Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարիամ Գեւորգյանը փոխհատուցում է պահանջում

«Մարմինս վառել են, լեզուս վառել են, քիթս կոտրել, պատառաքաղով ձեռքերս ծակծկել են»… ընտանիքում դաժան բռնությունների ենթարկված Մարիամ Գեւորգյանի մասին գրել էինք դեռեւս 2012 թվականին: Այդ ժամանակ Մարիամը պայքարում էր, որ իրեն բռնությունների ենթարկած ամուսինն ու սկեսուրը պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, մեղավոր է ճանաչվել խոշտանգման եւ դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մեջ, իսկ ամուսինը` Դավիթ Սիրոյանը, դատապարտվել է ծեծի համար, սակայն երկուսն էլ համաներմամբ ազատ են արձակվել:

 

Մարիամի մարմնի վրա առկա սպիներն ու այրվածքները երիտասարդ կնոջը թույլ չեն տալիս մոռանալ իր հետ կատարված վայրագությունները: Նա ցանկանում է ազատվել այդ հետքերից եւ վիրահատական ծախսերը հոգալու համար դիմել է դատարան` նախկին ամուսնուց եւ սկեսուրից պահանջելով փոխհատուցել իր առողջությանը հասցված վնասը:

 

Հասցված վնասի չափը որոշելու համար Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նշանակել էր փորձաքննություն` փորձագետին առաջադրելով հետեւյալ հարցերը. արդյոք հնարավոր է Մարիամ Գեւորգյանի մարմնից բժշկական միջամտությամբ վերացնել հանցագործության արդյունքում ստացված վերքերի հետքերը: Եւ եթե այո, ապա որքան դա կարժենա:

 

«Մյուս կողմը հավանաբար համաձայնության է եկել փորձագետի հետ, քանի որ վերջինս այնպիսի եզրակացություն է տվել, թե իբր հնարավոր չէ բժշկական միջամտությամբ վերացնել Մարիամի մարմնի վրա առկա հետքերը: Այնինչ մենք դիմել ենք մի շարք բուժհաստատությունների եւ նրանք տեղեկանք են տվել այն մասին, որ մարմնի վրայի սպիները կարելի է վերացնել եւ նույնիսկ նշել են, թե կոնկրետ ինչ եղանակով»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց Մարիամ Գեւորգյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մուրադյանը:

 

Վաղը` ժամը 14:00-ին Արտաշատի նստավայրում շարունակվող դատական նիստի ժամանակ Տիգրան Մուրադյանը դատարանին է ներկայացնելու այդ տեղեկանքները եւ փորձելու է պարզել, թե փորձագետն ինչ հիմքով է եզրակացրել, թե անհնար է վերացնել ընտանեկան բռնության ենթարկված կնոջ մարմնի սպիները:

 

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…

 

Հարսին խոշտանգումների ենթարկած սկեսուրը մի քանի ամսից ազատության մեջ կլինի

 

Հարսին խոշտանգած սկեսուրին՝ 4 տարվա ազատազրկում, ապա համաներում…/ վիդեո

 

Խոշտանգված հարսի փաստաբանը բողոքարկել է առաջին ատյանի որոշումը

 

Դիտումների քանակը` 4488

Վերադառնալ վերև