Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են». միջազգային մամուլ

 

Միջազգային հեղինակավոր զանգվածային լրատվության միջոցները այս ու անցած օրերին հետևողական կերպով լուսաբանում են կին առաջնորդներ ունեցող երկրների հաջողություններն ու ձեռքբերումները կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում։ Դրանք հիշեցնում են՝ հաջողություններ գրանցած երկրները մի ընդհանուր բան ունեն, ղեկավարվում են կանանց կողմից։

 

 

«Հենց կին առաջնորդներն էին, որ սկսեցին գործել ավելի վաղ ու վճռական» 

 

 

«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են» այսպես է վերնագրել իր հոդվածներից մեկը բրիտանական Тhe Guardian-ը։

 

 

«Կին լինելը ձեզ չի օգնում գլոբալ համավարակն ավելի լավ կառավարել, բայց կանայք, որպես կանոն, պետք է լավագույնը լինեն, որպեսզի դառնան առաջնորդներ»,-նշում է հոդվածագիրն ու օրինակ բերում Նոր Զելանդիան, Թայվանը, Գերմանիան։

 

 

Այս երեք երկրների առաջանորդերն էլ կանայք են ու նրանք կատարում են բացառիկ աշխատանք՝ ի պատասխան կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի։

 

 

Թայվանի նախագահ, նախկին պրոֆեսոր  Ցայ Ին Վեն 2016-ին դարձավ այդ երկրի առաջին կին նախագահը, վերընտրվեց այս տարվա հունվարին։ Նա ցուցաբերել է արագ ու հաջող պաշտպանություն վիրուսի դեմ։ Չնայած այն Չինաստանի հարևանությամբ գտնվող երկիր է, ունի ընդամենը հաստատված 400 դեպք։ Նկատենք, որ հոդվածը հրապարակվել է ապրիլի 11-ին, իսկ 14 օր անց, ապրիլի 25-ի դրությամբ, վարակակիրների թիվն ավելացել է ընդամենը 29-ով՝ դառնալով 429-ը, մահվան դեպքերը վեցն են։ Նկատենք, որ Թայվանն ունի ավելի քան 23. 8 մլն բնակչություն։

 

 

Այս պետությունն այնքան լավ է պատրաստված, որ  10 մլն բժշկական դիմակ է նվիրել ԱՄՆ-ին ու եվրոպական 11 երկրների։

 

 

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այս օրերին ամենաքննարկված պաշտոյան է։ Նրա նախաձեռնությունների մասին գրում են առաջատար լրատվամիջոցները։ Այպես, ըստ աղբյուրի, Նոր Զելանդիան Covid-19-ի դեմ պայքրաի առաջամարտիկներից է, ապրիլի 11-ի դրությամբ  վիրուսի հետևանքով ընդամենը մահվան մեկ դեպք է գրանցվել։  Դա մասամբ պայմանավորված է աշխարհագրությամբ և չափսերով. Նոր Զելանդիայի բնակչությունը՝ 5 մլն, շատ ավելի փոքր է, քան Նյու Յորքինը։ Բայց միանշանակ, առաջնորդի գործոնն էլ կարևոր է։ Երկիրն անցել է լայնածավալ թեստավորման, իսկ Արդենը  ճգնաժամին արձագանքել է պարզ, հստակ ու կարեկցանքով։

 

 

Գերմանիային հիվանդությունը ծանր հարված է հասցրել, բայց այն ունի մահացության բացառիկ ցածր ցուցանիշ՝ 1.6 տոկոս։ Սա այն պարագայում երբ օրինակ Իտալիայում մահացության ցուցանիշը 12 տոկոս է, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում՝ 10 տոկոս, Չինաստանում՝  4 տոկոս, ԱՄՆ-ում՝ 3 տոկոս։

 

Մահացության քիչ դեպքերը պայմանավորված են ագրեսիվ թեստավորմամբ, ինտենսիվ մահճակալների մեծ թվի ապահովմամբ։ Այստեղ էլ իհարկե առաջնորդի դերը շատ մեծ է։ Тhe Guardian-ը հիշատակել է թվիթերյան կես կատակ-կես լուրջ մի գրառում. «Դուք հարցնո՞ւմ եք, թե ինչու է Գերմանիայում մահվան դեպքերը քիչ, իսկ ԱՄՆ-ում՝ շա՞տ. քանի որ Գերմանիայի կանցլերը նախկինում քվանտային քիմիայի մասնագետ է եղել, իսկ ԱՄՆ-ին նախագահը՝ հաղորդավար»։ Իսկապես, Մերկելը քիմիական գիտությունների դոկտորանտ է։

 

 

Պաշտոնյաների աշխատավարձերը  20 տոկոսով նվազեցրել են

 

 

The Guardian-ը մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել էր Նոր Զելանդիայի վարչապետի՝ իր ու այլ պաշտոնյաների աշխատավարձը 20 տոկոսով նվազեցնելու նախաձեռնությանը։ Վեց ամիս շարունակ գործադիրի անդամներն ավելի քիչ աշխատավարձ կստանան՝ ի նշան սոցիալական համերաշխության, առաջնորդության կորոնավիրուսից տուժածների, ինչպես նաև առաջնագծում պայքարողների։

 

 

«Եթե Նոր Զելանդիայում որևէ պահի պետք է վերացվեր սոցիալական խմբերի միջև առկա ճեղքը, ապա այդ պահը հիմա է»,-ասել է Ջասինդա Արդերնը։

 

 

«Կանայք են ցույց  տալիս աշխարհին, թե ինչպես կառավարել մարդկային  ընտանիքը»

 

 

Իր հերթին Forbes-ը գրում է. «Փնտրում եք ճգնաժամի պայմաններում իրական առաջնորդության օրինակնե՞ր․ ահա, Իսլանդայից մինչև Թայվան,  Գերմանիայից՝  Նոր Զելանդիա, կանայք են  ցույց  տալիս աշխարհին, թե ինչպես կառավարել մարդկային  ընտանիքը։ Ավելացնենք այս երկրներին Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան։ Շատերը կասեն, որ դրանք փոքր երկրներ են, կամ կղզիներ կամ այլ բացառություններ: Բայց Գերմանիան մեծ է և առաջատար, իսկ Մեծ Բրիտանիան կղզի է և այս երկրները կորոնավիրուսի շատ տարբեր արդյունքներ ունեն։  Կորոնավիրուսին առավել լավ արձագանքել են այն երկրները, որտեղ կառավարում են կանայք։ Ի՞նչ են սովորեցնում մեզ այս երկրներ»։

 

 

CNN-ը շարունակում է՝ Նորդյան հինգ երկրներից (Շվեդիա, Նորվեգիան, Ֆինլանդիա, Դանիա և Իսլանդիա) չորսը կանայք են գլխավորում: Այդ երկրներում էլ մահացության մակարդակն ավելի ցածր է, քան եվրոպական մյուս երկրներում։  Ֆինլանդիայի վարչապետը 34-ամյա  Սաննա Մարինն է, աշխարհի ամենաերիտասարդ կին առաջնորդն է։ Նա  85 տոկոս վստահության վարկանիշ ունի։ 5.5 մլն բնակչության ունեցող երկրում մահվան 59 դեպք է գրանցվել։  Կին վարչապետեր ունեցող Դանիան, Իսլանդիան ևս ուշագրավ աշխատանք են իրականացնում կորոնովիրուսի դեմ պայքարում։

 

 

Կին առաջնորդներ ունեցող երկրների՝ համավարակի դեմ պայքարի հաջող փորձը հիշարժան է, սակայն  պետք է հաշվի առնել, որ երկրների միայն 7 տոկոսն են ղեկավարում կանայք։ CNN-ը նշում է՝ դեռ վաղ է կանխատեսումներ անել, բայց այս պահին կարելի է փաստել, որ հենց կին առաջնորդներն էին, որ սկսեցին գործել ավելի վաղ ու վճռական։ 

 

 

«Մենք ստեղծել ենք մի աշխարհ, որտեղ կանայք սեղմված են ամբողջ տարածքի ընդամենը 25%-ի՝ մեկ քառորդի վրա, ինչպես ֆիզիկական որոշումների կայացման սենյակներում, այնպես էլ այն պատմություններում, որոնք պատմում ենք մեր կյանքի մասին: Իսկ դա բավարար չէ »,-ասել է ՄԱԿ-ի Կանանց գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան՝ ավելացնելով, վաղուց ժամանակն է, որ գիտակցենք՝  աշխարհը կարիք ունի ավելի շատ կին առաջնորդների, ինչպես նաև  քաղաքականության բոլոր մակարդակներում կանանց հավասար ներկայացվածության:

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

COVID-19. կին ղեկավարները լավագու՞յնն են ճգնաժամի պայմաններում

Դիտումների քանակը` 540

Վերադառնալ վերև