Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարինե Քոչարյան. «Մենք բոլորս պետք է ծառայենք նույն գործին, բոլորս մեկ ուղղությամբ՝  առաջ նայենք»  

 WomenNet.am-ի հարցերին է պատասխանում Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակի 4-րդ հորիզոնականում  ներկայացված Մարինե Քոչարյանը: Նա  մայրաքաղաքի թիվ 186 հիմնական դպրոցի տնօրենն է, 2005 -ից ՕԵԿ անդամ է, 2012-ից ՕԵԿ կանանց միության նախագահն է:

 

 

-Առաջադրվելու  առաջարկը կուսակցության  քաղխորհրդի կողմից ստացա: Մեծ սիրով ընդունեցի, քանի որ շատ եմ սիրում Երևանը և քաղաքում շատ անելիքներ եմ տեսնում: Զգացի, որ ժամանակն է իմ խոսքը ասելու ու գործելու: Դպրոցի տնօրեն լինելով  թեկուզ  փոքր մասշտաբով, բայց  կառավարման փորձ ունեմ և գիտեմ, որ եթե նպատակ ունես, ապա սուղ միջոցներով և մարդկային ռեսուրսներով կարելի է շատ բան անել:

 

 

-Ի՞նչ նոր գաղափարներով եք գնում ընտրության:

 

-Ծրագիրն իհարկե կուսակցությանն է, սակայն այն ստեղծվել է քննարկման արդյունքում և ամեն մեկն ասել է իր կարծիքը: Կարծում եմ, մայրաքաղաք կարելի է բերել դրսի դրական փորձը, օրինակ նախորդ տարի Լեհաստանում էի, այնտեղ քաղաքային տրանսպորտը և երեխա ունեցող մայրիկները երթևեկում են հատուկ առանձնացված գոտում, այսպիսով քաղաքային տրանսպորտը խցանումների մեջ չի լինում և ոչ ոք գործից չի ուշանում:

 

Քաղաքը պետք է դարձնել նաև զբոսաշրջիկների համար հետաքրքիր, ու միայն սրճարաններն ու թանգարանները բավարար չեն, պետք է հիշարժան վայրերի թիվն ավելացնել: Կարծում եմ,  քաղաքի մեծ տոնախմբությունների վրա ծախսվող գումարները կարելի է ուղղորդել քաղաքի բարելավմանը: Ի դեպ, տոները  կազմակերպելիս կարելի է նաև քաղաքային հին ավանդույթները թարմացնել, երբ մարդիկ տոները նշում էին բակերում և իրար միանալով իջնում էին հրապարակ հրավառություն դիտելու: Բոլորը ուրախ էին ու երջանիկ, իսկ հիմա մի քանի շաբաթից  Երևանի տոնն է, իսկ տոնական շունչ չի զգացվում:

 

 

Հարմարեցված է արդյո՞ք քաղաքը երեխաներ ունեցող մայրիկների համար:

 

Վերջին տարիներին ուշադրություն դարձվեց երեխաների խնդիրներին և ինչ որ չափով այս խնդիրը լուծված է, կառուցվեցին պուրակներ,  խաղահրապարակներ, բավականին շարժ եղավ, բայց դա բավարար չէ: Այդ խաղահրապարակները հաճախ  շատ փնթի վիճակում են, այնպես, որ երեխաներիդ չես ուզում այնտեղ տանել, հատկապես ծայրամասերում. դրված են գունեղ խաղային սարքերը, բայց հիգիենայի ու անվտանգության  առումով հաճախ վախենում ես թույլ տալ, որ երեխան մոտենա և խաղա: Քաղաքում շատ խնդիրներ կան, բայց դրանց լուծման համար ցանկությունն է պակասում:

 

Այսօր մայրաքաղաքում մանկապարտեզների հետ կապված բազում  խնդիրներ կան, շատ երեխաներ չեն կարողանում մանկապարտեզ հաճախել, դրան էլ գումարվում է վերանորոգման խնդիրը, ծնողների աշխատանքային ժամերի և մանկապարտեզների փակման ժամերի անհամապատասխանության խնդիրը և շատ այլ հարցեր: Կարծում եմ, այս  բոլոր խնդիրները լուրջ մոնիտորինգի կարիք ունեն, ինչից հետո պետք  է դրանց լուծման կոնկրետ ժամանակացույց մշակել: Որպես կրթության ոլորտի աշխատող մտահոգված եմ, որ դպրոցներում չկան տղամարդիկ, քանի որ ուսուցչի աշխատավարձով ընտանիք պահել չի կարելի: Այս հարցին էլ պետք է լուծում տրվի, որպեսզի տղամարդիկ էլ շահագրգիռ լինեն մտնել դպրոց:

 

 

-Ինչպիսի՞ն եք տեսնում Երևանը …

 

-Ես Երևանը տեսնում եմ ընդլայնված ու մեծ: Ես չէի ուզի, որ Երևանի կենտրոնում կառուցվեն շատ շենքեր, ավելի լավ կլիներ կառուցվեր մի նոր ավան, որը կլինի Երևանի շարունակությունը,  որտեղ կլինեն բնակչության համար մատչելի նորակառույց բազմաբնակարան շենքեր: Սա միանգամայն հնարավոր է, եթե ունես  նպատակներ և հետևողական առաջ գնաս՝ բոլորով միասին և չտարանջատենք ես «Օրինաց երկրից» եմ, դու այլ կուսակցությունից, այլ բոլորս ծառայենք նույն գործին, բոլորս մեկ ուղղությամբ՝  առաջ նայենք:

 

                                                                                     Կ. Պետրոսյան

Դիտումների քանակը` 993

Վերադառնալ վերև