Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աշխատում ենք համերաշխ, մեկմեկու օգնելով». կանանց կոոպերատիվները մեծ արդյունք ենք տալիս

Կայացավ «Գյուղմթերքի կին հերոս-2016» ամենամյա մրցանակաբաշխությունը

 

Կանանց  միջազգային  տոնի նախօրեին ավելի քան  40 կին ֆերմերներ Հայաստանի տարբեր մարզերից և  համայնքներից ցուցադրեցին այսօր  իրենց  կողմից արտադրվող  բարձրորակ և էկոլոգիապես  գյուղմթերքների տեսականին Կոնգրեսս հյուրանոցում կայացած «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային  մրցանակաբաշխության ընթացքում: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս արարողությունը կազմակերպվել էր ՀՀ  գյուղատնտեսության  նախարարության  և Օքսֆամի  հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով:

 

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին կանանց միջազգային  տոնի առթիվ Օքսֆամի  հայաստանյան  գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը խոսեց ԵՄ աջակությամբ արդեն երրորդ տարի Օքսֆամի կողմից իրականացվող  «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային  անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության  միջոցով» ծրագրի ձեռքբերումների,  որոնց թվում է  նաեւ «  Գյուղմթերքի կին հերոս»  ամենամյա արարողությունը:

 

– Ծրագրի շրջանակներում ստեղծվել են  շուրջ  22 գյուղատնտեսական  կոոպերատիվներ, որոնք ունեն  600-ից ավելի անդամներ: Ուրախությամբ  պետք է  նշեմ, որ կոոպերատիվներից  8-ը համալրված են միայն   կանանցով եւ նրանք բավականին լավ արդյունքների են հասնում, նաեւ աշխատանքի նկատմամբ պատասխանատվության  եւ իրենց համայնքներին օգնելու   առումով: Մեր  նպատակն է ոչ միայն ստեղծել կոոպերատիվներ, այլև նպաստել  կանանց  կարողությունների զարգացմանը ու առաջընթացին, որպեսզի  նրանք  կարողանան լիարժեք  մասնակցել նաեւ իրենց համայնքների  կյանքին վերաբերող  որոշումների կայացմանը»,-ասաց Մարգարիտա Հակոբյանը:

 

Իր խոսքում ՀՀ  գյուղնախարար Սերգո Կարապետյանը նախ շնորհակալություն  հայտնեց  մրցանակաբաշխության  կազմակերպիչներին, ապա  շնորհավորեց  մասնակիցներին  կանանց  միջազգային  օրվա  կապակցությամբ:

 

– Գյուղատնտեսության  մեջ ներգրավված շուրջ 400 հազար  աշխատողների կեսից ավելին  կանայք են: Ոլորտում  այսօր մոտավորապես  220 հազար կին է աշխատում, ում ջանքերով  մենք  կարողանում ենք  տալ    բարձրորակ  գյուղարտադրանք: Եվ,   իմ կարծիքով`  հատկապես նրանց հոգատար աշխատանքով են պայմանավորված մեր հայրենական գյուղմթերքի բարձր համային եւ որակական հատկանիշները, – ասաց Սերգո Կարապետյանը:

 

Անդրադառնալով իր խոսքում նաև կոոպերատիվների դերին գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացման գործում՝ նախարարը, հատկապես ընդգծեց կանանց կոոպերատիվների կարևորությունը, որոնք ունենալով փոքր հզորություններ, մեծ արդյունք են տալիս:

 

– Կոոպերատիվային  շարժումը մեր երկրում նոր թափ է ստացել, այս պահին առկա են գործող 272 կոոպերատիվներ, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում և կարևոր է, որպեսզի այդ արդյունքը տեսանելի լինեն բոլորի համար, և նրանց փորձը կիրառելով` մյուս գյուղացիական տնտեսությունները նույնպես համոզվեն` կոոպերատիվներին անդամագրումը բերում  է եկամուտների ավելացման:

 

Միջոցառման  մասնակից  կանանց շնորհավորեց  նաև Հայաստանում ԵՄ  պատվիրակության  միջազգային  օգնության / համագործակցության  պատասխանատու Ջոն Բարքերը:

Մրցանակաբաշխության  ընթացքում գյուղատնտեսական ոլորտում աշխատող  մոտ մեկ  տասնյակ կանայք  ոլորտում  ծավալած ակտիվ գործունեության  համար արժանացան մրցանակների: Այնուհետև գյուղնախարարն ու միջոցառման  մասնակիցները ծանոթացան կին-ֆերմերների ներկայացրած գյուղմթերքների ցուցադրությանը:

 

Վայոց ձորի մարզի Ազատեկ  համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ  Նուշիկ Ջանոյանը  մի քանի կանանց հետ միասին  ցուցադրում էին  իրենց  կողմից  պատրաստած հայկական ավանդական կերակրատեսակների հարուստ տեսականին: WomenNet-ի հետ զրույցում պատմեց իրենց կոոպերատիվի շրջանակներում գործող ջերմոցային տնտեսության մասին, որտեղ 11 կին է աշխատում: «Աշխատում ենք  համերաշխ,  մեկմեկու օգնելով: Գոհ ենք, որ պարապությունից  չենք  հորանջում: Ճիշտ է,  հողի հետ աշխատանքը դժվար է, սակայն  բերքահավաքից  հետո, հատկապես երբ սրտովդ է, էլ ով է  հիշում դժվարությունները», ասում է Նուշիկը:

 

«Հերմոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Նաիրա Մնացականյանը պատմեց իրենց  2011-ից գործող ջերմոցային տնտեսության նշանակալի նվաճումների մասին:   Կոոպերատիվին անդամակցող 30 փախստական կանայք ոչ միայն աշխատատեղերով են ապահովված, և նրանց ընտանիքների կենսամակարդակն է բարելավվել, այլև հնարավորություն են ստացել համախմբելու իրենց ջանքերը համայնքի համար ընդհանուր խնդիրներ լուծելու համար: Աճեցնելով առավել կենսունակ և դիմացկուն ոչ ավանդական մշակաբույսեր՝ բրոկոլի, կոլրաբի, բրյուսելյան կաղամբ, չերրի լոլիկ և չիլի պղպեղ՝ նրանք մեծ ներդրում ունեն համայնքի զարգացման գործում:  նաիրա Մնացականյանի խոսքով, իրենց կոոպերատիվն ամբողջ համայնքի բարեկեցության գրավականն է:

 

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի ցուցադրակն  սեղանն աչքի է  ընկնում իր առատությամբ: «Չրեղենն ու քաղցրավենիքը,  փոխինդն ու հալվան, կանաչեղենն ու  գինին Լճկաձորի բրենդն են»,- ասում է «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային  մրցանակաբաշխության մրցանակի  արժանացած Աստղիկ Մարտիրոսյանը:

 

Տավուշի մարզի Խաշթառակ  համայնքի աշխատասեր  ամուսիններն իրենց ջերմոցում աճեցրած տեսականին ու ընդեղենն առաջարկում էին այցելուներին, իսկ  իրենց  ձեռքով  պատրաստած տանձի, խնձորի, սալորի ու ծիրանի  տնական  օղիները պարզապես բերել են  միջոցառման  մասնակիցներին  նվիրելու: «Ցուցահանդես է, վաճառելս ո±րն է, հյուրասիրվեք որքան ուզում եք, այստեղ  չեք  խմի, ոչինչ,  տարեք ձեր տանը կխմեք», –  ասում է  ժպտադեմ Հովհաննեսը: Անցյալ  տարի Օքսֆամը օգնել է հողագործ ամուսիններին լոլիկի սածիլներով, այս  տարի հույս ունեն, որ եղածին  կավելանան  նաև  վարունգի սածիլները:

Օքսֆամի միջոցառումներին ավանդաբար մասնակցում են նաեւ  սիրիահայեր: Սիրիահայ ամուսինների Յոլանդ և Րաֆֆի Ռշտունիները ցուցահանդեսների   մշտական  մասնակիցներն են: Այս անգամ  Յոլանդի ներկայացրած քաղցրավենիքն  իր տեսքով անչափ  գեղեցիկ է և  գունեղ: «Մենք  միշտ մասնակցում ենք  այսպիսի միջոցառումների,  ինչի արդյունքում  մեզ  արդեն  շատերն են  ճանաչում, արդյունքում ավելանում է  նաև  քաղցրավենիքի տեսականին, եկամուտը` նույնպես: Սակայն  ամուսնունս հետ որոշել ենք  այսուհետև ներկայացնել Հալեպի ճաշատեսակները: Մեր երազանքն է ունենալ թեկուզ փոքր,  բայց  մեր սեփական  խանութը, գիտեմ, որ  պետք է  կրկնապատկենք  մեր ջանքերը, բայց, դե, ոչինչ, մենք աշխատանքից չենք  հոգնում»,-ասում է Յոլանդը:

 

Միջոցառմանը իրենց  գեղարվեստական  կատարումներով հանդես եկան Պատանեկության ստեղծագործական կենտրոնի «Ծիծեռնակ» պարի թատրոնը և «Նոստալգիա»  պարային  համույթը:

 

Մթերքներով առատ  սեղանների մոտ միջոցառման  մասնակիցները համտեսում էին  հայկական  հող ու ջրով սնված, հայ  հողագործի ստեղծած  բերքն ու բարիքը, մաղթելով  նրանց ուժ ու կորով: «Ուրախ եմ, որ մասնակցում եմ նման  միջոցառման, որ հողի վրա աշխատելուց գոնե  մի պահ մեջքս  կտրում եմ ու  մարդամեջ  դուրս գալիս»,-ասաց առաջին անգամ երևանյան միջոցառմանը մասնակցող Հաղթանակ  գյուղի հողագործ կանանցից  մեկը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2375

Վերադառնալ վերև