Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարիամ Ծատրյան. «Ռեյտինգային ընտրակարգով պայքարը դժվար է, բայց հաղթահարելի»

25ամյա Մարիամ  Ծատրյանն պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով  Վայոց ձոր և  Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

 

Մարիամի խոսքով,  մեր հասարակությունն արթնացել է երկարատև թմբիրից.« 20-ամյա բռնապետությունը տապալվել է, մարդու մեջ արթնացել է քաղաքացին: Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանն է: Հիմա այդ փուլի մեկնակետին ենք և եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը ու ես չեմ խուսափում դրանից. Կա հնարավորություն ծանր ժառանգություն ստացած, կուտակված խնդիրները բարձր ամբիոնից բարձրացնելու, դրանց համար լուծումներ գտնելու համար: Ես դրան պատրաստ եմ»:

 

Ընտրապայաքարի մեջ մտած երիտասարդ գործիչն ասում է՝  կին թեկնածուի համար ռեյտինգային ընտրակարգով պայքարն, իհարկե, դժվար է, բայց այդ դժվարությունը հաղթահարելի է: Մարիամի կարծիքով՝ մարդիկ հաճախ առաջնորդ կանանց կերպարը տեսնում են 35-40 տարեկանում, բայց ինքը 25-ում է փորձում   համարձակության և կարծրատիպեր կոտրելու հայտ  ներկայացնել,  այն էլ սյունիքյան, իր խոսքերով, հայտնի միջավայրում.« Դեկտեմբերի 9-ի արդյունքները ցույց կտան, թե որքանով է այն ինձ հաջողվել և որքանով եմ եղել ընկալելի»:

 

Մեր հարցին՝ ինչպես է  ներկայանում  ընտրողին, Մարիամը չափազանց անկեղծ է պատասխանում. «Գիտե°ք, ընտրապայքարում որևէ արհեստական շեշտադրում չեմ անում:   Աշխատում եմ լինել անմիջական, խոսքս՝պարզ և զինված համբերատարությամբ: Այստեղ մարդիկ ինձ այդպես էլ գիտեն: Եվ ամենակարևորը՝ ես կտրված չեմ եղել տարածաշրջանի հիմնախնդիրներից, տարբեր ձևաչափերով հասարակության հետ կապս միշտ առկա է եղել»:

 

Մասնագիտությամբ պատմաբան Մարիամը, աշխատում է Սյունիքի մարզի Մեղրի համյանքի քաղաքապետարնում, որպես մամուլի խոսնակ. ասում է՝ նախորդ իշխանության ժամանակ քաղաքապետարանում աշխատող միակն է եղել ընդդիմադիր հայացքներով:  Նա ծնունդով նույն մարզի Ագարակ քաղաքից է, ծնվել ու ապրում է այդտեղ, ուստի շատ լավ գիտի մարզի ու համայնքի , նաև երկրում ծագած առաջնային խնդիրները որոնք են: Մարիամն ասում է՝ «երանի՜ կարողանայի ընդամենը մի քանի խնդիրներով սահմանափակվել…»:

 

Իր նախընտրական քարոզարաշավի շրջանակում  Մարիամն ուշադրություն է հրավիրում նաև մեր հասարակության համար չափազանց զգայուն խնդրին.  «Ինձ համար Հայաստանի թիվ մեկ խնդիրը և Հայաստանի գոյության հիմքում դրված հարցը Լեռնային Ղարաբաղի հարցն է, խաղաղության հիմնախնդիրը»:

 

Տարածաշրջանի խնդիրների մասին խոսելիս, Մարիամը նկատում է, որ Սյունիքն և Վայոց ձորը, որտեղ նա առաջադրվել է, ունեն խնդիրների նմանություն: « Տեսեք՝ Սյունիքը Հայաստանի տնտեսական կենտրոնն է, այստեղ գործազրկության, աղքատության ցուցանիշը նվազ է: Բայց մարզն ունի դիվերսիֆիակացիայի խնդիր՝ հանքարդյունաբերությանը հակակշիռ չկա: Դա իր հերթին բերում է ներքին արտագաղթի՝գյուղից քաղաք:  Հանքում աշխատողը, բանվորը այլևս դժվար թե գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվի: Երկիրը պահողը գյուղն է, գյուղ պահողը՝ դպրոցը: Հաճախ գյուղական կրթության որակից ելնելով են գնում քաղաքներ և աշխատանքի անցնելով կոմբինատներում՝մնում են քաղաքում: Դրանով գյուղը թուլանում է, գյուղացին գյուղին չի կապվում», – ասում է նա:

 

Հասարակական, քաղաքական և պետական ոլորտներում կանանց նվազ ներգրավվածության մասին Մարիամն իր տարածաշրջանի օրինակով է խոսում.«Այնտեղ, որտեղ աշխատում եմ (Մեղրիի համայնքապետարան), կանայք բացարձակ մեծամասնություն են կազմում, բայց, ցավոք, չունենք ավագանու կին անդամ: Ես լիահույս եմ, որ ՏԻՄ հաջորդ ընտրություններում պատկերն այլ կլինի: Կանանց պետք է ինքնադրսևորման հարթակ տրամադրվի: Մարզերում դա դժվար է, բայց դրական տեղաշարժ նկատվում է: Դրան մեծապես նպաստում է ՀԿ-ների գործունեությունը: Օրինակ՝ Սյունիքում գործում են կանանց ռեսուրս կենտրոններ, որոնք հետաքրիր ծրագրեր են իրականացնում և ներգրավվում կանանց»:

 

Ընտրվելու դեպքում,  ինչպես Մարիամն է ասում, պատրաստ է  բոլոր քաղաքացիների, կին, թե տղամարդ, շահերն ու իրավունքները պաշտապնել: Նաև նկատում է. «Գիտակցական կյանքումս չեմ հիշում, թե երբ ենք Սյունիքից կին պատգամավոր ունեցել, սյունեցի, Սյունիքի խնդիրներով ապրող և ոչ թե հայտնի մեթոդներով Սյունիքից ձայն փախցրած ու կոճակ սեղմող: Ի դեպ, երբ ասում եմ Սյունիք,  նկատի ունեմ նաևՎայոց ձորը, որովհետև պատմականորեն դա մեկ միավոր է եղել և իմ գիտակցության մեջ հիմա էլ այդպես եմ ընկալում»:

 

Կանանց նկատմամբ խտրականության և անհավասարության դրսևորումների մասին Մարիամն ասում է, որ դրանք  իր համար խորթ և անընդունելի երևույթներ են.«Դրանց դեմ պետք է տարվի ինստիտուցիոնալ պայքար՝ պետական կարգավորումների մակարդակով»: Մարիամի խոսքով,  կանանց հաճախ են թերագնահատում, բայց ներգրավվածության առումով աստիճանաբար դրական տեղաշարժեր նկատվում են:  «Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսը կանայք են, բայց ես նկատում եմ, որ կա համարձակության, ինքնավստահության, ինքնադրսևորման համար անհրաժեշտ հարթակի խնդիր: Այս հարցում անելիք ունեն նաև կուսակցությունները, որոնք իրենց ներքին ժողովրդավարության սկզբունքները կառուցեն գենդերային հավասարության սկզբունքի վրա:  Տեսեք՝ Հայաստանում ամիսներ առաջ կատարվածի անարյուն, խաղաղ, թավշյա բնույթի  գրավականն էր այն, որ հեղափոխության մասնակիցների 35-40 տոկոսը կանայք էին», – ասում է նա:

 

Այդ նույն համատեքստում, «քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությանը, նրա կարծիքով, չի կարելի լուրջ վերաբերվել: Դա, Մարիամի բնորոշմամբ, լոկալ մենթալիտետով պայմանավորված կարծրատիպ է, որն իրականության հետ աղերս չունի:

 

Հեղափոխության օրերին քայլերիթի ակտիվ մասնակիցներից է եղել Մարիամը: Սոցիալական ցանցում՝ ֆեյսբուքյան իր էջում ինքն ու ընկերները վաղուց և շատ հաճախ Մարիամին կեսկատակ-կեսլուրջ Սյունիքի մարզպետի պաշտոնին էին նշանակում ու նոր անվամբ կարգել՝ Մարիամ-Սյունի. այդ ժամանակ պայքարը նախկին իշխանության դեմ էր. հիմա էլ կատակով ասում է՝ միայն այդ անունը կրելու համար՝ արժե այդ պաշտոնին գնալ:  Բոլոր դեպքերում, հիմա  Մարիամը ցանկանում է պատգամավոր ընտրվել ու կոչ է անում քաղաքացիներին.«Դեկտեմբերի 9-ին գնացեք ընտրատեղամասեր և ամրագրեք հեղափոխության հաղթանակը»:

 

Մարիամ Հովհաննիսյան

 

Դիտումների քանակը` 363

Վերադառնալ վերև