Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կարգախոսներ. «Քայլ արա, ժպտա, միասին գալիս ենք ծառայելու ի շահ մեր Երևանի…»

Իշխանափոխությունից հետո բարձր մակարդակով, գաղափարական բանավեճերով, խնդիրների լուծման միջոցների վերաբերյալ քննարկումներով  հարուստ նախընտրական քարոզչություն տեսնելու սպասելիքներն այդպես էլ չիրականացան։ Շատ երևանցիների այդ  հույսը վերջին օրերին հատկապես մարեց ու անհետացավ։

 

Ինչևէ, քարոզարշավի ընթացքում միմյանց հասցեին հնչած մեղադրանքները, քննադատությունները, որոշ դեպքերում անգամ վիրավորանքները, հետին պլան մղեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը, դրանցում ներառված դրույթները, անգամ կարգախոսները։

 

Քարոզարշավի ավարտին շատ չի մնացել, մի քանի տասնյակ ժամ ու լռության օր է։ Սեպտեմբերի 23-ին ընդառաջ WomenNet.am-ը որոշեց ընթերցողին ներկայացնել, թե ինչ կարգախոսով են ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերը։

 

Այսպես.

 

Քվեաթերթիկի առաջին համարում հանգրվանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսն է՝ «Երևանս՝ բարեկարգ, հարմարավետ, կանաչ»։ 

 

Երևանի հանրություն դաշինքը, որի ցուցակը ղեկավարում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ընտրությունների է գնում «Ի շահ հարազատ քաղաքի»։

 

Երևանցիներ դաշինքը, որը քաղաքապետի թեկնածու է առաջադրել գործող պատգամավոր Արարատ Զուրաբյանին, կարգախոս է ընտրել է «Միասին»-ը։

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարում Երևանի ավագանու գործող անդամ Զարուհի Փոստանջյանն է, ասում է. «Գալիս եմ ծառայելու»։

 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ էլ ժպտալով բարևում է անցնող-դարձողին՝ նույնը խորհուրդ տալով երևանցիներին. «Ժպտա»։

 

 

«Ժողովրդական ուղի» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարում Մանուել Մանուկյանն է, նրանք հիշեցնում են. «Երևանը ես եմ, Երևանը դու ես, Երևանը մենք ենք»։

 

 

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածուն Հայ Մարությանն է, այս ուժն առաջարկում է. «Քայլ արա, Երևան»։

 

 

«Լույս» կուսակցությունների դաշնքի քաղաքապետի թեկնածուն Արակ Զեյնալյան է, նրանց կարգախոսն է. «Երևան՝ լույսի քաղաք»։

 

 

«Հայ հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակի առաջին համարում Միքայել Մանուկյանն է։ ՀՅԴ-ն շատ չի հեռացել իր նախկին կարգախոսներից, առաջարկում է. «Միասին՝ հանուն Երևանի»։

  

Հայք (Հայկազուններ) կուսակցության երազանքն ու կարգախոսն է «Երևանը հայության մայրաքաղաք», «Երևանը հայ ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաք»։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը։

 

«Ռեֆորմիստներ» կուսակցության թեկնածուն Արտակ Ավետյանն է, կարգախոսն էլ «Կանաչ Երևան»-ն է։

 

 

«Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածուն Մհեր Շահգելդյանն է, կուսակցությունն ընտրությունների գնում է «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով։

 

 

Եթե փորձենք այս կարգախոսները միքս անել ու փունջ կապել, կստացվաի մոտավորապես այսպես. «Քայլ արա, ժպտա, միասին գալիս ենք ծառայելու ի շահ մեր Երևանի, այն կանաչ, լուսավոր,  բարեկարգ, հարմարավետ դարձնելու համար»

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Լուսանակարը՝ Լիլիան Գալստյանի

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աղբահանության խնդիր. ինչ են առաջարկում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում 

Արժանապատիվ քաղաքային տրանսպորտ. ինչ են խոստանում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում

 Մանկապարտեզների  խնդիրը.  ինչ են խոստանում քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում

Դիտումների քանակը` 379

Վերադառնալ վերև