Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրություններ. կանայք կրկին ավելի քան պասիվ են

 

Մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության առումով բավականին տխուր պատկեր է: Համայնքապետի կին թեկնածու է առաջադրվել ընդամենը երկու համայնքում, այն դեպքում, երբ ընտրություններ է անցկացվելու են 26 համայնքում: Ավագանու անդամի համար կանայք կպայքարեն երեք համայնքում, ընտրություններ նախատեսված են 6-ում: Հիմնականում ընտրություններին մասնակցում են այն կանայք, ովքեր արդեն իսկ ավագանու անդամներ են: Նոր դեմքեր կարծես թե չկան:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն,  մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքերում միասին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել 134 քաղաքացիներ, որոնցից 66-ը համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար, իսկ 68-ը` ավագանու անդամի:
2015թ. փետրվարի 18-ին լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել են, և որևէ գրանցում չի մերժվել:

 

Այսպես, Womennet.am-ն ուսումնասիրելով ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված թեկնածուների վերաբերյալ տվյալները, պարզեց, որ 26 համայնքից, որտեղ անցկացվելու են համայնքապետի ընտրություններ, միայն երկուսում թեկնածուների թվում կանայք կան:

 

Սյունիքի Լոր գյուղում ինքաառաջադրվել է անկուսակցական Զոյա Գրիգորյանը: Նրա միակ մրցակիցը ՀՀԿ-ական գյուղապետ, ինքնաառաջադրված Դավիթ Առուստամյանն է:

 

Գյուղապետի պաշտոնի համար առաջադրված մյուս կին թեկնածուն Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի համայնքապետի տեղակալ, ՀՀԿ-ական Աննա Բադալյանն է: Նա ինքնաառաջադրվել է: Ա. Բադալյանի երեք մրցակիցներից մեկը գործող Հանրապետական գյուղապետ Մխիթար Դանիելյանն է, ում առաջադրել է կուսակցությունը: Մյուս երկուսն անկուսակցական ինքնաառաջադրված քաղաքացիներ են:

 

Նկատենք, որ Արմավիր քաղաքում առաջադրված վեց թեկնածուների թվում որևէ կին չկա:

 

Ավագանու անդամի ընտրություններում 5 համայնքում ընդհանուր առմամբ առաջադրված է տասը կին:

 

Տավուշի մարզի Իջևան քաղաքում ավագանու ընտրություններում առաջադրվել է 21 թեկնածու, որից միայն մեկն է կին: Նա ՀՀԿ-ական Հասմիկ Ամիրյանն է՝ Իջևանի վարժարանի տնօրենը: Հ. Ամիրյանն այս պահին էլ Իջևանի՝ ինն անձից կազմված ավագանու միակ կին անդամն է:

 

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավագանու անդամ դառնալու համար առաջադրվել է 8  քաղաքացի, որից երեքը՝ կին. անկուսակցականներ Վարվառա Ալեքսանյանը, Քրիստինե Հարությունյանը, ՀՀԿ-ական Տաթևիկ Ջավահիրյանը: Բոլորն էլ ինքնաառաջադրված են: Նշենք, որ այս համայնքի ավագանին բաղկացած է չորս անդամից, այս պահին միայն մեկն է կին՝ Տաթևիկ Ջավահիրյանը:

 

Նույն մարզի Նոր Աստղաբերդ գյուղում էլ վեց թեկնածուներից երեքն են կանայք՝ անկուսակցականներ Սուսաննա Գասպարյանը, Սիրուշ Զաքարյանը, Աստղիկ Իսրայելյանը: Բոլորն էլ ինքնաառաջադրված են, առաջին երկուսը՝ ավագանու գործող անդամներ են: Նոր Աստղաբերդի ավագանին  ունի հինգ անդամ, որից երեքը կանայք են:

 

Արագածոտնի Նորաշեն գյուղի ավագանու ընտրություններում առաջադրված վեց թեկնածուներից մեկն է կին՝ գյուղի մշակույթի տան տնօրեն Ռուզան Ավետիսյանը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Նա այսօր էլ գյուղի՝ հինգ հոգուց կազմված ավագանու միակ կին անդամն է:

 

Գեղարքունիքի Կութ գյուղում ավագանու անդամ դառնալու համար պայքարի հայտ է ներկայացրել վեց քաղաքացի, որից երկուսը՝ կին: Ավագանու անդամ փորձելու են ընտրվել ԲՀԿ-ական Թագուհի Իսրայելյանը, ով գյուղի դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, և ՀՀԿ-ական Անժելա Վարդանյանը, ով գյուղի բույքույրն է: Նրանք երկուսն էլ այս պահին ավագանու գործող անդամներ են: Նշենք, որ Կութում հինգ հոգուց բաղկացած ավագանին ունի երեք կին անդամ:

 

Մյուս երեք համայնքերում, որտեղ անցկացվելու են ավագանու անդամի ընտրություններ՝ Արմավիրի Ջրաշեն, Գեղարքունիքի Արփունք, Սյունիքի Որոտան համայնքներում կին թեկնածուներ չկան:

 

Նշենք, որ ըստ մարզպետարանների կայքէջերում զետեղված տեղեկատվության համաձայն, այս պահին հիշյալ երեք համայնքերում էլ ավագանու հինգ անդամների ցանկում կանայք չկան:

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած: Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` 2015 թվականի մարտի 15-ի Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունը համարվել է չկայացած, քանի որ գրանցվել է միայն մեկ թեկնածու:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3186

Վերադառնալ վերև