Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կնամեծարությունից մինչև կնատյացություն մի քայլ է …

Սոցիալական ցանցերում  Տաթևիկ Ռեվազյանի և նրա նորածին դստեր  հասցեին արված  նողկալի գրառումն ատելության խոսքի այն եզրակետն է, որից հետո այլևս  անդունդ է… Միթե չկան այլևս կարմիր գծեր, սրբություններ, մայր, նորածին երեխա… Միթե մայրերին մեծարող ու  երեխա պաշտող ազգի մասին պնդումներն այլևս սին են, և անձեռնմխելի թվացող արժեքներն անհետացան ատելության վիրուսի քայքայիչ ազդեցության ներքո, երբ  հանկարծ պարզվեց, որ կնամեծարությունից մինչև  կնատյացություն ընդամենը մեկ քայլ է…

 

 

Բոլորովին վերջերս ատելության խոսքի  խնդիրը բուռն քննարկումների արժանացավ   Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի  2019 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ: Այդ քննարկման մի քանի դրվագներն առավել արդիական են այսօր… Ուստի հիշեցնենք…

 

 

 Զեկույցը ներկայացնելիս  Արման Թաթոյանն արձանագրեց, որ 2019-ի մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության և արժանապատվությունը նսեմացնող խոսքի զարգացումը և որ այս արատավոր երևույթն անթույլատրելի չափերի է հասել սոցցանցերում.

 

 

«Հատկապես մեծ է ագրեսիան, որը տարածվում է կեղծ օգտատերերի և խմբերի միջոցով: Պետք է բացառել, իսպառ արմատախիլ անել արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք: Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը նվաստացնող, նսեմացնող խոսք: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա սադրում է բռնություն: Այս իրավիճակը ոչ միայն լարված է պահում մթնոլորտը երկրում, այլև վտանգավոր է, քանի որ կարող է տեղափոխվել իրական կյանք՝ հանգեցնելով նույնիսկ բռնության»,- նշեց Թաթոյանը:

 

 

«Ինձ 17 անգամ այրելու, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու… կոչ են արել»

 

 

Պատգամավորների արձագանքները չուշացան… ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ գրեթե ամեն օր ստանում է հաղորդագրություններ, որոնցում իրեն սպառնում են, վիրավորում.

 

 

«Վերջին տարիներին ես ու իմ շատ գործընկերներ խոսում էին այն մասին, որ մենք կանգնած ենք վտանգավոր ջրբաժանի առջև, որ ատելությունն ուղղակիոեն կազմաքանդում է հասարակությունը, բայց հենց այս ամբիոնից իմ բազմաթիվ գործընկերներ ասում էին՝ դե տիկին Զոհրաբյան, կարող է ձեզ չեն սիրում և դրա համար դուք ատելության գերդոզա եք տեսնում: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ինձ սիրել-չսիրելու հարց չի, խոսքը երևույթի մասին է, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, ամենաթողության հետևանք է»,- նշեց պատգամավորը:

 

Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց պատգամավորներից մեկի այն դիտարկմանը, որ այսքան իրավիճակը չէր խորանա, եթե ժամանակին պետությունն արձագանքեր: Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրեն, իր երեխային, ընտանիքի անդամներին ու անդամ մահացած հոր շիրիմը  սարքել էին թիրախ, բայց պետությունը որևէ բան չարեց: Նա համաձայն է նաև այն պնդման հետ, որ չի կարելի կանանց «սորտավորել», քանի որ ընդդիմադիր կին կամ իշխանական կին չի լինում, կինը մնում է կին:

 

«Ինձ 17 անգամ այրելու, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու, 6 անգամ էլ կախելու կոչ են արել սոցցանցերում: Ես չեմ խոսում այդ «ֆեյք» ինդուստրիայի մասին, որոնք թաքնվում են հորինված անունների տակ: Ես խոսում եմ իրական օգտատերերի մասին, բայց, կրկնում եմ, ոչինչ չարվեց ինձ պաշտպանելու համար: Իհարկե, ես չեմ կոտրվում, բոլորը գիտեն, որ ինձ կոտրել հնարավոր չէ, բայց ես երբեք չեմ մոռանա այդ բոլոր մարդկանց անունները: Բայց մենք պետք է հասկանանք, որ շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, քանի ատելության խոսքը կազմաքանդում է հասարակությունը»,- հավելեց Զոհրաբյանը:

 

 

«Կնոջ նկատմամբ ատելությունը, բռնությունը անթույլատրելի է  անկախ նրանից՝ ուղղված է ընդդիմության, թե իշխանության ներկայացուցչին»

 

 

«Իմ քայլը» խմբակցության անդամները ելույթները կառուցված էին այն մտքի շուրջ, որ ընդդիմադիր գործիչներն ավելի շատ են պաշտպանության արժանանում ՄԻՊ-ի կողմից, քան իշխանության ներկայացուցիչները:

 

 

«Իշխանության ներկայացուցիչ կանայք շատ են շեշտում, որ ոչ միայն ատելության խոսքի են արժանանում, այլ նաև կոնկրետ ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում», – ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

 

 

Արման Թաթոյանը նախ չհամաձայնեց այն մտքի հետ, թե իշխանության թիմի անդամները երբեք ՄԻՊ-ի կողմից պաշտպանության չեն արժանացել, եղել են իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների հետ կապված հայտարարություններ: «Ես երբևէ չեմ ասել, թե ընդդիմությունն առավելություն ունի իշխանության նկատմամբ: Դա իմ գործը չէ: ՄԻՊ-ի իրավասությունը ոչ բոլոր տեղերում է: Ես չեմ միջամտում քաղաքական քննարկումներին, դա իմ գործը չէ»,-նշեց նա:

 

 

Ամեն դեպքում, նկատեց, որ  անթույլատրելի է համարում կնոջ նկատմամբ ատելությունը, բռնությունը՝ անկախ նրանից՝ դա ուղղված կլինի ընդդիմության, թե իշխանության ներկայացուցչին:  «Այն դեպքերը, երբ դուք վկայակոչում եք, որ կա կնոջ նկատմամբ ատելություն, բռնություն, իհարկե, անթույլատրելի երևույթներ են: Միշտ եմ դրանց մասին խոսում, դրանք պարբերականությամբ արվող հայտարարություններ են: Կնոջ պաշտպանությունը, մարդու մասնավոր կյանքի պաշտպանությունը, անձնական կյանքի պաշտպանությունը կարևորագույն հարցեր են»,-ասաց Թաթոյանը:

 

 

 «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Քրիստինա Պողոսյանն էլ, դիմելով ՄԻ պաշտպանին, բողոքեց, թե ինչու է վերջինս երկակի ստանդարտներ կիրառում: Այն է՝ երբ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանին հիշեցրել է, որ նա ամուսնացած է, հետևապես պետք չէ իր անունն այդքան հաճախակի հնչեցնել, ՄԻՊ-ը դրան ավելի արագ է արձագանքել, քան Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև օրերս տեղի ունեցած ծեծկռտուքին: Սակայն Թաթոյանը միայն կրկնեց այն միտքը, որ նման մեղադրանքների ֆոնին ԱԺ-ում վերջին օրերի քննարկումների ժամանակ ոչ մեկ անգամ էր հնչեցրել՝ պաշտոնատար անձի հետ կապված հարցերի վերաբերյալ ՄԻՊ-ի լիազորությունների տիրույթն այլ է:  «Ինձ համար նշանակություն չունի, թե ով ում նկատմամբ առավելություն ունի, սակայն, երբ խոսքը գնում է իշխանության մասին, պաշտոնյայի մասին, ՄԻՊ-ը նրա համար չէ, որ իրականացնի այդ պաշտպանությունը: Օրենքն ասում է, որ պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին»,-հիշեցրեց նա:

 

 

 

 «Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար»

 

 

Հիշեցնենք թեմային առնչվող  Արման Թաթոյանի ևս մեկ ուշագրավ գրառում, որում  նա  անդրադառնում է  Ազգային  ժողովում հնչեցվող ատելության խոսքին՝ նշելով, որ դա օրինակ է ծառայում ողջ հասարակության համար .  

 

 

 «Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար: Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

 

 

Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:

 

 

Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար: Ուստի, այստեղ հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը: Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։ Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք» , – գրել էր Թաթոյանը:

 

 

Որտե՞ղ են «երկակի ստանդարտներ»-ը

 

 

Ինչ վերաբերում է  «երկակի ստանդարտներին», ապա դրանք  ի հայտ եկան  ողջ ծավալով, երբ  Հանրային խորհրդի նախագահ Ստեպա Սաֆարյանը ակնհայտ կնատյաց գրառում արեց իր ֆեյսբուքյան էջում ընդդիմադիր հայացքներ ունեցող կին քաղաքագետի նկատմամբ:  Օգտատերերից մեկը  դիմեց կանանց սոլիդարություն ցուցաբերել այդ հարցում, սակայն կոչն անպատասխան մնաց, ֆեյբուքը կրկին բաժանվեց ճամբարների, որոնցից մեկը՝ քննադատում էր, իսկ մյուսը՝ լուռ էր, կարծես ոչինչ չէր պատահել… Լռություն էին պահպանում նաև «Իմ քայլը» խմբակցության կին պատգամավորները՝  գերադասելով  «չնկատել»  կնատյացության  վառ օրինակ հանդիսացող  խոսքը և չարձագանքել պաշտոնյայի համար աններելի պահվածքին, չնայած ցանցերը ողողված էին  քննադատությամբ:  

 

 

Երկու  օր անց  Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին  դստեր հասցեին  անպարկեշտ ու կնատյաց գրառմամբ հանդես եկավ  ինր որ անհայտ օգտատեր, ում անունը հանրությանը ոչինչ չի ասում:  Ի տարբերություն առաջին միջադեպին,  իշխանության ներկայացուցիչները իրար հերթ չտալով քննադատեցին անթույլատրելի արարքը… Մինչդեռ, շատ  հնարավոր է, որ եթե մինչ այդ  բոլոր մակարդակներում  խիստ դատապարտվեր պաշտոնյայի կողմից  ցուցաբերած  կնատյացությունը, գուցե շարքային կամ, ինչպես պարզվեց,  ոչ այնքան շարքային   օգտատերը  չէր հանդգնի  հանդես գալ նույն տիպի կնատյաց գրառմամբ…  

 

 

«Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն»…

 

 

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանն երկու դեպքում էլ  հանդես եկավ դատապարտող հայտարարություններով,  դրանով իսկ ապացուցելով, որ «երկակի ստանդարտներ» կիրառողների թվին չի պատկանում…

 

 

«… Տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։ Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։ Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո», – գրել է Արման Թաթոյանը  և իր դիրքորոշման հետ  միասնականություն են հայտնել նաև կին ընդդիմադիր գործիչները…   

 

 

«Եթե այս սուբյեկտը կա Ձեր ընկերների ցանկում, ապա նրան հեռացրեք: Չի կարող այս տեսակը թունավորել որևէ մեկին կամ Ձեր միջավայրը: Չի կարող որևէ մեկը այսպես արտահայտվել կնոջ և մայրության նկատմամբ», – գրել է Անի Սամսոնյանը:

 

 

«Զարհուրելի է: Սա այլևս բարոյական կատաստրոֆա է` պղծել մայրությունն ու մորը: Իմ անվերապահ աջակցությունը Տաթևիկ Ռևազյանին ու առողջություն բալիկին», – գրել է իր ֆեյբուքյան էջում Նաիրա Զոհրաբյանը:

 

 

«Ու էլի շարունակում ենք ականատես լինել հերթական այլանդակ (շատ մեղմ եմ արտահայտվում) սոցիալական սանձարձակությանը, այս անգամ արդեն ոչ միայն կնոջ, այլև նորածին անմեղ երեխայի հասցեին, և այն էլ հասուն (կասկածի տեղիք է տալիս) անձի կողմից։ Ես այլևս չգիտեմ, թե ինչ խոսքերով կարելի է քննադատել բռնության կոչը, ատելության քարոզը ու դրանց համահավասար երևույթները, որոնք հանրության մեջ կուտակում են անասելի նեգատիվ։ Միակ լուծումը իրավական պատասխանատվության ենթարկելն է, անհետևանք չթողնելը։ Հանցավոր անտարբերությունն ու ազատ, առողջ խոսքի խեղաթյուրումը ծայրաստիճան վտանգավոր են բոլորիս համար», – գրել է Աննա Կոստանյանը։

 

 

«Տաթևիկ Ռեւազյանին եւ իր անմեղ նորածնին նրա ոլորտային բացթողումների ու քաղաքական հայացքների պատճառով վիրավորելը համարում եմ անթույլատրելի։ Վերջապես սովորե՜ք տարանջատել անձնականն ու գործնականը։ Սա խայտառակություն է», – գրել է Արփինե Հովհաննիսյանը ՝ մաղթելով «առողջություն   բալիկին ու Տաթևիկին»…

 

 

Մնում է փաստել,  որ այս  արձագանքները ոչնչով չեն տարբերվում իշխանության  ներկայացուցիչների  արձագանքներից…  Այնպես որ հույս կա, որ  գոնե կնատյացությունը դատապարտելու հարցում այլևս երկակի ստանդարտներ չեն լինի…

 

 

Լինա Մակարյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ատելության խոսքն անընդունելի է. երկակի ստանդարտները չեն աշխատելու

 

Կնամեծարությունից մինչև կնատյացություն մի քայլ է …

 

«Մենք բոլորս այլևս մտել ենք թշնամանքի և ատելության  ականապատ տարածք»…

 

Սեքսիզմը կուսակցություն չի ճանաչում

 

Ինչու՞ ենք միշտ կանանց մեղադրում. մտորումներ մի տեսաուղերձի շուրջ

 

Միասին բացառե՛նք սեքսիզմն ու խտրական խոսքը հանրային տիրույթում

 

«Բացարձակ մերժելի երևույթի» հետքերով. կանանց համերաշխությունն ընդդեմ սեքսիզմի

 

Դիտումների քանակը` 354

Վերադառնալ վերև