Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լուսինե Հարոյան. «Սերը հայրենիքի հանդեպ պետք է փոխադարձ լինի…»

Մեր զրուցակիցն է   Լուսինե Հարոյանը, ով  գլխավորում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ազգային Առաջընթաց»  կուսակցության համամասնական ցուցակը։  Ի դեպ, առիթ ենք ունեցել նշելու, որ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից  «Ազգային առաջընթաց» -ը  միակն է, որի ցուցակում   կին թեկնածուների թիվը գերազանցում է տղամարդ թեկնածուներին։ Կուսակցության համապետական ցուցակում 83 թեկնածու կա, որից 43-ը (51.8%-ը) կանայք են, իսկ  տարածքային ցուցակներում  65 թեկնածուից 35-ը կամ 53.8%-ը կանայք են։ Կուսակցությունը նաև միակն է, որի համապետական ցուցակի  առաջին տասնյակում չորս կին թեկնածու է  ներկայացված։

 

«Ազգային Առաջընթաց»  կուսակցության խորհրդի անդամ  Լուսինե Հարոյանը մասնագիտությամբ սոցիոլոգ է,  ավարտել է  ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստարտուրան,  կրթություն է ստացել նաև տուրիզմի ոլորտում,  բնագավառում, «Մելինեթ» տուրիստական ընկերության հիմնադիրն է և տնօրենը։ Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։ Քաղաքացիական ակտիվիստ է, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ։

 

Քաղաքականություն մտնելու որոշումը կայացրել է  իր գաղափարակից ընկներների հետ:  Կուսակցությունում համամասնական ցուցակը կազմելու շուրջ քննարկումները բուռն են եղել, ցուցակը գլխավորելու թեկնածուների թվում Լուսինեն միակ կինը չի եղել, սակայն արդյունքում  հաստատվել է հենց  նրա թեկնածությունը…

 

– «Ազգային Առաջընթաց» կուսակցության առաջադրումն այս ընտրարշավի անակնկալներից  է, քանի որ քչերը թերևս գիտեն կուսակցության մասին։ Ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ գաղափարախոսություն ունի, ո՞ր դաշտում է գործելու։

 

-Կուսակցությունը ստեղծվեց թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, սակայն կուսակցության բոլոր անդամները վերջին հինգ տարիներին շատ ակտիվ են եղել։ Նրանք այն մարդիկ են, որոնց համար հայրենիք անվանումը դատարկ բառ չէ և որոնք միշտ փորձել են իրենց ուժերի ներածին չափով օգնել հայրենիքի բարգավաճմանը, միաժամանակ պայքարելով անօրինականությունների դեմ։ Քաղաքացիական պայքարի լուրջ ճանապարհ ենք անցել՝ սկսած «Էլեկտրիկ Երևան»-ից, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնություննեչից։ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին երթ կազմակերպեցինք Բաղրամյան 26՝ պահանջելով հետաքննություն անցկացնել քառօրյա պատերազմի պատճառների մասին, միաժամանակ հնչեցնելով «Մենք զինվորի կողքին» ենք կարգախոսը, աջակցություն հավաքելով ու սահման ուղարկելով։

 

Ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ, մեր նպատակն է օգտակար լինել հայրենիքին ու քաղաքական գործընթացներին մեր մասնակցությունը ընդամենը  միջոց է դրան հասնելու համար: Դիրքավորված  ենք որպես  ձախակողմյան  գաղափարախոսություն դավանող ուժ,  որը երկրի ապագան կապում է  սոցիալապես ապահով ու իրավագիտակից հասարակության հետ։ Մեր ծրագիրն  էլ շատ այդ առումով շատ հստակ է։  Կարծում եմ՝ մեզ քվե կտան այն մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցել են իշխանափոխության պայքարին, մեծ հույսեր են կապել, որ երկրում օրինականություն կհաստատվի և հիմա հասկանում են, որ երկրին պետք է այլընտրանք, սրտացավ են երկրի ապագայի նկատմամբ։ Մենք աջակցում ենք վարչապետին հատկապես հին ուժերի դեմ պայքարում, բայց շատ հարցերում ունենք մեր դիրքորոշումը, որը չի համընկնում կառավարության կարծիքի հետ։

 

-Եվ, օրինակ,  ինչպես եք վերաբերում  վերջերս ամենաբարձր մակարդակով   հնչեցված այն կարծիքին, որ շատ դեպքերում սոցիալական վատ վիճակը պայմանավորված է աշխատելու ցանկության բացակայությամբ։ Դուք ինչպե՞ս եք տեսնում սոցիալական ապահովության խնդիրների  լուծումը…

 

– Կարծում եմ, հնչեցրած թվերը շատ չոր են, հայտարարությունն էլ, մեղմ ասած, չի արտահայտում իրավիճակը։ Վատ ապրողների թվում են նաև արտագնա աշխատանքի մեկնածները, փոքր խանութներում չգրանցված աշխատողները։ Այս առումով առավել խոցելի են կանայք, նրանք հաճախ համաձայնվում են ամենացածր վարձատրվող աշխատանքին, տնետուն  գնում, մաքրություն անում,  մազ են հարդարում, մի խոսքով, օրինբուն աշխատում են, բայց չգրանցված աշխատողներ են համարվում…

 

Ի՞նչ նախորդեց այն որոշմանը, որ Դուք եք գլխավորելու ցուցակը։

 

-Բնույթով ակտիվ եմ, սոցցանցում մեծ լսարան ունեցող խումբ ունեմ՝ «Հայկական տուրիստական տեղեկատու» է կոչվում,  նախաձեռնող եմ,  ունեմ տուրսիտական գործակալություն, մասնագիտական լուրջ գործունեություն եմ ծավալում։ Ինչ վերաբերում է ցուցակին, երկար քննարկումներ ունեցանք, 3-5 թեկնածու էր քննարկվում, նրանց թվում մի  կին  էլ կար՝ Բաբայան Մանեն։ Հաշվի առնվեց մասնագիտական կրթությունը, անցած ճանապարհը, ծավալած գործունեությունը, մարդկանց հետ շփվելու կարողությունը, հռետորաբանական հմտությունները և այլն։ Կուսակցությունը շատ  լուրջ է վերաբերում այն հարցին, որ կանայք լիակատար կերպով ներգրավված լինեն քաղաքական գործընթացներին։ Պատահական չէ, որ մեր ցուցակի առաջին տասնյակում չորս կին կա։

 

– Ինչպե՞ս ձեր թիմում և ընտանիքում արձագանքեցին փաստին, որ ընտրական ցուցակը կին է գլխավորելու։

 

 -Կուսակցությունում ողջունեցին, քանի որ քննարկումների արդյունքում միասնական  որոշում էր եղել։ Ընտանիքում էլ սովոր են իմ ակտիվությանը։ Ես այրի եմ, երկու երեխա ունեմ։ Դուստրս ավարտել է ԵՊՀ-ն, հիմա Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում է սովորում, որդիս՝ 12-րդ դասարանում է։ Աշխատանքը, քաղաքացիական ակտիվ պայքարը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը  – այս ամենը համատեղելը միշտ ստացվել է ինձ մոտ, քանի որ  պայքարող տեսակ եմ։ Ուզում եմ, որ մեր ժողովուրդն իրեն արժանի կերպով ապրի։ Մեր ժողովուրդը շատ լավն է, ես օտարերկրյա զբոսաշրջիկներ եմ տանում մարզեր, նրանք բոլորը մշտապես գնահատում են մեր հայրենակիցների բարեհամբյուր լինելը։ Մարզերում մարդիկ չքավորության պայմաններում են ապրում, բայց  չնայած դրան, պատրաստ են ընդունել, հյուրասիրել, կերակրել օտար մարդկանց, սրտացավ են։ Նրանց  բարեսրտությունը զարմացնում է օտարերկրացիներին … Ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներն ապրեն լավ պայմաններում, նրանք դրան իսկապես արժանի են։

 

 -Որպես միայնակ մայր ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել, որոնք առաջին հերթին կբարձրաձայնեք օրենսդիր մարմնում հայտնվելուց հետո։

 

-Շատ լավ հարց է, ես իհարկե մտածել եմ դրա մասին:  Կարծում եմ,   պարզ է, չէ՞, ինչ խնդիրներ կարող է ունենալ միայնակ մայրը Հայաստանում։ Բացարձակապես անպաշտպան խավ։ Ես էլ շատ դժվարությունների միջով եմ անցել։ Քավորսանիկային Հայաստանում իշխում  է այն մթնոլորտը, թե ունեցար գլխիդ մեկին,  առաջ կգնաս, չունեցար, գնա, կորի։ Պետության վճարած թոշակը կոպեկներ են, չափահաս դառնալու դեպքում կտրում են, համալսարանում էլ զեղչեր չեն անում։ Այս պայմաններում ես ստիպված եմ եղել համատեղել ամեն ինչ, եղել եմ և´ հայր, և´ մայր, և´ տունը պահող։ 2004-ից միայնակ եմ խնամում երեխաներին, շատ-շատ դժվար է,  ու դա պետության ամենախոցելի տեղերից է։ Այս դաշտը րոպե առաջ կարգավորելու անհրաժեշտություն կա։ Ավելին,  միայն միայնակ մայրերը չէ, որ խնդիր ունեն։ Հայաստանում մայրերի, կանանց իրավունքների ոլորտում համալիր կարգավորումների  հարցը  հրատապ  է, հատկապես  վերջերս բռնության զոհ դարձած 20-ամյա կնոջ դեպքից հետո…

 

Մենք ունենք օրենքներ, դրան կարող ենք գնահատել լավ կամ վատ, սակայն նույնիսկ  վատ օրենքը  ցանկության, կամքի դեպքում կարող է գործել ու լավ արդյունք ապահովել։ Մեր երկրում օրենքը չի գործել։ Մեր կուսակցութունն իր առջև խնդիր է  դրել, հաջողության հասնելու դեպքում  բացի օրենսդրական կարգավորումներից, առաջարկել նաև իրականացման մեխանիզմները։ Պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարական ծրագիր յուրաքանչյուր խավի համար։ Հեծանիվ հայտնագործել պետք չէ, դեմոկրատական երկրներն անցել են այս ճանապարհով, գտել լուծումներ։ Այդ երկրներում պետությունը դժվարության մեջ հայտնված մարդու կողքին է։ Իմ տղան շուտով գնալու է բանակ, մենք շատ լավ հասկանում ենք մեր պարտավորությունը հայրենիքի հանդեպ, պատրաստ ենք կատարել մեր պարտքը հայրենիքի առջև, բայց երկիրը նույնպես պետք է հոգ տանի քաղաքացու մասին, այս իմաստով  սերը հայրենիքի հանդեպ  պետք է միակողմանի չլինի, փոխադարձ լինի…

 

Զրուցեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 485

Վերադառնալ վերև