Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարիամ Մանուկյան. «Կանանց խնդիրները միշտ իմ օրակարգում են եղել»

Մեր զրուցակիցն է նորաստեղծ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակում երկրորդ հորիզոնականում ներկայացված  «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ, GMG Media Group ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանը:

 

Մարիամ Մանուկյանը ունի երկու մասնագիտություն՝ լրագրող և ռեժիսոր, երկու մասնագիտություններով էլ աշխատել է, իսկ կարիերան սկսել է Հ2 հեռուստաընկերությունում՝ վարելով հեղինակային «Հին ու նոր պահանջարկ» հաղորդաշարը: Այնուհետ գործունեությունը շարունակել է հայաստանյան այլ հեռուստաընկերություններում և հաղորդաշարներից մեկի շնորհիվ  կապեր հաստատել գործարար համայնքի հետ և հենց ներսից տեսել ու հասկացել նրանց խնդիրները: Արդյունքում էլ ծնվել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ» ստեղծելու գաղափարը, որը միտված է պաշտպանել գործարարների շահերն ու աջակցել նրանց:

 

– Գործարարներն ունեն բազմապիսի խնդիրներ՝ ապրանքների իրացման, իրավական խորհրդատվության, պետական գերատեսչությունների հետ շփումների  և այլնի մասով: Վեց տարի առաջ հիմնադրելով խորհուրդը, մենք դրանում ընդգրկեցինք Հայաստանի գրեթե բոլոր գործարար ընկերություններին, որոնց հետ աշխատում ենք և որոնց համար հնարավորության հարթակ ենք ստեղծում դուրս գալ միջազգային շուկա, ներկայացնել հայկական ընկերությունները, դրանց արտադրանքն ու ծառայությունները: Զուգահեռաբար մենք նաև ուղիներ էինք փնտրում գործադիր և օրենսդիր մարմինների հետ աշխատելու և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած  երկխոսության արդյունքում  ձեռք բերեցինք համաձայնություն, ըստ որի մեր խորհուրդն այսուհետ ուներ իրավասություն ներկայացնել պետության շահերը և հանդես գալ կառավարության անունից: Իսկ սա, հասկանալի է, լուրջ դռներ մեզ համար բացեց, մասնավորապես միջազգային հարթակներում, քանի որ շատ պետություններ կան, որոնք չեն թույլատրում գործունեություն ծավալել և համաձայնագրեր կնքել, մինչև պետության անունից հանդես չգաս: Բայց այս դեպքում մենք, կարող եմ ասել, նպաստեցինք, որպեսզի հայկական արտադրանքը դուրս գա միջազգային շուկա, մասնավորապես Չինաստան և այլն, և դա տեղի ունեցավ պետական մակարդակով:

 

-Այսինքն,  ներսից հստակ պատկերացում ունեք, թե ինչ խնդիրների են բախվում հայ գործարարները:

 

-Այո: Բոլոր ընձեռված հնարավորություններին զուգահեռ մենք միշտ բախվում էինք խնդիրների՝ կոռուպցիոն ու կոռումպացված համակարգ, գրեթե փակ գնումների համակարգ, բազմաթիվ դիմում-բողոքներ գործունեության խոչընդոտների մասով և այլն:

 

-Ինչո՞ւ են կանայք քիչ ներկայացված բիզնեսում:

 

-Բիզնեսը իրականում բարդ ոլորտ է և ոչ բոլոր կանայք ունեն այն ազատությունը, որպեսզի կարողանան լիարժեք ընդգրկվեն այդ ոլորտում: Իհարկե, Հայաստանում կան շատ կին գործարարներ, որոնք մեծ հաջողությունների են հասել, հայտնի են նաև միջազգային ասպարեզում, բայց ես կարծում եմ, որ հայ կանանց միշտ մի քիչ խանգարում է լիովին ազատ չլինելու հանգամանքը: Մեր հասարակությունը շատ կարծրատիպային է ու որքան էլ մենք խոսենք առաջընթացի, կնոջ դերի բարձրացման մասին հասարակությունում, ինչը ես ինքս տեսնում ու անչափ գնահատում եմ, բայց միևնույն է՝ միշտ ինչ-որ բան խանգարում է կանանց առաջ գնալու, լիարժեք կայանալու ու  ազատ լինելու համար:

 

-Նկատի ունեք, որ ընտանիքները պատրաստ չե՞ն, որպեսզի կանայք լինեն ազատ:

 

-Հայաստանում, ցավոք, կնոջ ազատությունը այլ ձևաչափով է ընկալվում ու լրիվ սխալ ուղղությամբ տանում պատկերացումները: Շատ դեպքերում մեր հասարակությունը ազատ կին լինելու տակ հասկանում է անբարոյականություն, թեթև բարքեր և այլն: Ես ուրախ եմ, որ գնալով այս մոտեցումները նահանջում են և դրա վառ օրինակն է ոչ միայն այն, որ գործարարությամբ ավելի շատ կանայք են սկսում զբաղվել, այլև քաղաքական դաշտում է կանանց թիվն ավելանում: Բայց մենք դեռ անելիք ունենք, որպեսզի ազատ կին լինելը Հայաստանում լինի նորմալ ընկալվող երևույթ և կաշկանդվածություն չառաջացնի առաջին հերթին հենց կանանց մոտ, որոնց ներուժն ուղղակի ափսոս է չօգտագործելը: Ի վերջո, կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են, թե պետությունները քանի միլիարդ են տարեկան կորցնում կանանց ներուժը տնտեսությունում չօգտագործելով:

 

Իսկ  ինչպե՞ս է Ձեր ընտանիքն ընդունել որոշումը մտնել քաղաքական դաշտ:

 

-Ես երջանիկ կանանց շարքին եմ դասվում, ամեն օր աղոթում, որ Աստված իմ աշխարհը չխլի… ինչպես Հոմերոսն էր ասում՝ վերջապես ես իմ աշխարհը գտա: Ամուսինս է ինձ միշտ հորդորել, տվել այդ ստիմուլը գնալ առաջ, փորձել նորը, չվախենալ սեփական մտքերից ու գաղափարներից ու դրանք կյանքի կոչելուց: Այս օրերին էլ, երբ ես պահի տակ դժգոհում եմ կամ նեղսրտում, թե չպիտի մտնեի այս դաշտ, չպիտի գնայի ԱԺ-ում ներկայացվածության համար այս պայքարին, դժվար է, նա միշտ ասում է՝ դու ուժեղ կին ես, դու կարող ես, դու կհաջողես: Ասում են, որ կինը միշտ ընտրության առաջ է ՝ ընտանիք, թե կարիերա, բայց ես կարծում եմ, որ եթե ամուսինը նման աջակցություն է հայտնում կնոջը, ապա ընտրություն կատարելու այդ ծանր բեռը այլևս չի լինի:

 

-Հաշվի առնելով Ձեր գործունեությունը գործարարների հետ փոխհարաբերություններում, կարելի է ենթադրել, որ ընտրվելու դեպքում  ԱԺ-ում կբարձրաձայնեք այս ոլորտին առնչվող հարցեր: Իսկ պատրա՞ստ եք բարձրաձայնելու նաև կանանց իրավունքներին ու շահերին առնչվող հարցեր:

 

 –Իրականում այդ հարցերը առնչվում են նաև կանանց, քանի որ եթե իրավական արդարության չենք գալիս, ապա ցանկացած ոլորտ կաղալու է՝ բժշկությունից մինչև բիզնես: Բիզնեսը պետք է իրավական հավասարություն ունենա,  կանայք ու տղամարդիկ պետք է իրավահավասար լինեն: Ինձ համար անչափ կարևոր ու ցավոտ հարց է ընտանեկան բռնության երևույթը, և պետությունը պետք է ձեռնարկի ամեն հնարավոր միջոցը, որպեսզի այդ արատավոր երևույթը մեր առօրյայից նահանջի:

 

Մինչ օրս բարձրացրել եմ նման հարցեր և եթե չլինեմ էլ ԱԺ-ում՝ դա ոչինչ չի փոխի իմ գործունեության  մեջ: Իհարկե, լինելով օրենսդիր մարմնում շատ հարցեր ավելի հեշտ է առաջ տանել, բայց որևէ խնդիր չեմ տեսնում, եթե չլինեմ՝ կանանց խնդիրները միշտ իմ օրակարգում են եղել: Մենք խոսում ենք գենդերային հավասարության մասին և պետք է գանք նրան, որ այդ գենդերային հավասարություն ոչ թե խոսքով լինի, այլ գործով: Կարծում եմ, կարևոր է իրավական նոր մեխանիզմներ  մշակել, որպեսզի կինը իրեն զգա ապահով ինչպես ընտանիքում, այնպես էլ աշխատավայրում ու հասարակությունում առհասարակ: Հայաստանյան  շատ օրենքներ, օրենսգրքեր, այդ թվում և Աշխատանքային օրենսգիրքը, այս իմաստով փոփոխության լուրջ կարիք ունեն, քանի որ կանանց շահերն ու իրավունքները շատ դեպքերում ստորադասվում են:

 

Ես կառանձնացնեի նաև մեկ հարց ևս, որը ինձ շատ է անհագստացնում և որին ես առնչվում եմ իմ գործունեության շրջանակում: Ես հանդիսանում եմ Էջմիածնում գործող «Մեր տունը»  հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, որը, ինչպես գիտեք, իր հարկի տակ է հավաքում մանկատան սան-աղջիկների: Երկար տարիներ հետևել եմ այդ կազմակերպության գործունեությանը և ներսից գիտեմ, թե ինչ խնդիրների են մանկատան շրջանավարտները բախվում այն լքելուց հետո՝ կրթություն, առողջապահական ծառայությունների գրեթե անհասանելիություն, բնակարան չստանալու խնդիր և այլն: Ես տեսել եմ, թե ինչ խնդիրներ ունեն այդ աղջիկները, որոնց Տիգրանուհի Կարապետյանը շանս է տալիս կյանք մտնել արժանավայել, ուսում ստանալ, շատ դեպքերում՝ ամուսնանալ,  բայց չէ՞ որ մանկատան սաները շատ են և նրանցից ոչ բոլորն են կարողանում հայտնվել «Մեր տանը»:  Հայաստանում նման կազմակերպություններ գոյություն չունեն, «Մեր տունն» էլ պետական ոչ մի ֆինանսավորում չունի, բայց ինչ ահռելի գործ է անում: Ես կարծում եմ, որ այստեղ շատ անելիք ունենք, որովհետև սոցիալական ծրագրերի բացակայությունը բերում է բազմաթիվ ճակատագրերի խեղման:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 791

Վերադառնալ վերև