Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրած քաղաքացին պահանջել է նախկին կնոջը

Դանակով զինված անձն այսօր հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վրա և պատանդ է վերցրել աշխատակիցներին ու երեխաներին՝ հանդիպում պահանջելով  իր նախկին կնոջ հետ։

 

Ներկայացնելով Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած արտակարգ դեպքը՝ Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։

 

«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

 

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը մինչ երեխային պատանդ վերցնելը մանկապարտեզում դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում որպես դաստիարակչուհի և վերջինիս տատիկին, ով հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը: Երեք անձ ճանաչվել է տուժող:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ:

Դիտումների քանակը` 97

Վերադառնալ վերև