Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մանկապարտեզների աշխատանքային ժամերի խնդիրը. լուծումների սպասումով

Երևանում մանկապարտեզների հարցը շարունակում է մնալ ամենացավոտ ու օրակարգային խնդիրներից մեկը: Այն, անշուշտ, համակարգային մոտեցում է պահանջում, քանի որ խնդիրները բազմաշերտ են՝ սկսած շենքային պայմաններից, տարիներով հերթի մեջ սպասող երեխաներից մինչ ոչ իրենց տեղում գտնվող տնօրենները: Օրերս Երևանի քաաքապետարանը  հայտնեց, որ հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել մատչելի դարձնելու նպատակով շուտով կգործարկի mankapartez.yerevan.am կայքը, և իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին: Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը ՝ հանդիպելով համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ, հայտարարեց, որ «ամեն ինչ անելու է, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ»:

 

Սակայն դեռ ոչ մի խոսք չկա ևս մեկ խնդրի մասին, որը լրջագույն խոչընդոտ է դառնում այն ծնողների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, բայց չեն հարմարվում մանկապարտեզների աշխատանքային ժամերին:  Այս խնդրին WomenNet.am-ը բազմաթիվ անգամներ է անդրադարձել, սակայն մինչ այս պահը որևէ  լուծում չի նշմարվում:

 

Հայաստանում մանկապարտեզների աշխատանքային ժամերի խնդիրը  տարիներ շարունակ քննարկման առարկա է եղել Երևանի ավագանիում, բայց սայլը տեղից չի շարժվում՝ նախադպրոցական հաստատությունները շարունակում են աշխատել   մինչև ժամը 17.30-ն, ինչը լուրջ դիլեմայի էի առջև է կանգնեցնում հատկապես  աշխատող մայրերին: Ի վերջո, ո՞ր գործատուն կհամաձայնվի, որ կին աշխատողը ամեն օր աշխատանքից դուրս գա 1 ժամ շուտ, որպեսզի հասցնի երեխային վերցնել մանկապարտեզից: Ճիշտ է,  Երևանում  օր օրի ավելանում են մասնավոր մանկապարտեզները, որոնց աշխատանքային ժամերը հարմարեցված են աշխատող ծնողների ժամերին՝ մինչև 18.00-19.00 կամ նույնիսկ ավելի ուշ,  բայց հասկանալի է , որ ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ այդ շռայլությունը՝ աշխատավարձի զգալի մասը տալով մանկապարտեզին: Մինչդեռ խոսքը մանկապարտեզների աշխատանքային ժամերը ընդամենը մեկ ժամով ավելացնելու մասին է, ինչին Երևանի քաղաքապետարանը համառորեն չի գնում: Արդյունքում, ծնողները ստիպված են մասնավոր մանկապարտեզ ընտրել և ամսական 100 հազար դրամից սկսած գումար վճարել, որպեսզի երեխան մնա հաստատությունում մինչ իր աշխատանքային ժամի ավարտը: 

 

Խոստումներից մինչև լուծումները քայլն ուշանում  է

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ մասնակից քաղաքական ուժերը բազմաթիվ խոստումներ տվեցին մանկապարտեզների հետ կապված խնդիրները հետագայում լուծելու համար: Համոզված ենք, որ դրանք առաջիկայում  իսկապես կլուծվեն՝ ի վերջո,  փոփոխություններն երկրում հենց այդ ակնկալիքով են արվել:  Երևանի ավագանիում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքից ևս խոստումներ էին հնչեցվել, այդ թվում և մեր բարձրաձայնած խնդրի մասով: Մասնավորապես, ավագանու անդամի թեկնածու Զարուհի Բաթոյանը, ով այսօր արդեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է, հայտարարել էր. «Երբ դառնամ ավագանու անդամ, բարձրացնելու եմ մանկապարտեզների աշխատանքային ժամերը մինչև 18։30-ը դարձնելու հարցը։ Այլապես աշխատանքային ժամն ավարտվում է 18-ին, իսկ մանկապարտեզները դրանից մեկ ժամ շուտ են փակվում։ Երևի էս կարգը հորինողների երեխաներին արագիլն է մանկապարտեզից տուն տանում»։ Հուսանք, որ իր գործընկերները ավագանիում չեն մոռանա այս հարցի արդիականությունը:

 

Ի դեպ, դեռ երկու տարի առաջ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը իր գործընկերների հետ հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ըստ այդմ, մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկին իրավունք տալ աշխատանքն ավարտել սովորականից շուտ: Սակայն այդ առաջարկը մերժվեց կառավարության կողմից: Այսօր Լենա Նազարյանը ԱԺ փոխնախագահ է, իսկ կառավարությունում իր քաղաքական թիմն է, և գուցե օրենսդիրները կրկին անդրադառնան այս խնդրին, այս անգամ այն արագ լուծելու պատրաստակամությամբ:

 

Երևանի ավագանիում էլ կողմ են, բայց…

 

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե ավագանիում  նման նախագիծ լինի, որ մանկապարտեզներն աշխատեն մինչև ժամը 18.00-19.00-ն ինքը միանշանակ կողմ կլինի, որովհետև Աշխատանքային օրենսգրքով Հայաստանում աշխատաժամը ավարտվում է 18.00-ին: «Այն, ինչ ունենք մանկապարտեզների աշխատաժամերի դեպքում, լուրջ խնդիր է առաջացնում ծնողների համար, քանի որ միայն տոների նախօրյակին է, որ աշխատանքային ժամն ավարտվում է 17.00-ին: Ես իմ շրջապատում շատ դեպքեր գիտեմ, երբ ծնողը պարտավորված է լինում հավելյալ վճարել  դայակին կամ դաստիարակին, որպեսզի իր բալիկը ևս մեկ ժամ մնա մանկապարտեզում: Բացի այն, որ սա իր հերթին անթույլատրելի է, քանի որ մանկապարտեզներն անվճար են, իրականում ոչ բոլոր հաստատություններում է հնարավոր հավելյալ վճարով այդ մեկ ժամը կոմպենսացնել և ծնողները ստիպված են լինում այլ տարբերակներ գտնել»,- նշեց ավագանու անդամը:

 

Թեհմինա Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ յաս խնդրի որևէ լուծում առաջարկող նախագծի մասին ավագանիում խոսակցություն չկա: Նա հիշեցրեց, որ նախորդ ավագանիում, «Ելք» խմբակցության  շրջանակներում իրենք այդ թեման բազմաթիվ անգամներ բարձրացրել են, այդ թվում և օգտվելով այն հնարավորությունից, որ ընձեռում էր Արայիկ Հարությունյանի Կրթության և գիտության գլխադասային հանձնաժողովի նախագահն լինելու հանգամանքը, սակայն չհասցրեցին. «Սա իսկապես շատ կարևոր հարց է և պետք է օր առաջ լուծում ստանա»,- հավելեց նա:

 

Գործընկերոջ մոտեցումները կիսում է նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, ով մանկապարտեզների աշխատանքային ժամերի հետ կապված խնդիրն անձամբ է զգացել որպես աշխատող մայր, և ստիպված էր երեխաների այդ տարիքում բացառել իր համար  9։00-18։00-ը ռեժիմ պահանջող աշխատատեղերի հավակնել։ «Այստեղ մի քանի խնդիր եմ տեսնում։ Նախևառաջ, փոքր երեխա ունեցող, բայց նաև մասնագիտությամբ աշխատել ցանկացող կանայք դե ֆակտո չունեն 0,50 կամ 0,75 հաստիքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու հնարավորություն։ Գործատուն պահանջում է մեկ ամբողջական դրույքի ծանրաբեռնվածություն, օրենսդրական որևէ կարգավորում էլ չկա, որը կխրախուսեր նրան ձեռք մեկնել մայրերին»,- նշեց նա։

 

Խնդրի երկրորդ կողմն, ըստ մեր զրուցակցի, պահանջարկն է։ Աբգարյանի խոսքով, բազմաթիվ մանկապարտեզների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր խմբից մեկ-երկու երեխայի ծնող է նման  պահանջը դնում։ Մյուսների առումով կա’մ ծնողը չի աշխատում, կա’մ աշխատում է, բայց կարողանում է այդ ժամին երեխային վերցնել, կա’մ էլ տատիկ-պապիկներն են գալիս երեխայի հետևից: Իսկ պահանջարկի փոքր լինելն աննպատակ է դարձնում միջոցների հավելյալ ծախսը  բոլորի աշխատավարձն ավելացնելուց մինչև ավելի շատ էլեկտրաէներգիայի և այլ ծախսեր անելուց։ «Ավագանին խորքային ուսումնասիրություններ է կատարում ոչ միայն այս, այլ մանկապարտեզների հետ կապված մի շարք այլ կարևորագույն հարցերի։ Հենց այսօր էլ հանդիպում ենք ունեցել մի խումբ տնօրենների հետ, մշտական կապ կա ծնողների հետ սոցցանցերի շնորհիվ»,- հավելեց նա։

 

WomenNet.am-ը դիմեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակին` ճշտելու, թե արդյոք այս խնդիրը քաղաքապետի ուշադրության կենտրոնում է, հատկապես հաշվի առնելով   քաղաքապետի  վերջին հայտարարությունը   մանկապարտեզներին վերաբերող խնդիրները լուծում տալու մասին:  Հակոբ Կարապետյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել հարցերին, այնպես որ պաշտոնական տեսակետը կներկայացնենք հաջորդիվ:

 

Մասնավորի օգտին ծնողի որոշումը չպիտի լինի ստիպված

 

Ի վերջո, տալ երեխային մասնավոր մանկապարտեզ կամ դպրոց, թե ոչ` ամեն ծնողի որոշելիքն է: Եթե ծնողն ուզում է, որ իր երեխան մինչ դպրոց գնալը հավելյալ հմտություններ կամ մի քանի  լեզուներ սովորի, ավելի լավ սնունդ ստանա և այլն,  և պատրաստ է դրա դիմաց վճարել կլորիկ գումար՝ դա իր ընտրությունն է: Մասնավոր մանկապարտեզների ծառայությունները, ինչպես և գները, այս իմաստով բավականին լայն դիապազոն ունեն: Բայց դա չպետք է լինի պարտադրված որոշում, այսինքն՝ ծնողը ստիպված լինի տալ երեխային մասնավոր հաստատություն միայն այն բանի համար, որ հնարավոր չէ կարգավորել  մանկապարտեզների աշխատակիցների աշխատանքային ժամերն այնպես, որ դրանք հարմարեցվեն   ծնողների աշխատանքային ժամերին: Իհարկե խոսքը նրա մասին չէ, որ մանկապարտեզների աշխատողները պետք է ավել աշխատեն, քան  օրենքով ամրագրված  8 ժամը, ի վերջո  այս խնդիրը կարգավորելու տարբեր եղանակներ  կարելի է մտածել առանց որևէ մեկի աշխատանքային իրավունքները խախտելու: Ի դեպ, նշենք, որ   ԱՊՀ բոլոր երկրներում, այդ թվում և Ռուսաստանում, Բելառուսում և այլն, մանկապարտեզներն աշխատում են առավոտյան ժամը 8.00-ից մինչև 19.00-ը: Ժամանակն է, որ այս խնդիրը վերջապես լուծվի՝ հնարավորություն տալով հաղթահարել այն արհեստական խոչընդոտները, որոնց առջև են կանգնում մանկահասակ երեխաներ ունեցող բազմաթիվ  ծնողներ:

 

Լիա Խոջոյան

 

 

Հ.Գ.  Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան: Այս մասին  հունվարի 29-ին, ավագանու նիստից հետո ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նշել է, որ դա հնարավոր կլինի անել այս գարնանը: «Մենք որոշում ենք կայացրել, որ 20%-ով բարձրացնում ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Երեւի, կկարողնանք մարտի վերջին կամ ապրիլի սկզբին իրականացնել: Դուրս են մնալու միայն տնօրենները, փոխտնօրենները առայժմ»,- ասել է նա, նշելեվ, որ այժմ մանկապարտեզներում տարբեր աշխատավարձեր են ստանում՝ 70, 80, 90, 100 հազար դրամ:

 

 

 

Դիտումների քանակը` 1392

Վերադառնալ վերև