Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ընտանիքի աջակցություն, կրթություն ու աշխատասիրություն». Մանուշի հաջողության բանաձևը

«Յուրաքանչյուր մարդ կարող է հասնել իր նպատակին, բայց դրան հասնելու առաջին գրավականը ընտանիքի աջակցությունն է, ինչպես նաև կրթությունն ու աշխատասիրությունը»,- ասում է Մանուշ Քալանթարյանը:

 

Մանուշը ծնվել է Տավուշի մարզի Չորաթան գյուղում, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, հետո՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, այնուհետև աշխատանքի անցել նույն համալսարանում, միաժամանակ սովորում է ասպիրանտուրայում:

 

Խոստովանում է՝ եթե չլիներ ընտանիքի աջակցությունը, ինքը չէր ունենա այն, ինչ այսօր ունի: «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ կրթությունը բարձր է գնահատվում: Ծնողներիս համար առաջնահերթը կրթությունն էր, ու երբ հիշում եմ, թե ինձ, քրոջս ու եղբորս կրթության տալու համար ինչ զոհողությունների են գնացել, ուզում եմ իմ քայլերով այնպես ապրել, որ իսկապես արժանի զավակ լինեմ իրենց համար: Ընտրեցի թարգմանչի մասնագիտությունը և եղան պահեր, որ հուսահատվում էի, բայց ծնողներս այդ ժամանակ էլ փորձում էին իրենց խորհուրդներով ինձ օգնել: Հետագայում, երբ որոշեցի մագիստրոսական կրթությունը շարունակել տնտեսագիտական համալսարանում, ծնողներս այդ դեպքում ևս աջակցեցին: Կիրթ, գրագետ մարդիկ են և դա օգնել է, որ երեխաներս կայանանք որպես այդպիսիք»,- պատմում է Մանուշը:

 

Նրա խոսքերով՝ թեև դեռ շատ նպատակներ ունի, որոնց հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն վստահ է, որ իր մոտ ամեն ինչ աստիճանաբար կստացվի:  Մանուշի նպատակներից է իր աշխատանքով աջակցել  հարազատ գյուղին: «Մանկությունս կրակոցների տակ է անցել, հիմա էլ երբ ասում են սահմանին կրակոցներ կան, սկսում եմ վախից կուչ գալ, իսկ հետո սթափվում եմ: Մեզ հաղթել չի լինի, եթե մենք միասին ենք, ամուր ենք ու ուժեղ: Յուրաքանչյուրս պետք է ներդրում ունենանք մեր գյուղի կայացման համար: Թեկուզ ապրում եմ Երևանում, բայց հոգով ու սրտով կապված եմ գյուղի հետ: Առիթը բաց չեմ թողնում, որ գնամ այնտեղ, ծնողներիս տեսնեմ, իմ հարազատ Չորաթանում լիարժեք եմ հանգստանում: Հետագայում, երբ լուրջ հաջողությունների հասնեմ, պետք է նպատակներս կյանքի կոչեմ:  Դրանք վերաբերում են կանանց ներգրավածությանը հասարակական աշխատանքներում, կրթությանը և այլն»,- նշում է Մանուշը:

 

 

Հարցին, թե արդյոք Հայաստանում կրթություն ստանալու, այնպես էլ աշխատանքի տեղավորման հետ կապված խտրական վերաբերմունքի չի հանդիպել, պատասխանում է. «Այնպես չէ, որ ամեն ինչ շատ հարթ է եղել, բուհն ավարտելուց հետո անմիջապես աշխատանք եմ ունեցել: Անշուշտ դժվարություններ եղել են, բայց ես իմ էությամբ հուսահատվող չեմ, երբեք իմ խնդիրների մասին չեմ բարձրաձայնում, փորձում եմ ինքնուրույն՝ իմ աշխատասիրության, ինչու չէ՝ նաև համառության շնորհիվ հաջողությունների հասնել: Կինը պետք է հավատա սեփական ուժերին: Մասնագիտության մեջ հաջողության հասնելու, կատարելագործվելու համար էլ պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես, պետք է նաև մշտապես սովորել, հակառակ դեպքում հաջողություն չես ունենա»:

 

Ինչ վերաբերում է ընտանիք ունենալուն, Մանուշ Քալանթարյանը նշում է, որ ինչպես ցանկացած աղջիկ, ինքն էլ է մտածում ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին. «Չեմ կարող ասել, թե երբ ընտանիք կկազմեմ, բայց միակ երազանքս այն է, որ ունենամ ամուր ընտանիք, այնպիսին, ինչպիսին իմ ընտանիքն է»:

 

Հարցին, թե արդյոք մի օր հանուն ընտանիքի կթողնի աշխատանքը, պատասխանում է. «Ինձ համար առաջնահերթը ընտանիքն է, բայց չեմ կարծում, որ նման փաստի առաջ կկանգնեմ: Իհարկե, գիտակցում եմ, որ որքան էլ սիրես աշխատանքդ, այնուամենայնիվ, կանացի երջանկությունը թերի կհամարվի, եթե չունենաս սիրելի ընտանիք: Սակայն երբ ծնողը հաջողակ է աշխատանքում, երեխան ավելի վստահ է զգում իրեն, հավատում է իր ուժերին: Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե կնոջ աշխատանքից կարող է տուժել երեխան: Իմ մայրն էլ միշտ աշխատել է, բայց դրանից երբեք ընտանիքը չի տուժել: Պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ դասավորել»:

 

Նշենք, որ այսօր բացի համալսարանում աշխատելուց, Մանուշը ակտիվ ներգրավված է Տավուշի մարզի թեմի երիտասարդական կառույցի աշխատանքներում, մասնակցում է տարբեր երկրներում կազմակերպվող փորձի փոխանակման ծրագրերին: «Ի վերջո, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ուղին, և մեր ցանկացած քայլի համար մեղավորն ու պատասխանատուն մենք ենք»,- ասում է նա:

 

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 679

Վերադառնալ վերև