Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարիամ Նիկոլյան. «Ուզում եմ մեր կանայք հասնեն բարձունքի»

Դիտակը հնարավոր է դառնա բացառապես կանանց ավագանիով համայնք

 

Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ 31ամյա Մարիամ Նիկոլյանը որոշել է առաջադրվել որպես ավագանու թեկնածու: Ընտրությունները հունիսին 9-ին են լինելու:

 

Մարիամը որևէ կուսակցույթան չի հարում, ասում է՝ պատրաստ է աշխատել Դիտակի ավագանիում, վստահ է՝ բավարար ձայներ կհավաքի:  Երկու մասնագիտություն ունի՝ նախադպրոցական մանկավարժություն, իսկ մինչ այս, սովորել է նաև Ագրարային համալսարանում:

 

«Երբ առաջարկը ստացա, հայտնեցի ընտանիքիս անդամներին, ոչ ոք դեմ չէր: Ամուսինս հարցրեց՝ ուզո՞ւմ ես ներգարվվես այդ գործում: Ասացի՝ ինչու՝ ոչ, ես էլ եմ ուզում համայնքում աշխատել, մի խնդիր լուծել: Դրանից հետո հստակ որոշեցի՝ կառաջադրվեմ: Ամուսինս էլ ասել է՝ ամեն հարցում կողքիդ կանգնած կլինեմ»,-պատմում է Մարիամը:

 

«Կանայք ոչ պակաս խելացի են, գործունյա, նույնիսկ ավելի իմաստուն են,  դրա համար էլ որոշեցի առաջադրվել, որպեսզի առաջ գնանք, մեր համայնքը զարգացնենք»,-ասում է Մարիամը: Նա անկեղծանում է՝ իրեն ոգևորել են ավագանու մյուս կին թեկնածուները, մինչ այս էլ համայնքի ավագանիում երկու կին կար, նրանք նույնպես առաջադրվել են: 

 

Կարծես Դիտակում կանանց ավագանի է լինելու. մեր այս կատակին Մարիամն ավելացնում է՝ «Մի տղամարդ թեկնածու էլ կա, ինքը շատ լավն է, նա էլ արժանի է. բայց գյուղապետն էլ տղամարդ է, բոլորս գոհ ենք իրենից: Չգիտեմ ինչ կազմով կլինի ավագանին, բայց հետաքրքիր է լինելու»:

 

Երկու երեխա ունի Մարիամը. իր երեխաների օրինակով առաջին հերթին մտածում է համայնքի երեխաների մասին.«Մանկապարտեզում աշախատել եմ որպես դաստիրակ, այս աշխատանքն էլ խթան էր, որ առաջադրվեմ, որովհետև մտածում եմ՝ երեխաների համար համայնքը ավելի գրավիչ դարձնել, իրենց համար համայնքում մի լավ բան անեմ, ավելի ապահովված լինեն, օգնեմ նրանց ավելի լավ միջավայրում ապրեն, ուրախ ու ավելի առողջ, էկոլոգիապես մաքուր միջավայրում ապրեն ու մեծանան, կապվեն համայնքի հետ, որպեսզի հետո չարտագաղթեն: Պիտի փորձեմ իմ ներգործությունն ունենալ նրանց ավելի լավ կյանք տալու համար»:

 

Մարիամը նույն մարզի Արևաշատ համայնքից է Դիտակ հարս եկել. ասում է՝ այն համայնքից է, որտեղ, ինչպես ինքն է ասում՝ ամենահամեղ չրեր են պատրաստում: Ավագանու թեկնածուն ասում է՝ չրեր պատրաստելու տարբեր մեթոդներ կան, բայց ինքը ծրագրում է համայնքում զարգացնել չրագործության այնպիսի մեթոդ, որպեսզի էկոլոգիապես մաքուր չրեր ստանան, շաքար չլինի, վիտամիները պահպանվեն. «Գիտեք, շատ տեղերում չրագործություն կա, բայց ծխեցնում են շատ ու վիատմիները կորում են: Մենք պետք է մաքուր չրեր պատրաստենք»:

 

Այս համայնքում տնային պայմաններում չրեր երևի բոլոր ընտանիքներում են պատրաստում. մի տեսակ մրցակցություն էլ կա՝ թե որ մեկի չրերն են ավելի համեղ ու սիրուն: Հավանաբար սա է պատճառը, որ Դիտակում առաջադրված ավագանու մյուս կին թեկնածուներն էլ ծրագրում եմ համայնքում չրագործությունը զարգացնել:

Դիտակի ավագանու մեկ այլ թեկնածու՝ Մարիամ Հհովհաննիսյանն ու Մարիամ Նիկոլյանն ընկերուհիներ են. մեր զրույցի ժամանակ նրանք փոքրիկ չրանոցի մոտ քննարկում էին, թե տարբեր մրգերից ինչ եղանակով կարելի է էկոլոգիապես մաքուր չիր պատրաստել. հակադրվում են, ամենքն իր կարծքին է հայտնում, մեկն իր մոր օրինակն է բերում, մյուսը՝ ժամանակակից եղանակներն էր մատնանշում: Մի խոսքով՝ կողմնորոշված են՝ Դիտակը համայնքի կանանց ջանքերով կարող է դառնալ չրագործության կենտրոններից մեկը:

Թե այս ամենին ինչպես կարող են հասնել, Մարիամ Նիկոլյանն ասում է. «Որոշ չափով պատկերացնում եմ ավագանիում աշխատանքը, բայց մինչև այնտեղ չլինես, ինչպես ասում են՝ մեջ չլինես՝ ամբողջությամբ չես կարող տիրապետել իրավիճակին»:

 

Մարիամը մտածում է՝ համայնքը չրագործությամբ առաջ տանելու համար համայնքի գրեթե բոլոր ընտանիքները կարող են ներգրավվել այդ գործում.«Այդ չրերը պետք է լավ դիզայներական ձևերով ապրանքի վերածենք, ու կանայք այս հարցում պոտենցիալ ունեն, ընտանիքների մի մասը կարող է դիզայներական լուծումներ գտնել, մյուս մասը՝ տարբեր տեսակի տուփեր պատրաստել»:

 

Մարիամն ասում է՝ ծրագրում է նաև  մանկապարտեզի հարցը բարձրացնել, համայնքի փողոցները ասֆալտապատ են, ասում է՝ գյուղապետն այդ հարցը լուծել է, բայց կան որոշ փողոցներ էլ, որոնք ասֆալտապատ չեն, հաջորդ ավագանին դրա մասին էլ կմտածի:

 

«Ուզում եմ մեր կանայք, որոնք տարբեր տաղանդներ ունեն, կարողանան աշխատանք ունենալ, հասնեն բարձունքի: Գիտեմ, որ գումար չունեն, շատ բան կախված է գումարից, չեն էլ պատկերացնում ոնց գտնեն, ինչ ծրագրի մասնակցեն: Երբ կլինեմ ավագանիում, մտածում եմ նրանց աջակցելու համար միջոցներ կգտնենք: Տարբեր ծրագրեր կբերենք համայնք»,-ասում է Մարիամը:
 

 

 

 

Նունե Բադալյան

Դիտումների քանակը` 361

Վերադառնալ վերև