Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես ուշ  գիտակցեցի, որ   իմ աշխատանքային  իրավունքը խախտվել է»

Կենսաթոշակառու Լյուդմիլա Ավագյանը ժամանակին այն բազմաթիվ աշխատողներից է եղել, որոնց պաշտոնական վիճակագրությունը որակում է  ստվերային կամ ոչ ֆորմալ, այդ փաստից  բխող բոլոր հետևանքներով: Դրա մասին է վկայում  WomenNet.am-ի հետ զրույցում իր կողմից ներկայացված պատմությունը:

 

 

 Իր   աշխատանքային կենսագրությունը նա սկսել է Երևանի Երիտասարդական  պալատում, այնուհետև աշխատել է Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանում / ներկայիս Նաիրիտ գործարանը/: Հետագայում աշխատել է տարբեր կազմակերպություններում, սակայն առանց  գրանցման ու աշխատանքային  գրքույկի: Կարժ ժամանակով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, այնտեղ աշխատելու նպատակով, որտեղ էլ  կորցրել է աշխատանքային  փաստաթղթերը: Վերադառնալով Հայաստան Լյուդմիլան 2005 թ. հունվարի 1-ից  աշխատանքի է  ընդունվել «Դերժավա- Ս» ՓԲԸ-ում որպես  հավաքարար, իսկ 2017 թ. հուլիսի 1-ին  իր  դիմումի  համաձայն ազատվել է աշխատանքից:

 

 

Աշխատել եմ  կազմակերպության  բենզալցակայանում և մեքենաների  լվացման  կայանում որպես  հավաքարար,  9:00-ից մինչև 17:00-ը, առանց  հանգստյան  օրերի, աշխատել եմ նույնիսկ ամանորի  օրերին: Շեֆս ասում էր, որ ինձ արձակուրդ  չի  հասնում,  պատճառաբանելով, թե ո ՞նց  կլինի, որ բենզալցակայանն ու մոյկան ամեն  օր չմաքրվի: Սուս ու փուս աշխատում էի, թեև մյուս  հավաքարարներն ամեն  տարի օգտվել են  արձակուրդից, անգամ գումար են ստացել: Երբ  մի անգամ  դիմեցի  կադրերի  բաժին, պատասխանեցին, թե արձակուրդն, այո, ձևակերպվում է,  բայց ես  պետք է շարունակեմ աշխատել առանց  գումարի: Ճիշտն ասած, անտեղյակ էի  օրենքներին,  չգիտեի, որ  դա  աշխատանքային  իրավունքի  խախտում է:  «Դերժավա Ս» -ում աշխատած տարիներին  միայն  20 օր եմ  բացակայել՝ այն էլ վիրահատության  պատճառով, ցանկացել եմ բյուլետեն  ներկայացնել, ասել են , որ դրա  կարիքը  չկա, և այդ  20 օրերի  համար  ինձ   որպես  օգնություն  վճարել են  20 հազար դրամ, – պատմում է Լյուդմիլա Ավագյանը, ավելացնելով, որ  թեև «Դերժավա Ս» -ում աշխատանքի է անցել 2004 թ. սեպտեմբերից, սակայն աշխատանքային  գրքույկում գրանցել են 2005թ. հունվար ամսից, արդյունքում նա  կորցրել է  ևս  չորս ամսվա աշխատանքային  ստաժ:

 

 

Այժմ, թոշակի անցնելու  կապակցությամբ Լյուդմիլան իր աշխատանքային կորցրած տարիների պատճառով բախվել է բազմաթիվ խնդիրների: Այսօր նա ստանում է  30 հազար դրամ  թոշակ, որն, ըստ իրեն, շատ քիչ է իր աշխատած տարիների համար, ուստի դիմել է ՀՀ աշխատանքի  և սոցիալական  հարցերի  նախարարությանը   թոշակի չափը  վերանայելու համար: «Դերժավա Ս» ՓԲԸ-ի  կողմից Լյուդմիլայի  հանդեպ  իրականացված  խախտումը չի սահմանափակվել միայն  Լ.Ավագյանին հասանելիք արձակուրդից  օգտվելու  իրավունքից զրկելով,  կազմակերպությունը աշխատանքից ազատելիս նրան  չի վճարել դրամական  հատուցում նաև 12,5 տարվա չօգտագործած արձակուրդի համար:

 

 

-Մի օր տանը  լսում էի  իրավական  թեմայով  « Սպառողի ժամ»  ռադիոհաղորդումը, որի ընթացքում  խոսվում էր աշխատողների խախտված  իրավունքների և  դրանց  վերականգնման ուղիների մասին: Հաղորդման  զրուցակիցը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  աշխատակազմի  իրավական  բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն էր: Նա  խորհուրդ տվեց անվճար իրավաբանական  խորհրդատվություն ստանալու  համար դիմել  իրենց  բաժնին  և  հայտնեց  հեռախոսահամար,պատմում է Լյուդմիլան:

 

 

Լ.Ավագյանը որոշում է  օգտվել  ընձեռած  հնարավորությունից  և նամակով դիմում է    ՀԱՄԿ-ի  նախագահ Է. Թումասյանին՝ իր ամենամյա արձակուրդի  չօգտագործված  օրերի գումարը ստանալու խնդրանքով,  միաժամանակ  նշելով, որ կազմակերպության  հաշվապահությունը  չի ձևակերպել  օրենքով  իր օրինական արձակուրդը, և ստացվում է, որ ըստ էության Լ. Ավագյանը «Դերժավա Ս» ՓԲԸ-ում աշխատած 12,5 տարիների ընթացքում եղել է  ստվեային  աշխատող:

 

 

ՀԱՄԿ-ի իրավաբանական  բաժինը հիմք  ընդունելով Լ.Ավագյանի դիմումը, դիմեց  կազմակերպության տնօրեն Հովակիմյանին խնդրելով հնարավորինս սեղմ  ժամկետներում տրամադրել  Լ.Ավագյանին  վերոհիշյալ  աշխատած  տարիների համար ամենամյա արձակուրդ  տալու փաստը հաստատող  փաստաթղթերի կրկնօրինակները: «Դերժավա Ս» ՓԲԸ-ից առ այսօր հրաժարվել են  պատասխանել ՀԱՄԿ-ի  դիմումին, մինչդեռ դրանոում մատնանշված ՀՀ ԱՕ  170-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ «Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական  հատուցումը  վճարվում է աշխատանքային  պայմանագիրը  լուծելիս: Հատուցման  չափը որոշվում է  տվյալ  ժամանակահատվածի  համար  տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի  չօգտագործված  օրերի քանակով; Հատուցումը  վճարվում է  չօգտագործված    բոլոր արձակուրդների  համար»:

 

 

ՀԱՄԿ-ի  իրավաբանական  բաժնի ղեկավար Մ. Փիլիպոսյանը  խորհուրդ  տվեց  Լ.Ավագյանին խնդիրը կարգավորել դատարանի  միջոցով:  Բայց քանի որ  Լ.Ավագյանը տարիներ  շարունակ եղել  է  օրավարձով աշխատող և իրեն  հասանելիք 80 հազար դրամը ստացել է առձեռն, ուստի նա  կարող է  պահանջել, որպեսզի իրեն  հասանելիք արձակուրդային  գումարը հաշվառվի և վճարվի թեկուզ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի՝ 55 հազար դրամի  չափով:  Միաժամանակ ՀԱՄԿ-ի  իրավաբանական  բաժնում  Լ.Ավագյանին օգնեցին նաև ճիշտ ձևակերեպելու ՀՀ  պետական եկամուտների կոմիտեին  հասցեագրված  դիմումը,  խորհուրդ  տվեցին   դատարան դիմելուց առաջ դիմել  նաև, քանի որ  գործող  օրենսդրությամբ  չվճարված վարձավճարների հարցերով զբաղվում է ՊԵԿ-ը:

 

 

Թեև Լ. Ավագյանը  համոզված չի, թե  օրենքը կվերականգնի  իր խախտված  իրավունքը, այնուհանդերձ պատրաստվում է դիմել դատարան: ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի անշահախնդիր  աջակցությունը հուսադրել է նրան, որ իր աշխատանքային  իրավունքը  այնուամենայնիվ հնարավոր է վերականգնել:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 311

Վերադառնալ վերև