Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նորանշանակ կին փոխնախարարներ, ովքե՞ր են նրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը  կարելի է  համարել ձևավորված: Նախարարների և փոխնախարարների մակարդակում նշանակումները գրեթե ավարտված են, սակայն  ստորին օղակներում և կառավարությանն առընթեր մարմիններում նշանակումներ դեռ կլինեն. կան պաշտոններ, որոնք դեռ թափուր են:

 

Ուսումնասիրելով վերջին նշանակումները կարող ենք փաստել, որ   թեև նոր կաբինետում կին նախարարները միայն երկուսն են,  փոխնախարարների շարքերում կանանց թիվը նախորդ կաբինետի համեմատությամբ  ավելացել է: Այլ հարց է , որ  կին փոխնախարարներ նշանակվել են  նախարարություններից միայն  յոթում: Ընդհանուր առմամբ, այս պահին  10 կին փոխնախարար է պաշտոնավարում, ինչը այդ պաշտոնը զբաղեցնողների թվում  16%  է կազմում: 

 

 

Կրթության և գիտության փոխնախարարներ՝ Արևիկ Անափիոսյան  և Լուսինե Առաքելյան

 

 

Կրթության և գիտության նախարարի երեք տեղակալներից երկուսը կանայք են՝ Արևիկ Անափիոսյանը  և Լուսինե Առաքելյանը:

 

 

Արևիկ Անափիոսյանը 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և ստացել մագիստրոսի կրթական աստիճան: Այնուհետ կրթությունը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցում՝ քաղաքագիտության մագիստրոս է: Ասպիրանտուրան ավարտել է ԵՊՀ-ում, ընդ որում ասպիրանտ- հետազոտող է եղել նաև Էստոնիայի  Տարտուի համալսարանի Կառավարության և քաղաքականության ինստիտուտում: Ինչ վերաբերում է աշխատանքային գործունեությանը, ապա այն իր մեջ ներառում է փորձագիտական աշխատանք՝ ԵՄ Կենտրոնում, հետազոտական՝  Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամում, դասախոսական՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2014-ից՝  Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենն է:

 


 
Լուսինե Առաքելյանը 2007թ-ին ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեության ընթացքում եղել է անգլերենի դասընթացավար, այնուհետ՝ ուսուցչուհի Գյումրու դպրոցներից մեկում, «ԱրմենՏել» ՓԲԸ-ում՝ գանձապահ-օպերատոր, «Լույս» հիմնադրամի «Լիվինգ Արտ» նախագծի համակարգող, իսկ մինչև փոխնախարար նշանակվելը նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի  Կրթական ծրագրի զարգացման և ուսումնական մասի համակարգող է եղել:

 

 

Առողջապահության նախարարի տեղակալներ՝ Անահիտ Ավանեսյան ու Լենա Նանուշյան

 

 

Առողջապահության նախարարը ևս ունի երկու կին տեղակալ՝ Անահիտ Ավանեսյանն ու Լենա Նանուշյանն են նշանակվել այդ պաշտոններում:

 

 

Անահիտ Ավանեսյանը 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը: 2003թ-ին նա մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ 2000-2001-ին, այնուհետ Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել: 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն, իսկ 2014-2015 թ-ին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն: 2017-ից Փաստաբանների պալատի անդամ է:

 

 

Լենա Նանուշյանը 1998 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որոկավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով: 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել հանրային առողջապահության մագիստր կոչումը: Աշխատանքային գործունեությունը ևս ընթացել է առողջապահական համակարգում՝ նախարարությունում, այնուհետ դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում, իսկ 2003-2012 թթ-ին եղել է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2013 – 2018 թվականի հունիսի 4-ը եղել է ՄԱԿ ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող:

 

 

Մշակույթի փոխնախարար՝ Նազենի Ղարիբյան

 

Սա այն դեպքն է, երբ նախարարի տեղակալը իր գործունեության առումով ավելի մոտ է մշակույթին, քան նախարարը: Թեև ինչպես Նազենի Ղարիբյանը հայտարարել է հարցազրույցներից մեկում՝ ինքը չի հավակնում նախարարի պաշտոնին և գոհ է այն գործունեությունից, որ կատարում է այսօր. «Ոչ։ Միանշանակ՝ ոչ։ Ես չեմ կարող կատարել այն աշխատանքը, ինչ որ ինքն է անում, իմ այսօրվա պաշտոնը իմ կուտակածի, գիտելիքի եւ կարողությունների մաքսիմալ արտահայտվելու տեղն է»,-ասել է նա:

 

 

Արվեստագիտության  դոկտոր, գրող- հրապարակախոս Նազենի Ղարիբյանը 1988 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության բաժին, արվեստի պատմության դոկտորի կոչումը ստացել է  Փարիզում Սորբոնի համալսարանի  Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում:

 

 

Մասնագիտական կենսագրությունը բաավականին  հարուստ է, այդ թվում աշխարհագրության տեսակետից՝ դասախոսել է  Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում,  Հայաստանի Գեղարվեստի պետականակադեմիայում,  ԵՊՀ-ում ,  Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Մայր աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում,  Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի, Վիտերբոյի համալսարաններում: Հետազոտական աշխատանքով է  զբաղվել  Մատենադարան   Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, որի  հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում,  Էրմիտաժում,  Մոսկվայի Ռուսական թանգարանում, Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում, Բոլոնիայի համալսարանում:  Լրագրողական մասնագիտացում  է անցել Փարիզում, աշխատել է Հայաստանի  մի շարք պարբերականներում որպես մշակութային վերլուծաբան, այդ թվում  Ազգ»,  «Կենտրոն», «Նոր ուղի»   «Մոլորակ», «Առավոտ», «Հայկական ժամանակ»  օրաթերթերում: Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսի հիմնադիր-խմբագիր է: Տիկին փոխնախարարի կենսագրությունն իսկապես տպավորիչ է:

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար՝ Զարուհի Բաթոյան

 

Նախարարության  երեք փոխնախարարներից  միայն մեկն է կին՝  Զարուհի Բաթոյանը, ով մինչ  այդ  հայտնի էր որպես հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպն և Երևանի ավագանու անդամ էր ընտրվել «Ելք» դաշինքի  համամասնական ցուցակով:  է: 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։ Աշխատանքային գործունեություն է ծավալել հասարակական ոլորտում ՝ «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն, 2014 թ-ից՝ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմադիր նախագահ:

Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, Օքսֆամ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ: 2016 թվականի հոկտեմբերից «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ  է:

 

 

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար՝ Մանե Ադամյան

 

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի երեք տեղակալներից մեկն է  կին՝  Մանե Ադամյանն է , ով  «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի շնորհիվ ավարտել է   Քեմբրիջի համալսարանի զարգացման ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագիրը և աշխատել է Կարեն Կարապետյանի հետ «Զարգացման հիմնադրամում»: Մանե Ադամյանը ծնվել է  Վանաձորում, ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ եվրոպագետ է: Աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում` որպես օմբուդսմենի արտաքին կապերի խորհրդական, այնուհետև աշխատել է  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունում` որպես ծրագրերի ղեկավար, որոնք ուղղված են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը և Հայաստանի եվրոպական օրակարգի առաջխաղացմանը:

 

 

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ՝  Իրինա Ղափլանյան

 

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել  քաղաքագետ Իրինա Ղափլանյանը:  Գիտությունների թեկնածու, դոկտոր, թեզը պաշտպանել է   Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ և նոր քաղաքական տրամախոսություն: 

 


Իրինա Ղափլանյանը  1998-1999թթ. ուսանել է ԱՄՆ-ում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում: 1999-2001թթ.՝ Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում սովորելուց հետո որոշել է փոխել ոլորտը` ընդունվելով Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտել է 2004թ-ին: 2006-ին ստացել է մագիստրոսի կոչում Լոնդոնի Դիվանագիտական Ակադեմիայում, Ուեսթմինսթրի Համալսարանում: Թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ:

 

Ինչ վերաբերում է աշխատանքային գործունեությանը, ապա 2015-2017թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի` Extension բաժնում մշակել և դասավանդել է կանանց առաջնորդության և իրավահավասարության դասընթացներ, նույն համալսարանում դասավանդել է նաև քաղաքագիտություն: 2006-2007թթ. – ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող է եղել,
2008-2009թթ. աշխատել է որպես  Ջորջթաուն Համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ,   2014-2017թթ-ին հանդիսացել է  Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ : Իրինա Ղափլանյանը   Գրին Բին էկո սրճարանների ցանցի համահիմնադիր է: Ի դեպ, WomenNet.am-ը իր «Կինը և նորարարությունը»  նախագծի շրջանակներում անդրադարձել էր Իրինա Ղափլանյանի պատմությանը :

 

 

Սպորտի և երիտասարդության փոխնախարար՝ Քրիստինե Ասատրյան

 

 

Վերջին տարիներին սպորտի նախարարությունը առաջին անգամ է, որ կին փոխնախարար է ունենում: Այս պաշտոնում նշանակվել է Քրիստինե Ասատրյանը: Վերջինս իր կրթությունը ստացել է Մոսկվայի սերվիսի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը մեկնարկել է 2007 թվականից՝ որպես «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, ինչպես նաև միջազգային անկախ փորձագետ և դասընթացավարն է եղել: Նույն գործառույթներն իրականացրել է «ՄենեջմենթՄիքս – Հայաստան» խորհրդատվական ընկերությունում: Եղել է նաև Հայաստանի Երիտասարդական Ազգային Խորհրդի ծրագրերի ղեկավար:  2011 թվականից ««ԱրմԷկտիվ» երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրենն է:
 

 

 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար՝ Ամալյա Եղոյան

 

Նշենք, որ նախորդ կաբինետի կին փոխնախարարներից իր պաշտոնը պահպանել է միայն  այս տարվա փետրվարին  նշանակված Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամալյա Եղոյանը :  Նա մինչ այդ Եղոյանը զբաղեցնում էր Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:  

 

 

 

Ո՞ր նախարարություններում կին փոխնախարարներ չկան

 

Նախարարությունների կեսից ավելիում  փոխնախարարների պաշտոններում կանայք չեն նշանակվել: ՀՀ արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների,  Սփյուռքի, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ,  Ֆինանսների նախարարություններում կին փոխնախարարներ չկան, ընդ որում նույնիսկ այն նախարարություններում, որտեղ աշխատակիցների 60-70 տոկոսը կանայք են:

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում .

 

«Մենք մի քիչ ամաչում ենք, որ կառավարության կազմում չենք կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել»…

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել նախարարի պաշտոնից… ինչու՞

Կանայք իշխանության կազմում. չարդարացված ակնկալիքները թվերով

Քաղաքական կուրությունն ինչպես որ կա…

 «Կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացների խաղաղ բնույթի գրավականն էր». Փաշինյան

  «Առանց կանանց Հայաստանի կառավարությունը ժողովրդավար չի կարող լինել և վե՛րջ»․ բաց նամակ՝ Փաշինյանին

Ազգային համաձայնության կառավարության կազմում ընդամենը երկու կին նախարար կա  

 Ն.Փաշինյան. «Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկվեն պետական կառավարման համակարգում»

«Հայաստանում ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել…»

 

 

Դիտումների քանակը` 1025

Վերադառնալ վերև