Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աշխատանքային իրավունքների խախտումները պետության կողմից լիարժեք կերպով չեն վերահսկվում» 

Հավելյալ աշխատաժամեր, չգրանցված աշխատողներ, ակնհայտ խտրական  բնույթի աշխատանքային հայտարարություններ, չվճարվող աշխատավարձեր … Չենք կարող չհիշատակել նաև խտրականությունը հատկապես  կանանց նկատմամբ , որը շատերի համար աննկատ է մնում:  Հայաստանի աշխատանքի շուկան  շատ խնդիրներ ունի, սակայն, պարզվում է, բավականին քիչ մեխանիզմներ կան դրանք կարգավորելու համար: Ավելին՝ Աշխատանքի տեսչության վերացումից հետո  Հայաստանում, ըստ էության, չկա  աշխատանքային օրենսդրության  վերահսկողությամբ  զբաղվող պետական որեւէ մարմին, ինչը բավականին  դժվարեցնում է իրավիճակը, եթե  աշխատող քաղաքացին  աջակցության կարիք ունի: Այս և այլ խնդիրների շուրջ WomenNet.am-ը զրուցում է  ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ:

 

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի աշխատաշուկայում, արդյոք դիմումներ ստանում եք քաղաքացիներից աշխատավայրում խտրականության  դրսևորումների վերաբերյալ:

-Մենք դիմումներ ստանում ենք աշխատավայրում թե՛ խտրականության, թե՛ այլ խնդիրների վերաբերյալ, սակայն քանի որ պետական իրավասու մարմին չկա, որ պատասխանատու է այդ ամենի համար, մեր իրավասությունները շատ սահմանափակ են: Մեզ կարող են դիմել անձիք, եթե պետական մարմինների, պաշտոնատար անձանց դեմ բողոքներ ունեն, ինչպես նաև որոշ տեսակի կազմակերպությունների դեմ՝ հանրային ծառայություններ մատուցող կամ պետության կողմից պատվիրակված լիազորություններ են կատարում:

 

Այսինքն, մասնավոր հատվածի աշխատողների նկատմամբ խտրական վերաբերմունքի դիմումները չե՞ք քննում:

-Այո: Եթե քաղաքացին աշխատում է, օրինակ, բանկում, որտեղ աշխատանքային վեճ կամ այլ խնդիր ունի, մենք ցավոք չենք կարող այդ գործը քննել, որովհետև պետք է լիներ պետական մարմին, որը կկարողանար այն քննել կամ դատարանը:

 

-Ստացվում է, որ մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիներն անպաշտպան են:

-Անպաշտպան են այնքանով, որքանով պետական մարմինը, որը պետք է վերահսկի ամբողջ դաշտը այլևս չկա: Հայաստանն ուներ Աշխատանքի պետական տեսչություն, որը 2014 թվականին միացվեց Առողջապահության նախարարության տեսչություններից մեկին և կորցրեց իր լիազորությունները: Այսինքն այսօր Աշխատանքի տեսչություն մենք չունենք, իսկ կառույցը, որը դրա փոխարեն  որոշ չափով իրականացնում է գործառույթները, շատ սահմանափակ է դրանցում և կարող է վերահսկել միայն աշխատավայրում  առողջության պահպանման հետ կապված խնդիրները: Ունենք Սանիտարական պայմանները վերահսկող տեսչություն և այլ տեսչություններ, սակայն չկա աշխատանքի ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմին, որը մինչև դատարան հասնելը կամ դատարանի փոխարեն կարող է որոշակի վեճեր լուծել: Բայց սա, իհարկե, չի խոչընդոտում, որպեսզի քաղաքացիները խնդիրների առկայության դեպքում այնումենայնիվ դիմեն ՄԻՊ գրասենյակ, որովհետև մենք նաև իրավունքներ պաշտպանելու  իրավասություններ ունենք և շատ ենք ստանում դիմումներ հենց խտրականության դեպքերի և աշխատավայրում այլ խնդիրների վերաբերյալ:

 

Որո՞նք են հիմնական դեպքերը, որ քաղաքացուն բերում են ՄԻՊ գրասենյակ:

-Մենք ունեցել ենք դեպքեր, երբ կինը ցանկացել է մայրության արձակուրդ վերցնել՝ երեխայի խնամքի համար, սակայն կանգնած է եղել աշխատանքը կորցնելու խնդրի առաջ. սա խտրականության տեսակ է, քանի որ տղամարդկանց դեպքում այդ խնդիրը չկա, իսկ կանանց դեպքում չթույլատրել վերցնել այդ արձակուրդը կամ հավելյալ խոչընդոտներ ստեղծել դրա համար արդեն իսկ խտրականության դրսևորում է: Կան դեպքեր, երբ քաղաքացիները մեզ դիմում են աշխատանքային հայտարարությունների հետ կապված՝ շատ են այնպիսի հայտարարություններ, որտեղ հատուկ շեշտվում է պահանջը ապագա աշխատողի համար՝ բարետես արտաքին, մինչև 35 տարեկան կին և այլն: Կամ՝ շատ դեպքերում հատուկ շեշտվում է, որ գործատուն միայն տղամարդ-աշխատող է փնտրում, քանզի այդ աշխատանքը, ըստ նրա, կնոջը հարիր չէ: Օրինակ՝ վարորդ-առաքիչի կամ ցանկացած այլ աշխատանք, որը մեր հասարակությունում ընդունված է, որ տղամարդը պետք է կատարի: Այսինքն՝ առաջնահերթությունը տրվում է աշխատողի սեռին, այլ ոչ թե իր ունեցած կարողություններին կամ գիտելիքներին և ստացվում է, որ կանայք միանգամից մրցակցությունից դուրս են հայտնվում:

 

-Աշխատաշուկայի մասին հետազոտությունները վկայում են, որ գոյություն ունի նաև այնպիսի խտրական իրավիճակ, երբ նույն աշխատանքի համար կինն ու տղամարդը տարբեր վարձատրություն են ստանում, թեև կարողությունների առումով կանայք տղամարդկանց ամենևին էլ չեն զիջում: Սա բնորոշ է նաև Հայաստանին: Նմանատիպ դիմումներ ունենո՞ւմ եք:

-Նման դիմումներ չենք ունեցել՝ հաշվի առնելով մեր գործառույթների և լիազորությունների սահմանափակումը: Բայց հետազոտությունները իսկապես վկայում են այն մասին, որ կանայք շատ ոլորտներում շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, ինչը նշանակում է, որ առհասարակ կնոջ իրավունքները աշխատանքային ոլորտում որոշակի սահմանափակումների են բախվում: Օրենսդրորեն հարցը, կարծես թե, կարգավորված է՝ Աշխատանքային օրենսգիրքը հավասարապես տարածում է իր բոլոր կարգավորումները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ, պահանջելով հավասար սկզբունքների կիրառում: Այնպես որ սա ավելի շատ իրավակիրառման պրակտիկայի խնդիր է: Նման դեպքերը վերհանելու համար պետք է գոյություն  ունենա  հատուկ պետական մարմին, որն էլ կվերահսկի աշխատանքային իրավունքների իրացման ողջ դաշտը՝ այդ թվում և աշխատավարձերը: Շատ դեպքերում աշխատողը չգիտի, թե իր գործընկերը որքան աշխատավարձ է ստանում, որ կարողանա համեմատություն անել, և այստեղ է, որ առաջ է գալիս այն պարզ ճշմարտությունը, որ հույսը չի կարելի դնել նրա վրա, որ քաղաքացին այդ մասին կիմանա ու կբողոքի: Պետական մարմին պետք է լինի, որը պետք է ամեն ինչ անի նման իրավիճակներն ու դեպքերը  կանխելու համար:

 

-Քանի որ նշվեց հայտարարությունների մասին՝ արդյոք ՄԻՊ-ին դիմում են կանայք, որոնք որպես դրանց շարունակություն աշխատավայրում ենթարկվել են նաև սեռական ոտնձգության:

-Այդ գործերը քննող իրավասու մարմինը մենք չենք, հետևաբար առաջին հերթին քաղաքացին, նման խնդրի դեպքում, մեզ չի դիմում: Բայց եթե անձիք ունենան բողոքներ, օրինակ, իրավապահների աշխատանքից, այդ դեպքում կարող են դիմել մեզ: Բայց նման դեպքերում խնդրով զբաղվող առաջին օղակը մենք չենք:

 

-Ինչպիսի՞ն է վիճակագրությունը՝ աշխատավայրում խնդիրների դեպքում ավելի շատ բարձրաձայնում են կանայք, թե տղամարդիկ: Կարո՞ղ ենք ասել, որ վերջին տարիներին մարդիկ սկսել են բարձրաձայնել իրենց խնդիրները՝ դիմելով ՄԻՊ գրասենյակ կամ իրավապահներին:

-Կարելի է ասել հավասարապես, որովհետև մեզ դիմում են հիմնականում աշխատավայրում ղեկավարության լիազորությունների չարաշահման դեպքում: Օրինակ, թոշակի տարիքի անձանց հետ խնդիրներ առաջացնելու կամ աշխատավարձի փոխանցման հետ կապված խնդիրների ժամանակ: Բոլոր ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մեր հասարակությունը սկսել է բարձրաձայնել իր խնդիրները և ավելի շատ հետամուտ լինել սեփական իրավունքների պաշտպանությանը: Սա շատ մեծ առաջընթաց է և, կարծում եմ, դատական պրակտիկան էլ այս առումով մի փոքր առաջընթաց է գրանցում, որովհետև մենք շատ ենք տեսնում աշխատանքային վեճեր, որոնք դատարանը վճռում է հօգուտ աշխատողի: Իսկ այս պրակտիկան արդեն կստիպի գործատուներին ավելի պատասխանատու մոտենալ իր աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցին:

 

-Բացի օրինական աշխատաշուկայից Հայաստանում ծաղկում է նաև ստվերայինը: Որքանո՞վ կարող է ստվերային աշխատողը, խտրական վերաբերմունքի կամ այլ խնդիրների դեպքում, պաշտպանել իր շահերը:

-Ստվերային աշխատանքը հատկապես տարածված է կանանց շրջանում, որովհետև եթե դու գրանցված աշխատող ես, ապա մայրության դեպքում օգտվում ես, օրինակ, արտոնություններից, արձակուրդից, երեխայի կերակրման համար օրենքով նախատեսված հավելյալ ժամանակից և այլն: Շատ գործատուներ նախընտրում են չգրանցել կին աշխատողներին, որպեսզի հետագայում չունենան նման խնդիրներ, որովհետև նույն օրենքը նաև արգելում է կնոջն ազատել աշխատանքից հղիության կամ հետծննդյան շրջանում: Ստվերային աշխատաշուկայում խնդիրները շատ են և մենք նմանատիպ դիմումներ ունեցել ենք, բայց սրանք շատ բարդ գործեր են և երբեմն հնարավոր է, որ դատարան դիմելն էլ չերաշխավորի դրական լուծում, քանի որ եթե աշխատողը գրանցված չէ, ապաև, ըստ էության, գործատուն որևէ պատասխանատվություն չի կրում: Այլ կերպ ասած, աշխատողը ինքն իր կամքով է գնացել այդ քայլին, իմանալով հետևանքները և հասկանալով, որ չի կարող օգտվել օրինական երաշխիքներից: Այնպես որ մենք միշտ հորդորում ենք քաղաքացիներին գրանցվել, որպեսզի օրենքով նախատեսված  բոլոր երաշխիքները հասանելի լինեն:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 379

Վերադառնալ վերև