Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մենք պետք է ձգտենք Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության»  

 

Հետընտրական զրույց պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ  

 

WomenNet.am-ը  շարունակում է  հետընտրական հարցազրույցների շարքը  կին պատգամավորների հետ:  Հիմնական թեման ՝ անցած  խորհրդարանական  ընտրություններում  կանանց մասնակցության  գնահատականն է, որը չափազանց կարևոր է  կանանց առաջընթացը արգելակող պատճառների վերհանման և  Ընտրական օրենսրքում սպասվող   փոփոխությունների  համատեքստում:  Մեր զրուցակիցն է ՝ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով մինչ պատագամավոր դառնալը  հայտնի էր իր քաղաքացիական, հասարակական ակտիվ   գործունեությամբ …

 

 

– Ինչպե՞ս կբնութագրեք  հասարակական կարծիքը  կին թեկնածուների նկատմամբ, բարեհա՞ճ էր այն Ձեր նկատմամբ…

 

-Հանրային կարծիքը իհարկե բազմատար է․ տարբեր ընկալումների եմ հանդիպել։ Մյուս կողմից,  իմ մասին կարծիքը հաճախ կանխորոշված է իմ քաղաքական թիմի՝ «Իմ քայլը» դաշինքի մասին կարծիքով, և հակառակը՝ դաշինքի անդամների մասին կարծիքն էլ ազդում է ընդհանուրի մասին կարծիքի վրա։ Ընդհանուր առմամբ, թավշյա հեղափոխությունից հետո  հանրության մեջ քաղաքականության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, իսկ քաղաքական դերակատարների և ինստիտուտների նկատմամբ աճող վստահություն, երբեմն էլ՝ հոգատարությունից, վատ կանխատեսումներից կամ դավադրությունների տեսություններից բխող անհանգստություն։ Նախընտրական շրջանում իմ և գործընկերներիս նկատմամբ զգացել եմ մարդկանց վստահությունը և լավատեսությունը՝ կապված այդ թվում նաև մեր երիտասարդ լինելու և ուղղամիտ մղումներ ունենալու հետ: Ազգային ժողովում աշխատանքի այս մի քանի ամսվա ընթացքում ջանում եմ, որպեսզի ինստիտուցիոնալ քաղաքականությունը պատնեշներ չկառուցի իմ/մեր և մարդկանց միջև։ Ինձ համար կարևոր է ոչ միայն հանրային կարծիքն, այլև ինձ/մեզ հետ հաղորդակցվելու  ժամանակ մարդկանց անկաշկանդ լինելը։

 

 

-Դուք առաջադրվել եք նաև որպես ռեյտինգային թեկնածու: Ինչպե՞ս եք վերաբերում ռեյտինգային ընտրակարգին, ի՞նչ առավելություններ և ինչ խոչընդոտներ ունի այն կին թեկնածուների համար: Ձեր կարծիքով՝ այն պետք է պահպանել, թե այնուամենայնիվ հրաժարվել տարածքային ցուցակներից:

 

-Ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել, թեպետ այս անգամ հնարավոր եղավ կոտրել որոշ կարծրատիպեր և այսօր  Ազգային ժողովում այդ ընտրակարգով ընտրված  մեկ տասնյակից ավել կին պատգամավորներ կան՝ ի տարբերություն նախորդ գումարման, որտեղ  ռեյտինգային ընտրակարգով ընդամենը երկու կին պատգամավոր կար:  Այս անգամ մենք ստիպված քայլեր ձեռնարկեցինք ռեյտինգային ընտրակարգի բացասական կողմերը չեզոքացնելու համար՝ ընտրատարածքներում հաճախ հանդես գալով որպես թիմ և թեկնածուների մեծ մասին ներգավելով տարածքային ցուցակներում («Իմ քայլը» դաշինքի 183 թեկնածուներից 148-ը առաջադրվել էին նաև ռեյտինգային ընտրակարգով)։ Սակայն ռեյտինգային ընտրակարգը շարունակում է մնալ մեր քաղաքական համակարգի և դեռևս գերիշխող քաղաքական մշակույթի համար վնասակար։ Մենք Ազգային ժողովում չունենք ներկայացուցիչների պալատ, և ռեյտինգային ընտրակարգով ընտրված թեկնածուների՝ իրենց ընտրողների առջև պատասխանատու և հաշվետու լինելը կախված է միայն նրանց կամքից և, ըստ էության,  չունի իրավական գործիքակազմ։ Ներկայացուցչական մանդատի մասին սահմանադրական դրույթը ասում է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Իհարկե, այժմ ռեյտինգային ընտրակարգով ընտրված իմ գործընկերները շատ ջանք կգործադրեն իրենց համայնքներին հաշվետու լինելու և նրանց խնդիրները բարձրաձայնելու համար, սակայն ընդհանուր առմամբ այս համակարգը խաբկանք է ընտրողների համար։ Ռեյտինգային ընտրակարգը թերևս մեկ առավելություն ունի, դա քարոզարշավը ապակենտրոնացնումն է։ Սակայն այն բոլոր ջանքերը, որոնք կիրառվում են դրա բացասական կողմերը չեզոքացնելու ուղղությամբ կարելի է գիտակցաբար ուղղել քարոզարշավը միշտ համայնքներ տանելու ուղղությամբ՝ հավաքագրելով մարդկանց խնդիրները և բակ առ բակ խնդրելով մարդկանց վստահության քվեն։

 

 

-Ի՞նչ դեր է խաղում ընտանիքը կանանց քաղաքական մասնակցության հարցում: Ձեր դեպքում ընտանիքը դե՞մ է եղել, թե՞ աջակցել է:

 

-Ընտանիքը կարող է թե՛ աջակցել կնոջ քաղաքական մասնակցությանը, թե՛ ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհնար դարձնել այն։ Մի կողմից այն կարող է հանդիսանալ ապավեն և ընտանիքում գործառույթների (վերա)բաշխման միջոցով նպաստել կնոջ առաջխաղացմանը։ Մյուս կողմից գործառույթների անարդար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ կինը կրկնակի բեռ է կրելու՝ հանրային կամ քաղաքական գործունեություն ստանձնելով։ Հաճախ նաև ընտանիքի անդամները հոգատարության, զգուշավորության, հանրային կարծիքի և կարծրատիպերի շուրջ վախերի պատճառով տարհամոզում և ետ են պահում կնոջը իր հանրային և քաղաքական գործունեությունից։ Իմ ընտանիքը ինձ քաջալերել է։ Մայրս միշտ եղել է իմ առաջխաղացման ջատագովը։ Փոքր տարիքից ինձ մղել է դեպի աշխարհ և այժմ էլ մեծապես աջակցում է ինձ։

 

 

-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի կինը, որ քաղաքականության մեջ հաջողության հասնի:

 

-Նախ հիշենք, որ պատմականորեն ներկայացուցչական ժողովրդավարության համակարգում թե՛ ընտրողները, թե՛ ընտրվողները եղել են սեփականություն ունեցող տղամարդիկ և միայն 20-րդ դարում է, որ կանայք հասել են իրենց ընտրական իրավունքի ամբողջական իրացմանը։ Հետևաբար առնվազն մի քանի ճանապարհ կա, որոնցից  մեկը՝ հասկանալ տղամարդկանց կողմից և տղամարդկանց մասնակցության համար ստեղծված քաղաքական համակարգի տրամաբանությունը, զարգացնել և դրսևորել այդ համակարգի կողմից արժևորվող և մշակութորեն տղամարդկային համարվող հատկանիշներ և արժեքներ՝ ինքնուրույնություն, անկախություն, ինտելեկտ, կամք, զգոնություն, հիերարխիա, մրցակցություն, տիրապետություն, մշակույթ, արդյունք, ասկետիզմ, պատերազմ, կյանքի զոհողություն և այլն։ Մյուս ճանապարհը ենթադրում է փոխել համակարգը՝ գործի դնելով մշակութորեն կանացի համարվող և կերտվող հատկություններ և արժեքներ՝ փոխկախվածություն, համայնք, զգացմունքներ, մարմին, վստահություն, հիերարխիայի բացակայություն, բնություն, գործընթաց, ուրախություն, խաղաղություն, կյանք և այլն: Եվ գուցե ամենարդյունավետը այս երկու ճանապարհների համադրումն է, որը քաղաքական համակարգը փոխելուն զուգընթաց կտարալուծի մշակութորեն կանացի կամ տղամարդկային համարվող և կերտվող հատկանիշների և արժեքների բաժանարարները։

 

 

-Ձեր կարծիքով նչպիսին պետք է լինի կանանց  ներկայացվածոությունը խորհրդարանում,  և արդյո՞ք  այն ապահովելու համար քվոտան անհրաժե՞շտ է:

 

 -Ազգային ժողովը ներկայացուցչական ժողովրդավարության տրամաբանության մեջ պետք է արտացոլի հասարակության կառուցվածքը։ Մենք պետք է ձգտենք Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության։ Քվոտան այս ճանապարհին անհրաժեշտ, բայց ժամանակավոր միջոց է։ Դրան զուգահեռ մենք այնպիսի միջոցներ պետք է կիրառենք, որոնք կանանց ներգրավվածությունը կապահովեն առանց քվոտայի։ Լավագույն ձևը գոնե որոշ կին և տղամարդ քաղաքական գործիչների կողմից իրենց օրակարգի այնպիսի ձևավորումն է, որը կնպաստի կանանց զորեղացմանն ու ինքնազորեղացմանը։

 

 

-Իսկ եթե քվոտան չլիներ, դա կազդե՞ր ներկայիս ԱԺ-ում կանանց ներկայայցվածության վրա:

 

-Գրեթե համոզված եմ, որ մեր ներկայացվածությունը ավելի քիչ կլիներ։ Հակառակ պարագայում այն այսպես չէր համընկնի քվոտայի թելադրած թվին։ Երբ գոնե մի տոկոսով կգերազանցենք ամրագրված քվոտան, կհամարեմ, որ «բնական» փոփոխություն է տեղի ունեցել։

 

 

-Դուք Ձեզ տեսնու՞մ եք խորհրդարանում կանանց իրավունքների պաշտպանի դերում:

 

-Այո՛։ Եվ անելու եմ իմ դերից բխող ամենը, որ ընդլայնվի կանանց ներգրավվածությունը քաղաքական,  տնտեսական և այլ հանրային գործունեության մեջ ։

 

 

-Որո՞նք են այն խնդիրները, որ որպես օրենսդիր կցանկանայիք առաջնահերթ լուծել:

 

-Այս հարցազրույցի համատեքստում ինձ համար առաջնային են հակախտրականության համապարփակ օրենսդրությունը, ընտանեկան բռնության մասին օրենսդրության կատարելագործումը և դրա կիրառման նկատմամբ հետօրենսդրական վերահսկողությունը։ Ինձ համար կարևոր է նաև առհասարակ օրենքների և հասարակական նորմերի միջև խզման վերացումը, որպեսզի մեր օրենքներում հռչակված կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը իրականության մեջ ևս արտացոլվի։

 

 

-Արդեն մի քանի  ամիս է նոր ԱԺ-ն գործում է. կանանց ձայնը լսելի՞ է:

 

-Կարծում եմ՝ այո։ Ազգային ժողովում առ այսօր ծավալված քննարկումների և որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածությունը ինձ լավատեսորեն է տրամադրում։

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մարիա Կարապետյան. «Կանայք կարող են և՛ ճկուն լինել, և՛ կոշտ»

 

Դիտումների քանակը` 931

Վերադառնալ վերև