Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լենա Նազարյան. «Փոխհատուցման չափն ու կարգն այնպիսին չեն, որ  խրախուսեն ծնողին վերադառնալ աշխատանքի»

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր մտահոգությունները «դայակ պետության հաշվին»  ծրագրի առնչությամբ բարձրաձայնել  էր դեռ անցյալ տարի , երբ Ազգային ժողովում քննարկվում էին Զբաղվածության մասին ՀՀ օրենքում  լրացումները : Այն ժամանակ նա կարծիք էր հայտնել, որ ծրագիրը չի կարող արդյունավետ  լինել ու ծառայել այն գաղափարին, որը դրված է  նրա  հիմքում: WomenNet.am-ի հետ զրույցում տիկին Նազարյանը նշեց, որ  ծանոթանալով  վերջերս հրապարակված ծրագրի իրականացման կարգին կարող է  փաստել,   որ խնդիրները մնացել են, հետևաբար իր  կարծիքը չի փոխվել՝ ծրագրի արդյունավետությունը խիստ հարցական է :

 

«Ցավոք,   կարծիքս չի փոխվել, քանի որ կարծում եմ, որ պետության կողմից դայակի աշխատավարձի փոխհատուցման չափն ու կարգն այնպիսին չեն, որ  խրախուսեն ծնողին վերադառնալ աշխատանքի: Պետությունն առաջարկում է վճարել դայակի ամսական վարձավճարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ըստ այդմ, աջակցության չափն առավելագույնը 55.000 դրամ է լինելու: Հիմա, եթե, ըստ կարգի, ծրագրի շահառու լինելու պայմաններից մեկն էլ այն է, որ ծնողի ամսական միջին աշխատավարձը չպետք է գերազանցի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ ՀՀ-ում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը (հարկելուց հետո  մոտ 140.000 դրամ- խմբ.), ստացվում է, որ ծնողն այդ գումարի մի մասը դայակին վճարելուց հետո այնքան էլ շահեկան վիճակում չի գտնվի, որ մտածի աշխատանքի  վերադառնալու ու  ծրագրից օգտվելու մասին »,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ,  ցածր աշխատավարձ ստացողի համար  դայակ վարձելը կամ վճարովի նախադպրոցական  հիմնարկից օգտվելը  նպատակահարմար չէ, ու այդ կատեգորիայի ծնողները ավելի շատ անվճար մսուրների կարիք ունեն:  

 

Պատգամավորը առանձնացրեց նաև առաջնահերթությունների այն ցանկը, որոնք ներառվել են ծրագրում: Նախ Լենա Նազարյանը նշեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու են ծրագրով շահառու ամրագրվում միայն կանայք: Ըստ նրա՝ կարգի մեջ գործածվում է մայրեր բառը, մինչդեռ ծրագրի շահառու կարող են լինել նաև հայրերը, օրինական խնամակալները: Այսինքնբ,  ներկայացված կարգն, ըստ էության,   հայրերի դեկրետային արձակուրդ գնալու հնարավորությունը  հաշվի չի առել ու փաստացի անտեսել է անգամ դրա հավանականությունը Հայաստանում: Մինչդեռ ոչ միայն եվրոպական , այլև հետխորհրդային երկրներում կա վիճակագրություն, երբ երեխայի խնամքի արձակուրդ է վերցնում ոչ թե մայրը, այլ հայրը: Ու թեպետ  Շվեդիայում դեկրետ է գնում տղամարդկանց 75 տոկոսը, եվրոպական այլ երկրներում այդ թիվը նույնպես բարձր է՝ ավելի քան 50 տոկոս, ապա Բելառուսում երեխայի խնամքի արձակուրդից օգտվում է   հայրերի 1 տոկոսը, իսկ Ուկրաինայում՝ 2 տոկոսը: Բայց  փորձագետները գտնում են, որ սա դեռ սկիզբն է, քանզի միտումներն, ընդհանուր առմամբ,  դրական են:

 

Երկրորդ խնդիրն այն է, որ նախապատվություն է տրվում զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված կանանց. Սա, ըստ պատգամավորի, արդարացված մոտեցում չէ:  «Կարծում եմ, արդարացված չէ նախապատվությունը զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված ծնողին տալը, քանի որ ենթադրվում է, որ ծրագրի շահառուների մեջ  կլինեն ոչ թե աշխատանք փնտրող ծնողներ, այլ իրենց աշխատանքից ժամանակավոր արձակուրդում գտնվողներ, ովքեր կցանկանան վերադառնալ նախկին աշխատանքին ու կարիք չեն ունենա հաշվառվել այդ կենտրոնում»,- ընդգծեց նա:

 

«Կարծում եմ, որ և աշխատավարձի սահմանափակումը, և զբաղվածության կենտրոնում հաշվառված լինելու պայմանը, պետք է հանվեն»,- եզրափակեց  մեր զրուցակիցը՝ նշելով, որ այժմ  կարգի վերաբերյալ առաջարկների վրա է աշխատում և պատրաստվում է  դրանք  ներկայացնել կառավարությանը:

 

Հիշեցնենք, կարգի նախագիծը հասանելի է  e-draft կայքում և մինչև փետրվարի 12-ը ներառյալ բաց է առաջարկություններ ու դիտարկումներ ներկայացնելու համար:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

 «Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք 

Երիտասարդ մայրերը  դժվար ընտրության առաջ են կանգնում

«Մայրերին աջակցելու գաղափարն իսկապես ողջունելի է, սակայն այս տեսքով ծրագիրն իր նպատակներին չի կարողանա ծառայել»

Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար

  «Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 «Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

 

Դիտումների քանակը` 939

Վերադառնալ վերև