Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են արվել՝ ի օգուտ երեխա ունեցող  աշխատողների 

Ազգային ժողովը ապրիլի 29-ին ընդունեց Աշխատանքային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք  պայմանավորված են  գործատու-աշխատող փոխհարաբերություններում արտակարգ դրություն հետ կապված մի շարք հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

 

 

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի ներկայացմամբ, Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են որոշ պարզաբանումներ եւ սահմանումներ, որոնք կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Նախաձեռնությամբ սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաեւ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը:

 

 

Բացի այդ՝ առաջարկվում է հստակեցնել այն դեպքերը, որոնց պարագայում, անհաղթահարելի ուժով պայմանավորված, գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար: Օրինակ, դա կարող է լինել այն դեպքում, երբ Պարետի կողմից ժամանակավոր սահմանափակվում է որոշակի ոլորտների գործունեությունը:

 

 

Օրինագծով  ս.թ. մարտի 16-ից հետո ոչ աշխատողի մեղքով պարապուրդի դեպքում վճարվում է միջին ժամային աշխատավարձի առնվազն 2/3-ը,  իսկ  գործատուի ցանկության դեպքում վճարը  կարող է լինել նաև ավելին: Այս կարգավորումը կարող է նաև ունենալ հետադարձ ուժ:

 

 

Գործատուի համար նախատեսվում է պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքները:

 

 

Լուծումներ աշխատող ծնողների համար՝  մանկապարտեզները չվերաբացվելու  դեպքում

 

 

Oրինագիծը մի շարք լուծումներ է առաջարկում մինչև 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատանքի չներկայացած ծնորղների համար:  Մասնավորապես, գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ:

 

Նախատեսվում է, որ մինչեւ ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքից երկու ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը վճարել ամբողջությամբ, իսկ երկու ժամից ավել ուշանալու դեպքում, ինչպես նաև ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակի կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

 

 

Նշենք, որ այս կարգավորումը կարող է մասնակիորեն լուծել մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների խնդիրը, որոնք լուրջ խնդիրներ կունենան աշախատանքի և երեխաների խնամքի համատեղման  հարցում, քանի որ նախնական տեղեկատվությամբ մանկապարտեզները և ուսումնական հաստատությունները կարող է  չվերսկսեն իրենց աշխատանքը  նույնիսկ արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո:   Բացի օրենսդրական վերընշված լուծումից կպահանջվեն նաև այլ լուծումներ, որոնք դեռ քննարկման փուլում են գտնվում: Լուծումների թվում  դիտարկվում է դայակների ինստիտուտի վերագործակումը: Սակայն ակնհայտ է, որ դայակների ծառայություններից կկարողանան օգտվել շատ սահմանափակ թվով  ծնողներ:

 

 

Վերադառնալով, Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, նշենք, որ հարակից զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց  հանձնաժողովի դրական եզրակացությունը  և օրինագծի հետ կապված որոշ պարզաբանումներ,  այդ թվում աշխատանքային օրենսդրությունը  վերահսկող մարմնի  վերաբերյալ:

 

 

Վերահսկողության հետ կապված լուծումները բավարար չեն

 

 

Քննարկամն ևնթացքում  օրենսդիրները, վկայակոչելով օրենսգրքի համապատասխան դրույթները, բարձրաձայնեցին  են աշխատողների իրավունքների պաշտպանությանը, գործատուների կողմից նրանց իրավունքների խախտման դեպքերին, արտակարգ դրության պայմաններում պետության կողմից ձեռնարկվող քայլերին, Առողջապահության տեսչական մարմնին որոշակի լիազորություններ օժտելու նպատակահարմարությանը վերաբերող խնդիրներ:

 

 

Նշենք, որ նախագծով հավելյալ լիազորություններ են սահմանվում նաև տեսչական մարմնին. Այսպես՝ համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման ժամանակահատվածում տեսչական մարմինը կարող է իրականացնել գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

 

 

Սակայն  փոխխոսնակ  Լենա Նազարյանը  նախագծի քննարկման ընթացքում իր ելույթում   մատնանշեց  աշխատանքային իրավուննքների պաշտպանության և  այդ ուղղությամբ վերահսկողության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց մասին գրել է նաև  իր ֆեյսբուքյան էջում:

 

 

«Արտակարգ դրության ժամանակ տեսնում ենք, թե ինչպես են խախտվում աշխատանքային իրավունքները։ Մասնավորապես, որոշ սրճարանատերեր ստիպել են աշխատողներին որպես սոցիալական աջակցություն ստացած փողը կիսել իրենց հետ։ Արարատցեմենտ ընկերությունը միանգամից 8 աշխատակցի պայմանագրերը հրաժարվել է երկարացնել այնպիսի պայմաններում, երբ նրանք չեն կարող առայժմ ոչ մի այլ տեղ գտնել աշխատանք։ Ահազանգում են Երեւան Սիթիի աշխատակիցները։ Մի քանի օր առաջ Գլորիա կարի արտադրամասի աշխատողներին էին հանել փողոց՝ ցույց անելու։

 

 

Քանի որ կառավարությունը ԱԺ է բերել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ես առաջարկում եմ, որ ստեղծվի աշխատանքային իրավունքների ոտնահարումների ահազանգման համակարգ, որի միջոցով քաղաքացիները կարողանան հրատապ, շատ մատչելի ձեւով ահազանգել իրենց խախտված աշխատանքային իրավունքների մասին։

 

 

 

Այս գործառույթը, ըստ տվյալ նախագծի, արտակարգ դրության պայմաններում պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Այն պետք է ահազանգի հիման վրա վարույթ հարուցի եւ խախտումների առկայության դեպքում պատասխանատվության կանչի։ Սակայն խնդիրը նրանում է, որ տեսչական մարմինն ամբողջությամբ վերազինվելու է 2021-ի ամռանը միայն։

 

 

Այսօր ահազանգման համակարգ չկա՝ բացի թեժ գծից եւ նամակներով դիմումներից, ինչն այս ծավալի խախտումներին արձագանքելու համար բավարար չեմ համարում։ Առաջիկայում պատրաստվում եմ խոսել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ՝ քննարկելու նմանատիպ ահազանգման համակարգի ներդրման հնարավորությունները», –  նշել  է   Նազարյանը : 

 

 

Հիշեցնենք,   որ աշխատանքային օրենսդրության իրականացման  վերբերյալ ոչ բավարար վերահսկողության, իրավունքների պաշտպանության արտադատարանական հնարավորությունների բացակայության  հետ կապված բացերի հարցը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել  է    փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից,  սակայն  պատշաճ լուծումներ  այնպես էլ  չեն գտնվում  երկար տարիների ընթացքում: Եվ  այսօր  արտակարգ իրավիճակում  արձանագրվող  խնդիրները նշված բացերի անմիջական  արդյունքն են: 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 457

Վերադառնալ վերև