Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառա Չոբանյան. «Կնոջ առանձնահատկությունն եմ համարում  խաղաղասիրությունն ու տղամարդկանց զսպելը»

WomenNet.am-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 8-րդ հորիզոնականում  առաջադրված պատգամավորի թեկնածու Կառա Չոբանյանը: Ասում է՝ երբեւէ չի պատկերացրել, որ քաղաքականությամբ կզբաղվի, բայց հինգ տարիների համառ պայքարն իրեն սահուն տարել է «Սասնա ծռեր» կուսակցություն: 

 

Ծնվել է 1966 թ.-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը և ռոմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներենի բաժինը: Դասավանդել է Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետում, Մոսկվայի  տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում: 2006թ.-ից աշխատում է տուրիզմի բնագավառում և զբաղվում թարգմանությամբ: Երկու տասնյակից ավելի պատմվածքներ և էսսեներ է հրապարակել «Գարուն» և «Նարցիս» ամսագրերում: 2011 թ. լույս է տեսել  առաջին գիրքը, որին հետևել են մյուսները:  Գրողների միության անդամ է 2013 թվականից:

 

Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

 

– Դեռևս 2013 թվականից որպես աջակից միացել եմ քաղաքական այն կառույցին, որ կոչվում էր «Նախախորհրդարան», այնուհետև վերակազմավորվեց որպես «Հիմնադիր խորհրդարան»: Հետո եղավ «Սասնա ծռեր» խմբի ապստամբությունը, ես շարունակում էի աջակցել նրանց, իսկ վերջերս փոխվեց ապստամբների խափանման միջոցը, և ստեղծվեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը: Երբեք չեմ մտածել քաղաքականություն մտնելու, որևէ կուսակցության անդամ լինելու մասին, բայց այս հինգ տարիների համառ ու դաժան պայքարը կարծես բնական հունով ինձ տարավ հասցրեց մինչև «Սասնա ծռեր» կուսակցություն: Թերևս պայքարի դաշտը երբեք չլքելու և այս պայքարի մեջ թրծված լինելու հանգամանքն էր պատճառը, որ թեկնածությունները քննարկելիս ընկերներիս ընտրությունը կանգ առավ ինձ վրա: Ինձ համար սա դժվար որոշում է եղել, քանի որ ես այն քիչ երջանիկներից եմ, որոնց մասնագիտությունը և՛ ապրուստի միջոց է, և՛ գերագույն հաճույք: Բայց երբ թեկնածությունս առաջարկելիս Ժիրայր Սեֆիլյանը, մի մարդ, որ իր ամբողջ կյանքն է նվիրել հայրենիքին, ինձ ասաց. «Մենք հասկանում ենք, որ դու ունես քո սիրած գործը, որտեղ կայացած ես, որին նվիրված ես, բայց մի՞թե չես կարող կյանքիդ մի քանի տարին էլ պետականաշինության գործին նվիրել»,  դա ինձ մտորելու տեղիք տվեց, և ի վերջո ընդունեցի առաջարկը:

 

Բոլոր կուսակցություններն էլ  իրենց նախընտրական ծրագրերում  գայթակղիչ խոստումներ են տալիս, խնդիրներ են բարձրացնում, սակայն լուծման մեխանիզմներ չեն առաջարկում, ձեր կուսակցությունը ունի՞ այդ մեխանիզմները:

 

– Դեռևս 2013-2014 թվականներից, երբ մի կուսակցություն ներկայացնում էր իրենց գայթակղիչ ծրագրերը, խոստանում 2040 թվականին 4 միլիոնի հասցնել ՀՀ բնակչությունը, մյուսներն էլ մասնակցում էին նախապես կանխորոշված ընտրություններ կոչված միջոցառմանը, իսկ «Նախախորհրդարանը», ապա «Հիմնադիր խորհրդարանը» մերժում էին այդ միջոցառումը, մենք հանրային քննարկումների միջոցով զբաղվում էինք նոր որակի պետության ստեղծման հայեցակարգի մշակմամբ, որի վրա էլ հիմնված է մեր ծրագիրը և իրականացման մեխանիզմները: Մեր հայեցակարգին կարող եք ծանոթանալ  Հիմնադիր խորհրդարանի կայքում, իսկ ծրագրին և մեխանիզմներին՝ շատ շուտով:

 

 –Ձեր գնահատմամբ, Հայաստանյան քաղաքական դաշտում արդյոք նկատելի՞ է կանանց ազդեցությունը:

 

– Այն, ինչ եղել է մինչ այժմ, հնարավոր չէ քաղաքական դաշտ համարել, որտեղ ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ որևէ ազդեցություն չունեին, ամեն բան կախված էր մեկ անձի կամքից: Քաղաքական դաշտը նոր պետք է ձևավորվի, դեռ վաղ է խոսել կանանց ազդեցության մասին: Բայց ուրախությամբ պետք է նշեմ կանանց մեծ ակտիվության ու ազդեցության մասին քաղաքացիական դաշտում և հույս ունեմ ապագայում նույնը տեսնել քաղաքական դաշտում:

 

Ի՞նչ առանձնահատկություն ունի կինը քաղաքականության մեջ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կանացի մտածելակերպն օգնել ինչոր խնդրի ավելի ճիշտ լուծում տալու հարցում: Որպես կին ո՞ր խնդիրներն եք առաջնահերթ համարում:

 

– Չեմ կարծում, թե քաղաքականությունը մի ոլորտ է, որտեղ կինն այլ առանձնահատկություններ ունի, քան այլ ոլորտներում և առօրյա կյանքում: Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ այդ առանձնահատկությունը խաղաղասիրությունն ու տղամարդկանց զսպելն եմ համարում, թեև ավելի շատ կարևորում եմ մարդու անհատական որակները, մտավոր ու մասնագիտական կարողությունները և գաղափարներին հավատալն ու նվիրված լինելը: Կանայք սովորաբար ավելի դիտողունակ են, նրբանկատ, շատ հաճախ էլ բնազդով և ներըմբռնմամբ են գտնում ճիշտ լուծումները: Կարծում եմ, որ կանայք իրենց այդ հատկություններով կարող են տղամարդկանց հուշել բաներ, որոնք վրիպել են նրանց աչքից, և այդ հուշումները հաշվի առնելով թիմի համատեղ քննարկման արդյունքում կգտնվեն ճիշտ լուծումները: Իրենց կառավարման տարիներին նախորդ իշխանություններն այնպես են ավերել երկիրը, որ չկա մի ոլորտ, որտեղ մեծագույն խնդիրներ չլինեն, այնուամենայնիվ, որպես կին, որպես մայր, առաջնահերթ եմ համարում բանակում տիրող իրավիճակի, խաղաղ պայմաններում զոհվողների և անպատժելիության խնդիրը:

 

Որո՞նք են այն հիմնական երեք խնդիրները, որ Ձեր օրակարգում կլինեն, խորհրդարան անցնելու դեպքում:

 

– «Սասնա ծռերը» գալու են արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու:  Մեր հիմնական խնդիրներն ավելին են, բայց կնշեմ երեքը. իրավունքի և արդարության վերահաստատում (Սահմանադրության, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, անդարադատության համակարգի փոփոխություն անցումային արդարադատության միջոցով), նոր կադրային քաղաքականություն (նաև սփյուռքահայության ներգրավում), և վերջապես, թալանի վերադարձ և արդյունաբերության ստեղծում  (ավելացված արժեքի, տեխնոլոգիական թռիչքի ձևով):

 

Լուսինե Կարապետյան

Դիտումների քանակը` 120

Վերադառնալ վերև