատում ենք ոստիկանության հետ:  Մեր 9 բնակավայրերում կազմակերպում ենք այցեր, որպեսզի կուտակումներ չլինեն և վարակը չտարածվի»,- ասաց նա։

 

Ամասիա համայնքի մանկապարտեզը, գրադարանը, սպորտդպրոցը փակ են, բոլոր տեսակի միջոցառումները՝ դադարեցված։  

 

Տիկին Հարությունյանի փոխանցմամբ՝ հատուկ պահանջներ են սահմանվել թաղման արարողությունների համար. «Բարդություններ լինում են թաղումների ժամանակ, որին մեր աշխատակիցները պարտադիր մասնակցում են, որպեսզի կուտակումներ չլինեն: Թաղումներին 15 հոգուց ավել մարդ չպետք է լինի, բացի այդ՝  հոգեհացի համար նախատեսված սրահները ևս փակ են, և այդ արարողությունները բնակիչները կատարում են իրենց տներում»։

Նրա խոսքով, կորոնավիրուսային այս համավարակը մի շարք ոլորտների վրա բացասական ազդեցություն է ունեցել: «Դժվարությունն այն է, որ մենք ունեինք բրդի և կարի արտադրամաս: Բրդի արտադրամասում հայտնաբերվեց վարակակիր, որից հետո 15 օրով փակվեց, կարի արտադրամասը ևս փակված է և  չի աշխատում։

 

Մենք ունենք մշտադիտարկման հանձնաժողով, որի ժամանակ որոշում ենք, թե որ օբյեկտներում պետք է մշտադիտարկում կատարվի:  Մենք անգամ դաշտերում ենք եղել, բնակչության հետ խոսել ենք , որպեսզի իրար հետ շփվելուց դիմակներ կրեն և հնարավորինս սահմանափակեն շփումներն արտաքին  աշխարհի հետ։

 

Իհարկե, ի սկզբանե հանրությունը պարտաստ չէր համավարակին, քանի որ դա նորություն էր բոլորիս համար: Հիմա մեզ համար ամենամեծ խնդիրը  մեկուսացման մեջ գտնող քաղաքացիների նկատմամբ հսկողություն իրականցնելն է, որպեսզի տնից դուրս չգան և վարակը չտարածվի»,- եզրափակեց Ջեմմա Հարությունյանը:

 

Զրուցեց Մարիամ Մելքումյանը

Դիտումների քանակը` 553

Վերադառնալ վերև