Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սպասված լուր՝ սեպտեմբերից մանկապարտեզներում կգործեն երկարօրյա խմբեր

Լավ ու երկար սպասված լուր՝ սեպտեմբերից Երևանի մանկապարտեզներում կգործեն երկարօրյա խմբեր, որոնք հնարավորություն կտան աշխատող ծնողներին այլևս գլուխ չկոտրել այն հարցի վրա, թե ինչպե՞ս երեխային մանկապարտեզից վերցնել ամենաուշը 17։30-ին, եթե քո աշխատանքային օրն ավարտվում է 18։00-ին կամ 19։00-ին:

 

Որոշումն արդեն ընդունված է. Երևանի ավագանին հանդես էր եկել այս առաջարկությամբ դեռ ամիսներ առաջ, ինչի մասին մենք գրել էինք և ահա Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը որոշում է կայացրել որպես լրացուցիչ ծառայություն մանկապարտեզներում մատուցել երկարօրյայի ծառայությունը: Womennet-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը նշեց, որ սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, որը կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ.

 

«Խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի տնօրենին երկարօրյայի համար։ Եթե երեխաների թիվը մեծ լինի, ապա կգործեն մեկից ավելի խմբեր, բայց դա արդեն տեխնիկական հարց է: Քանի որ որոշումն արդեն ընդունված է, սա նշանակում է, որ այս պահից սկսած ծնողները, որոնք ցանկանում են, որ իրենց բալիկը երկար մնա մանկապարտեզում, կարող են դիմել մանկապարտեզի տնօրենին և գրանցվել»,- ասաց նա։

 

Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-ից մինչև 19։00-ն։

Հիմնական հարցը, որ կհետաքրքրի ծնողներին (իսկ դիմողներ հաստատ շատ կլինեն) վերաբերում է սնունդին՝ երեխաներին սնունդ տրվելո՞ւ է այն հավելյալ 1-1․5 ժամվա ընթացքում, թե ոչ: Աննա Ջավախյանը նշեց, որ քանի որ նախադպրոցական հաստատությունն այդ ընթացքի համար սնունդ չի նախատեսում, ապա ծնողները կարող են երեխայի հետ չփչացող որևէ բան ուղարկել.

 

«Իրականում եթե մանկապարտեզը երկարօրյա խմբերի համար նաև սնունդ նախատեսեր, ապա այդ դեպքում պետք է աշխատեր խոհանոցը, իսկ դա հավելյալ ծախս էր լինելու՝ մի քանի հաստիք էր ավելանալու: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ ցանկության դեպքում ծնողները իրենք հոգան այդ հավելյալ 1․5 ժամվա սնունդը: Մեզ համար շատ կարևոր էր, որ այս ծառայությունը մատչելի ու հասանելի լինի բոլոր ծնողներին, և հենց այս նկատառումներով է, որ սնունդը չի ներառվել»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Ծնողները երկրարօրյայի համար նախատեսվող 5000 դրամները վճարելու են ոչ թե այն մասնագետներին, որոնք խմբերը պահելու են, այլ փոխանցելու են մանկապարտեզների հաշվեհամարներին: Բայց բոլոր մասնագետները աշխատավարձերի բարձրացում կունենան: «Մենք երկար ճանապարհ ենք անցել մինչ այս որոշումն ընդունելը, որը, համոզված ենք, շատ սպասված էր ու կգոհացնի մեր ծնողներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս որոշումը կթեթևացնի շատ ծնողների առօրյան:

 

Նշենք, որ մայիսին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ է դրել  ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել ժամը 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է: Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:

 

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը», – ասված է հիմնավորման մեջ:

 

Հետաքրքիր է, թե ի՞նչ ճակատագիր կունենա այս նախագիծը քաղաքապետարանի որոշումից հետո:

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կրկին մանկապարտեզների աշխատանքային ժամերի մասին. պատասխան քաղաքապետարանից

 

Մանկապարտեզների աշխատանքային ժամերի խնդիրը. լուծումների սպասումով

Դիտումների քանակը` 775

Վերադառնալ վերև