Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

 Դրվագներ խորհրդարանական լսումներից

«Ես նմանեցնում եմ մեր  հասարակությունում տիրող իրվիճակը մի ընտանիքի հետ, որում բացակայում է  մայրը:  Արդյունքում ունենք մեծ բնակարան, որը կեղտոտ է, մաքրվում է լավագույն դեպքում ամիսը մեկ, ընտանիքի  մեծ ու ավելի ճարպիկ երեխաները խլել են ավելի  փոքրերի հացը և ժողորդի լեզվով ասած՝  չաղ ու բախտավոր են, իսկ մյուսները , ովքեր ավելի թույլ են, թափառական են դարձել աշխարհով մեկ… Հարց է առաջանում, ինչպես  մորը վերադարձնել ընտանիքին … » , –  այսպիսի հարցադրմամբ հանդես եկավ    Ազգային ժողովում մարտի 22-ին կայացած  Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ  խորհրդարանական լսումների  մասնակից  «Ներուժ» ՀԿ նախագահ Ժասմենա Ղևոնդյանը՝  առաջարկելով  կանանց ու տղամարդկանց   50/50 համամասնություն սահմանել  կուսակցությունների ընտրական ցուցակներում :

 

 

Նշենք, որ սա միակ ելույթը չէր ընտրական գործընթացներում  կանանց մասնակցության ընդլայնման խնդրի վերաբերյալ: Խորհրդարանական լսումների ընթացքում  այս թեմային  անդրադարձ է  կատարվել մի քանի բանախոսների  կողմից:

 

Դավիթ Հարությունյան .

«Կանանց մասնակցությունն ընդլայնելու  հարցը մեր ուշադրության կենտրոնում է, աշխատում ենք» 

 

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացնում էր համահեղինակ, ՀՀ  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  Դավիթ Հարությունյանը , ով նաև պատասխանում էր  լսումների  մասնակիցների հարցերին :  Նրան ուղղված երեք տասնյակից ավելի  հարցերի թվում էին  նաև կանանց մասնակցությունն ընդլայնելու մասին հարցերը :  Մասնավորապես, հանդես գալով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և  կառավարության  ներկայացուցիչների  եռանախագահությամբ   գործող Գենդերային թեմատիկ խմբի անունից  Թամարա Հովնաթանյանը («ՊրոՄեդիաԳենդեր» ՀԿ-ի նախագահ)՝ ներկայացնելով խմբի լուր մտահոգությունը , որ  համապետական և տարածքային ցուցակների մոդելների կիրառման արդյունքում  կարող է  խիստ նավազել կանանց թիվը Ազգային Ժողովում հարցրեց.

 

«Պարոն Նախարար, ի՞նչ եք կարծում հնարավոր կլինի ապահովել ընտրված ԱԺ-ի կազմում կանանց առնվազն 20% ներկայությունն, ինչպես դա պարտադրվում է նախագծով կուսակցությունների ցուցակների համար: Եվ արդյոք այն կարծիքին չեք, որ  նախագծով առաջարկվող համամասնությունը իրականում հետընթացի մեծ ռիսկ է պարունակում,  նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների առումով, մասնավորապես ՄԱԿ-ի կողմից առաջարկվող 50/50 մասնակցային բանաձևը մինչև 2030 թվական իրականացնելու տեսակետից»:

 

Արձագանքելով հարցին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշեց, որ այս հարցը Ընտրական օրենասգրքի դեռևս  նախորդ քննարկմանը բարձրաձայնելուց հետո է գրավել  իրենց ուշադրությունը, քանի որ նման դիտարկումներ  ստացել են  այլ կազմակերպություններից ևս և դրանց վրա ներկայումս աշխատում են.

 

«Դեռևս չունենք պատրաստի լուծումներ, բայց վստահեցնում եմ Ձեզ՝ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, աշխատում ենք : Տեսնենք, թե ինչ վերջնական լուծման կգանք, քանի որ աշխատանքային խմբում մեր մեջ էլ կա բանավեճ, բայց վստահեցնում եմ, որ ինչ-որ լուծումների գալու ենք»,- ասաց նա :

 

Ինչ վերաբերում է 50/50-ին մասնակցային բանաձևին, Դավիթ Հարությունյանը նշեց, որ նման պահանջներ դնելու հնարավորությունն այս պահին  չի տեսնում, և կարևոր է , որ պահանջը  ոչ թե արհեստական այլ  բնականոն ծագի և  այսօր, իր կարծիքով, իրատեսական է շարժվել քայլ առ քայլ  և խոսել  նվազագույն սահմանագիծը դնելու մասին .  «Այս հարցում խնդիրը  կանանց ռեսուրսն ու պոտենցիալը չօգտագործելն է, ինչն, իմ կարծիքով,  առնվազն ոչ խելամտություն է: Կրկնում եմ՝ նվազագույն պահանջ պետք է ֆիքսենք, բայց դրա նպատակը  ոչ թե ինչ որ սահմանագիծն է, այլ  կանանց ներկայացվածությունը քաղաքականության մեջ ապահովելն է»,- նշեց նախարարը :

 

Այդ նույն տեսակետը Դավիթ Հարությունյանը հնչեցրեց նաև երիտասարդ  իրավաբանների ասոցիացիայի անդամ Մարիամ Զադոյանի հարցադրմանը պատասխանելով :  Զադոյանը, մասնավորապես, խոսեց Ազգային ժողովում կանանց առնվազն 30 տոկոսը ապահովելու մասին՝ հղում անելով ՀՀ Կառավարության գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարկան ծրագրին, որում  այդ նպատակն ամրագրվել էր դեռ 2011-ին :   Նա նաև նշեց, որ կարգավորում է պահանջում  ինքնաբացարկների գործելաոճը, ինչի պատճառով  ցուցակներում  20% -անոց քվոտան ապահովելով, այսօր Ազգային ժողովում ունենք 9.9 տոկոս կին, ուստի  առաջարկվում է՝ Կուսակցությունների ցուցակում կին  թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կին  թեկնածուն: Նախարարն, ի պատասխան խոստացավ, որ աշխատանքային խումբը քննարկելու է նշված  առաջարկները :

 

Ջեմմա Հասրաթյան. 

«Արդյո՞ք մեզ պատիվ է բերում, որ 866 գյուղական համայնքներից միայն 18-ն են կանայք ղեկավարում »

 

Անդրադառնալով կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց համամասնության խնդրին, Ջ.Հասրաթյանը նշեց, որ  շատ երկրներում որպես հիմք են  օգտագործում այն հանգամանքը, թե ինչպիսին է կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռը երկրում և ըստ դրա ներկայացնում կանանց և տղամարդկանց համամասնությունը  ցուցակներում : Երկրորդը՝ հաշվի են առնում նաև մասնակցողների ինտելեկտուալ  ռեսուրսը.

 

«Այսօր Հայաստանում բարձրագույն  կրթություն ունեցող անձանց թվում կանայք  60 տոկոս են կազմում  և չօգտագործել այս ռեսուրսը, մեղմ ասած, ճիշտ չէ : Համոզված եմ՝ այս ուղղությամբ հարկավոր է լուրջ մտածել ու համապատասխան քայլեր ձեռնարկել»,- հայտարարեց նա ` տեղեկացնելով, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան հանրապետության բոլոր մարզերում իր 30 մասնաճյուղերով եւ  մեկ տասնյակից ավել այլ ՀԿ-ների հետ միասին առաջարկներ են  ներկայացրել կանանց մասնակցությունը  օրենսդիր մարմնում եւ ՏԻՄ համակարգում բարձրացնելու ուղղությամբ :

 

Բանախոսը նաև հիշեցրեց, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 8-ի կապակցությամբ իր ուղերձում ասել էր, որ «այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան ունեցել են երբևէ և  Սահմանադրական բարեփոխումների գործընթացը այս միտումը ավելի է խորացնելու».

 

«Եթե դուք համաձայն եք մեր երկրի նախագահի հետ, ուրեմն եկեք օրենսդրական դաշտում տեսնենք, թե ինչպես կարող ենք հասնել  այդ նպատակին : Արդյո՞ք մեզ պատիվ է բերում, որ 866 գյուղական համայնքներից միայն 18-ն են կանայք ղեկավարում : Արդյոք ճիշտ է, որ մեր 48 քաղաքային համայնքներում ընդամենը  32 ավագանի կին ունենք և այնպիսի  մեծ քաղաքաներում, ինչպիսիք են Աբովյանը, Վաղարշապատը, Արմավիրը, Հրազդանը, որտեղ 40 հազարից ավելի բնակչություն ունենք ավագանիում ոչ մի կին չունենք… Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս են այդ ավագանիները հավաքվում ու քննարկում սոցիալական, կրթական նշանակության և այլ հարցեր, որոնցում կանայք մի փոքր ավելի իրազեկ  կարող են լինել ու ճիշտ լուծել»,- նշեց  Ջ.Հասրաթյանը : Շարունակելով, նա հիշեցրեց, որ անցած տարի ՄԱԿ-ում ընդունվել է մի բանաձև, որին համաձայնվել են նաև Հայաստանի ներկայացուցիչները  և որում ասվում է, որ Հայաստանն այլ երկրների թվում նույնպես  հանձն է առնում, որ 2015 թվականի ընթացքում և մինչև 2030 թվականը կհասնենք բոլոր բնագավառներում  կանանց ու տղամարդկանց  50/50 համամասնության.

 

«Ըստ այդմ պահանջում ենք Ընտրական օրենսգրքի նախագծում ավելացնել քվոտաները և բերել Ազգային Ժողով գրագետ կանանց : Հուսով եմ, որ տղամարդիկ կլինեն ավելի բարյացակամ քաղաքականության մեջ կանանց մասնակցության ավելացման հարցում»,- ասաց   Ջ.Հասրաթյանը :

 

Նա  նաև կարծիք հայտնեց  համապետական և տարածքային  ցուցակների ներմուծման , ինչպես  նաեւ քվեարկությունից հետո  ընտրողների ցուցակների հրապարակման վերաբերյալ :   «Արդյո՞ք ժամանակն էր անցնելու երկու ցուցակների, արդյո՞ք մեր երկիրը դրան պատրաստ է ու հատկապես՝ պատրաստ էին դրան մեր քաղաքացիները գյուղական համայնքներում» : Բանախոսի կարծիքով՝ ոչ, պատրաստ չեն, բայց եթե երկու ցուցակները այդուհանդերձ մնան, ապա շատ երկարատև աշխատանք է պահանջվելու  հանրության շրջանում, այլապես կարող ենք ստանալ ոչ այն արդյունքը, որ ակնկալվում է:  Ինչ վերաբերում է քվեարկածների ցուցակների հրապարակման խնդրին, ապա Ջ. Հասրաթյանի կարծիքով հրապարակման փաստը դրական ազդեցություն է ունենալու ընտրական գործընթացի թափանցիկությունը ապահովելու  եւ ընտրողների  պատասխանատվությունը  բարձրացնելու առումով:

 

Թամարա Հովնաթանյան.

«Ազգային ժողովում կանանց թվի  նվազեցման ռեալ վտանգ է նկատվում»…

 

Կանանց քաղաքական մասնակցության  ընդլայնման  վերաբերյալ  Գենդերային թեմատիկ խմբի առաջարկները հնչեցրեց  Թամարա Հովնաթանյանը  («ՊրոՄեդիաԳենդեր» ՀԿ-ի նախագահ) : Նա նշեց,որ խումբը՝ քննարկելով Ընտրական օրենսգրքի նախագիծը ռեալ վտանգ է նկատել Ազգային ժողովում կանանց թվի  նվազեցման առումով:  Դրան, խմբի կարծիքով,   կարող է հանգեցնել նախագծով  առաջարկվող  կուսակցությունների համապետական և տարածքային ցուցակների մոդելի կիրառումը :   Այս միտումը կանխելու նպատակով խումբը հանդես է եկել  առաջարկներով, որոնք ուղղված են կանանց ներկայացվածության ընդլայնմանը:  Մասնավորապես առաջարկվում է փոփոխության ենթարկել կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներին   վերաբերող 84-րդ հոդվածի 3-րդ  և 9-րդ կետերով նախատեսվող դրույթները, ամրագրելով , որ  համապետական  ընտրական ցուցակի առաջին երկու տեղերը հատկացվեն  տարբեր  սեռի ներկայացուցիչներին և այնուհետև 3-րդ համարից սկսած ՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը : Առաջարկվում է, որ տարածքային ընտրական ցուցակներում  յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը նույնպես չգերազանցի 70 տոկոսը :

 

 

Ինչպես պարզաբանեց բանախոսը, համապետական ցուցակի համար առաջարկվող հերթականությունը  թույլ կտա առաջին անցողիկ հնգյակում ունենալ առնվազն երկու կին և դրանով իսկ խուսափել այն իրավիճակից, որ ստեղծվել էր նախորդ ընտրությունների ժամանակ օրենքով ամրագրված ձևակերպան պատճառով,  այն է, որ կանայք պետք է ընդգկվեն 2-րդ համարից սկսած  և ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11 և այլն):

 

«Փորձը ցույց տվեց , որ  2-ից -6 դիրքերում  կանանց ընգրկելու դրույթը խտրականության հիմք է հանդիսացել և     փաստացի զրկել է կանանց  ներկայացված լինելու առաջին հնգյակում :  Կուսակցությունների մեծամասնությունը ներգրավեց կանանց 6-րդ տեղից սկսած  և  2012 –ին նրանց թիվն անցողիկ հնգյակներում չորս անգամ ավելի պակաս էր 2007- ընտրությունների համեմատ, երբ նման նորմը բացակայում էր : Արդյունքում մենք ունենք խորհրդարանում կուսակցություն, որը Ազգային ժողով է մտել առանց կանանց ներկայացվածության, թեպետ իր ընտրական ցուցակներում ընդգրկել էր  25 տոկոսից ավելի կին», – նշեց Թ. Հովնաթանյանը, ավելացնելով, որ Ազգային ժողովի ընտրություններին վերաբերող առաջարկը տարածվում է նաև  համամասնական ընտրակարգով անցկացվող Երևանի« Գյումրու և Վանաձարի ՏԻՄ ընտրություններին : Նշվեց նաև, որ խումբը առաջարկում ընդլայնել  այդ ցուցակը ՝ անցկացնելով համամասնական ընտրակարգով ընտրությունների  այլ քաղաքաներում և խոշորացված համայնքերում :

 

 

Գենդերային թեմատիկ  խումբը առաջարկում է  կիրառել նաև   մեխանիզմներ, որոնք երաշխավորում են կուսակցությունների ցուցակներում նշված սեռերի համամասնության  պահպանումը ընտրական գործընթացի բոլոր փուլերում և փաստացի  ընտրված մարմնում :

 

«Խոսքը  ինքնաբացարկների  գործելաոճի մասին է,  ինչի հետևանքով  հանրության համար ոչ այնքան հասկանալի  պատճառներով  2012-ին արդեն ընտրված շատ կանայք  չմտան Ազգային ժողով : Կուսակցությունների ցուցակներում միջինում  մոտ 23 տոկոս կանանցից  պատգամավոր դարձան միայն 10 տոկոսը : Այդ իսկ պատճառով առաջարկվում է կիրառել հետևյալ դրույթը՝ «Կուսակցությունների ցուցակներում   ավելի պակաս ներկայացված  թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված ավելի պակաս ներկայացված  սեռի հաջորդ թեկնածուն», – եզրափակեց նա :

 

Անահիտ Աղոյան.

«Կանանց հարցը կարևոր է այնքանով, ինչքանով մենք այսօր ունենք քաղաքական մշակույթի փոփոխության կարիք»

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի վարչության անդամ Անահիտ Աղոյանի ելույթում մտահոգություն հայտնեց լսումների ընթացքում հնչեցված այն տեսակետի կապակցությամբ, ըստ որի  ընտրական ցուցակներում կանանց  թվի ավելացման հարցը , չգիտես ինչու, որակվեց  ժամանակավրեպ և ոչ այդքան կարևոր: Մինչդեռ ըստ բանախոսի՝ այդ հարցը կարևոր է այնքանով, ինչքանով մենք  այսօր ունենք քաղաքական մշակույթի փոփոխության կարիք.

 

«Եթե մեր քաղաքական մշակույթը լիներ բավարար մակարդակի վրա, կարծում եմ մենք ավելի առաջնային խնդիրների վրա ուշադրություն կդարձնեինք, քան հիմա: Ու թերևս հենց այդ պատճառով կարիք կա, որ կանայք լրացնեն խորհրդարանը և մենք փոխենք մեր դիրքորոշումներն ու վերաբերմունքը քաղաքականության և քաղաքական արժեքների ու պարամետրերի նկատմամբ»,- հայտարարեց նա:

 

Ա.Աղոյանը նշեց, որ հենց  այս հիմնախդրի շուրջ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան» մեծ համաժողով էր գումարել , որի մասնակից բազմաթիվ հասարակական կազմակերպությունները  միանշանակ այն կարծիքին էին, որ կանանց մասնակցության ընդլայնման  խնդիրն  անհրաժեշտություն է այսօր Հայաստանի քաղաքական դաշտում:  Նրա խոսքով՝ այդ ՀԿ-ների կողմից ստորագրված պահանջներում նշվել է Ազգային ժողովում  կանանց ներկայացվածության մինչև 30 տոկոս ավելացումը, սակայն իրականում այն կանանց  թիվն, ովքեր անհրաժեշտ չափով պատրաստված  են քաղաքական դաշտում աշխատելու համար,  ավելին է :

 

Ժասմենա Ղևոնդյան.

 «Եթե Սահմանադրությամբ կինը և տղամարդը իրավահավասար են, ուրեմն եկեք սկսենք կուսակցությունների  ցուցակներից»

 

 

«Ներուժ» ՀԿ նախագահ Ժասմենա Ղևոնդյանի առաջարկը ավելին էր, քան նախորդ ելույթ ունեցողներինը՝ նա անհրաժեշտ է համարում  սահմանել կանանց ու տղամարդկանց  50/50 համամասնություն, քանի որ, իր խոսքով,  Սահմանադրությունն է դա թելադրում: Իր ելույթում նա նշեց, որ հանրապետությունը նմանեցնում է մի մեծ ընտանիքի, որտեղ մայրը բացակայում է և առաջարկեց.

 

«Հիմա ինչպես անենք, որպեսզի մորը բերենք ընտանիք: Կարծում եմ, որ պետք է սկսենք ընտրացուցակներից, որտեղ ոչ թե 30 տոկոս պիտի լինի կանանց մասնակցությունը, այլ 50 տոկոս: Եթե մենք Սահմանադրությամբ ամրագրում ենք, որ կինը և տղամարդը իրավահավասար են, ուրեմն եկեք սկսենք կուսակցությունների  ցուցակներից՝ ընդգրկենք 50 տոկոսով կանանց և 50 տոկոսով  տղամարդկանց:  Ընդ որում, տվյալ կուսակցությունը շեմը հաղթահարելուց հետո , եթե կինը ինքնաբացարկ է հայտարարում, ապա նրա գտեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը» ,- հայտարարեց նա:

 

 

Իր ձայնը կանանց օգտին բարձրացրեց նաև  եզդի համայնքի  շահերը ներկայացնող Համո Շառոյանի անդրադարձը կանանց խնդրին : Բանախոսն իր ելույթում  ասաց, որ  միշտ կողմնակից է եղել ու ողջունել է, որ կնոջ ձայնը լսելի լինի թե ընտանիքում, թե հասարակության մեջ և առաջարկեց.

 

 

«Քանի որ Ազգային Ժողովը բաղկացած է լինելու 101 պատգամավորից, ես առաջարկում եմ, որ 4 հոգին լինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, իսկ նվազագույնը 20-30 տոկոսը լինեն կանայք : Եվ առհասարակ պայմաններ ստեղծենք , որպեսզի վստահաբար ապահովենք հավասար պայմաններ ընտրական իրավունքի իրականացման համար»,- հավելեց նա :

 

 

ՀՀկ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, անդրադառնալով  ելույթ ունեցողներից մեկի դիտարկմանը, որ քաղաքականությունն ու բիզնեսը  դժվար գործ են և կանայք պետք է հաշվի առնեն, որ մտնելով այդ ասպարեզ կորցնում են կանացիությունը,  նկատեց, որ կանացիությունը բնությունից տրված հատկանիշ է և կապ չունի նրա հետ, թե ինչ զբաղմունք է ընտրում կինը :  Կարևորելով նմանատիպ քննարկումների անցկացումը, պատգամավորը նշեց,  որ լսումների ընթացքում բազմաթիվ արժեքավոր առաջարկներ են հնչեցվել, այդ թվում  կանանց մասնակցությունը բարձրացնելու, ցուցակներում ինքնաբացարկի դիմած կանանց  կանանցով փոխարինելու վերաբերյալ: Նրա խոսքով,  իրենց  կուսակցությունը փորձում է ժողովրդավարական երկրի կառավարման օրինակով և ժողովրդավարության ճանապարհով ընթանալ: Նա ընտրական գործընթացի ազատ ու թափանցիկ կազմակերպման համար կարևորել է քաղաքական մշակույթի և քաղաքական կամքի առկայությունը:

 

«Բոլոր առաջարկները կներկայացվեն նաև գրավոր »

 

Այս մասին  ասեցին  գրեթե բոլոր, չորս տասնյակից  ավել ելույթ ունեցողները: Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների համար և նշեց, որ պատրաստ են դրանք քննարկել ևս մեկ անգամ:

 

 

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ բարձր գնահատելով ընտրական մշակույթի ձևավորման գործընթացում նաև քաղաքացիական հասարակության դերը,  նշել է, որ ընդունելի առաջարկների արդյունքում լրամշակված նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

 

 Լիա Խոջոյան

 

 

Լսումների ամբողջւթյամբ կարող եք դիտել Ազգային ժողովի տեսագրությամբ.

 

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

 

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

 

 

 

Դիտումների քանակը` 1573

Վերադառնալ վերև