Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Փոքր ծննդատներ. փակե՞լ, թե լուծումներ տալ առկա հիմնախնդիրներին

 

WomenNet.am-ը  ներկայացնում է  փոքր մարզային ծննդատների փակման շուրջ վերջին օրերին  հնչեցված հիմնական տեսակետները և այս աղմկահարույց թեմայի հանգուցալուծման հնարավորությունները : 

 

 

Խնդիրը կայանում է  նրանում, որ  Առողջապահության նախարարությունը ծննդաբերական բաժանմունքների գնահատումից  հետո որոշում է կայացրել դադարեցնել  150-ից պակաս ծնունդ ընդունող և ծննդօգնության որոշակի պայմաններին  չհամապատասխանող  ծննդատների ֆինանսավորումը։ Դրանց թվում է Մարալիկի ծննդատունը, որի փակման մասին լուրը  տեղի բնակչության կողմից այնքան սուր ընդունվեց, որ քաղաքացիներն անգամ փակեցին Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով չեղարկել Առողջապահության նախարարության այդ մտադրությունը: Ավելին, բողոքի ակցիայի մասնակիցները սպառնում են, որ եթե ծննդատան փակման մասին վերջնական որոշում լինի, ապա նրանք կրկին կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը և կդիմեն այլ միջոցների: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը կտրուկ էր. «Եթե չկա վիրահատարան, եթե չկա ինտենսիվ թերապիա, եթե չկա նույնիսկ անեսթեզիոլոգ ծննդատանը, ապա նման պայմաններում աշխատելու  մասին  խոսք լինել անգամ չի կարող, քանի ճանապարհ ուզում է՝  փակեն: Դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջությունը պաշտպանելուն է միտված և վերջ»…

 

 

Նշենք, որ  Մարալիկի ծննդատունը  գործում է դեռ Խորհրդային միության տարիներից, ամեն տարի 100-150  ծնունդ է ընդունում: Այն սպասարկում է հարակից 17 գյուղերը ևս, որոնք Գյումրիից 20-40 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Փակելով այն ծննդատունը պետությունը կանգնեցնում է  Մարալիկի և հարակից գյուղերի բնակիչներին կոնկրետ փաստի առաջ՝ ամեն անգամ բժշկի գնալու համար կտրել-անցնել 20-40 կմ ճանապարհ, իսկ ովքեր չունեն սեփական մեքենա՝ տաքսիով, ինչը նշանակում է հավելյալ ծախս առանց այդ էլ աղքատությամբ աչքի ընկնող Շիրակի մարզի բնակավայրերի բնակիչների համար: Բացի այս, սա նաև իր մեջ ռիսկայնություն է պարունակում՝ արդյոք երեխա սպասող կամ արդեն իսկ ծննդաբերող կինը կարո՞ղ է այդքան ճանապարհ անցնել մինչ բժշկի հասնելը: Այն էլ՝ հաշվի առնելով  միջհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը …

 

 

Մինչ բոլորը կենտրոնացել էին Մարալիկի վրա, պարզվեց, որ խնդիրը ավելի գլոբալ է՝ փակվելու են մի շարք այլ համայնքների ծննդատներ ևս: Փակվող ծննդատների թվում են նաև Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Եղվարդի, Ծաղկահովիտի, Քաջարանի բաժանմունքները, ընդհանուր թվով 9 ծննդատներ տարբեր մարզերում : Գրեթե բոլոր այդ  հասցեներում մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ  են տեղի ունեցել։

 

Հիմնավորումը՝ մոր և մանկան առողջությունն է

 

Առողջապահության նախարարությունն իր  որոշումը բացատրում է  կանանց և երեխաների կյանքն ու առողջությունը չվտանգելու մտադրությամբ: Մասնավորապես,  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, թե Մարալիկի ծննդատան փակման հիմնական նպատակը կանանց համար անվտանգ ծննդաբերության պայմաններ, իսկ երեխաների համար՝ անվնաս ծնունդ ապահովելն է: Նրա խոսքով, հրամայականը հենց կանանցից է գալիս, որոնք  «ուզում են ծննդաբերել ավելի մեծ բժշկական հաստատություններում, որտեղ ավելի որակյալ բժշկական ծառայություններ են մատուցվում և մանկական ու մայրական  մահացության հավանականություն գրեթե չի լինում».

«Պատկերացրեք մի ծննդատուն, որտեղ չկա վիրահատարան, ծննդաբերության ժամանակ հրատապ անհրաժեշտություն է առաջանում կեսարյան հատման: Ի՞նչ է անելու այդ ծննդատունը: Կարո՞ղ եք ինձ պատասխանել», – ասում է նախարարը, նշելով, որ ծննդաբերությունը պետք է լինի այնպիսի բուժհաստատությունում,  որ մոր կամ երեխայի մոտ չնախատեսված առողջական խնդրի պարագայում հնարավոր լինի ծագած խնդիրը վերացնել, այլ ոչ թե ստիպված լինեն ավելի բարձր մակարդակի ծննդատուն շտապ տեղափոխել :

 

Թորոսյանը պնդել է՝ նախարարությունը որևէ բուժհիմնարկ չի փակում, այլ կարգավորում է այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները, իսկ ծննդօգնության ոլորտում կատարվող բարեփոխումները միայն բնակչության շահերից են բխում։

 

 «Կարծում եմ, մի քանի կիլոմետր ավել մեքենա վարելը ավելի քիչ դժվարություն է ներկայացնում,  քան մեկ ծննդկանի կամ երեխայի կյանքը փրկելը։ Ուզում եմ, որ այդ ուղղությամբ մտածենք, ոչ թե փողոց փակելով կամ սպառնալիքի, շանտաժի կամ այլ միջոցներով պնդենք ստանդարտից ցածր ծառայության առկայություն ավելի մոտ բժշկական հաստատությունում»,- ասել է  նախարարը , ով, ի դեպ, լրագրողների հետ իր վերջին հանդիպմանը  ներկայացել էր քարտեզներով՝ հիմնավորելու, թե փակվող բաժանմունքների փոխարեն քանի րոպեում կարելի է մոտակա բարձրակարգ հիվանդանոց հասնել:

 

Թորոսյանը նաև հայտարարել է, որ բուժհաստատությունները մեկ տարի և ավել ժամանակ են ունեցել, որպեսզի փորձեն լուծել առկա խնդիրները և համալրել իրենց շարքերը պրոֆեսիոնալ կադրերով: Բերեց նաև օրինակներ. «Տեղերում չկա նեոնաթոլոգ և անեսթեզիոլոգ, չկա հղիների ինտենսիվ պալատ, չկա նորածնային ինտենսիվ թերապիայի հնարավորություն: Սրանք բացեր են, որոնք ուղիղ վտանգի տակ են դնում թե՛ երեխային, թե՛ ծննդկանին»,- բացատրեց  նա:

 

Հարցին, թե ավելի ճիշտ չէր լինի լրացնել այդ բացը, այլ ոչ թե փակել ծննդատունը, նախարարն արձագանքեց, որ այդ լիազորությունը տրված է մարզպետարաններին և հենց նրանք են պարտավոր զբաղվել համայնքային բուժհաստատությունների հագեցման հարցերով, իսկ նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է: Բայց, հավելեց նախարարը, ոչ միշտ է, որ դա նպատակահարմար է, քանի որ առողջապահությունը կարիք ունի կենտրոնացման: «Մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունը հաղթահարելը ավելի հեշտ է, քան որակյալ ծառայություն ապահովելը»,- կրկնեց նա: Նախարարը նաև ասաց, որ իրենք պատրաստ են բանավիճելու, բայց կողքի չեն դնելու սկզբունքները:

 

Ամփոփելով նշենք, որ նախարարության կողմից հնչեցվող նպատակը՝ հնարավորինս նվազեցնել ռիսկերը մոր և մանկան կյանքի ու առողջության համար, անշուշտ հասկանալի  և ընդունելի է: Անհասկանալի են միայն մեթոդները, թե ինչպես ես պետական այրերը փորձում խնդրին լուծում տալ: Տեղերում տասնամյակներ գոյություն ունեցող ծննդատները անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելու, մասնագետներով, անեսթեզիոլոգներով ու վերակենդանացման բաժանմունքով ապահովելու փոխարեն, ընտրվել է ամենահեշտ ճանապարհը՝ փակել ու այդ մի քանի տասնյակ գյուղերի բնակիչներին ուղորդել մարզկենտրոնի բժշկական կենտրոններ: Ասել է թե՝ եթե միլիոնավոր պարգևավճարների համար բյուջեում փող կա, ապա ծննդատները անհրաժեշտով համալրելու համար էլ գումար հնարավոր կլինի հայթայթել, եթե լինի քաղաքական կամք…

 

 

Մարզպետարաններն էլ մեղքի իրենց բաժինն ունե՞ն…    

 

Ինչպես արդեն նշեցինք՝ Մարալիկի ծննդատան ճակատագիրը սպառնում է նաև Տավուշի մարզի Աչաջուր համայնքի  ծննդատանը և մի շարք այլ համայնքների հաստատություններին: Այլ համայնքներում գործող ծննդատները՝ Ճամբարակ, Բերդ և այլն, նախաարի խոստովանությամբ դեռևս  փրկվել են փակվելու հեռանկարից միայն այն պատճառով, որ իրենցից մոտակա ԲԿ հասնելը շուրջ երկու ժամվա ճանապարհ է ենթադրում: Բայց դրանք ևս փակման ենթակա են, ըստ կիրառվող չափանիշների, քանի որ տարեկան 150 ծնունդ ցուցանիշը չեն ապահովում:

 

 

Տավուշի մարզի  հինգ հազար բնակիչ ունեցող  Աչաջուր համայնքի ծննդատունը, համայնքապետ Կարեն Ղալթախչյանի պնդմամբ, տարեկան 110-120 ծնունդ է ընդունում և սպասարկում է հարակից տասնյակ գյուղերի բնակիչներին՝ ազատելով նրանց ամեն անգամ մարզկենտրոն հասնելու հոգսից: Բայց ի տարբերություն նույն Մարալիկի, Աչաջուրը նաև սահմանամերձ համայնք է, այսինքն, ըստ տրամաբանության,  պետությունը պետք է հնարավորինս հեշտացնի և ոչ թե բարդացնի համայնքի բնակչության հոգսերը:

 

 

Առողջապպահության  փոխնախարար Արտյոմ  Սմբատյանը  խնդրի շուրջ իր ֆեյբուքյան էջում  պարզաբանումներ ներկայացնելով,  այլ թվեր է հիշատակում:  Նրա  տեղեկացմամբ  Աչաջրի առողջության կենտրոնը  2018-ին ընդունվել է թվով  88 ծնունդ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսների ընթացքում՝ 75 ծնունդ։ Կենտրոնում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն, չկա անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ:

 

 

«Սա ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում թե’ ծննդկանի, թե’ նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ Տվյալ կենտրոնի օրինակով ծառայությունը չպետք է գործեր դեռևս 2019-ին, սակայն կազմակերպությանը տրվել է  1,5 տարի ժամանակ՝ բարձրացնելու ծնունդների թիվը և ծննդօգնության կազմակերպման համար կենսական անհրաժեշտություններ կայացնող պայմաններ ապահովել»,-հավելել է Սմբատյանը:

 

 

Փակման  ճակատագրին է արժանանալու Եղվարդի ծննդատունը, որը , նախարարության դիտարկմամբ, Երևանին և Աբովյանին շատ մոտ է:  Թեպետ Եղվարդի ծննդաբերական բաժանմունքը նախորդ տարի 136 ծնունդ է ընդունել, բայց նախարարության չափորոշիչին հասնելու համար պետք էր 150-ը:

 

 

«Մեզ ասում են, որ ծնունդների քանակը փոքր է։ 2018 թ-ի համեմատ՝ 2019-ին ցուցանիշն ավելացել է 18-ով և հասել 136-ի։ Սակայն ո՞վ է ասել, որ շրջաններում տարեկան պետք է լինի 150 ծնունդ։ Եթե մեզ մոտ վերանորոգում կատարվեր, ծնունդների թիվը 250 էլ կհասներ», – ասում է Եղվարդի ծննդատան բժիշկներից մեկը։ Տեղի բնակիչներն ու բուժաշխատողները միասին պնդում են, որ հիվանդանոցում, չնայած կենցաղային վատ պայմաններին, լուրջ վիրահատություններ են կատարվում և անհրաժեշտ սարքավորումներն այստեղ կան։

 

 

Եղվարդում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետքերով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը  խոստացավ , որ «քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը պիտի մնա ու գործի, մնացած որոշումներն արդեն ընթացակարգային են»… Մարզպետը շեշտեց՝ առողջապահության նախարարի մոտեցումը, որ բուժսպասարկումը պետք է որակյալ լինի, ողջունում է, բայց կան տարածաշրջանային լոկալ խնդիրներ, որոնք նախարարը պարտավոր չէ տիրապետել այն խորությամբ, ինչ խորությամբ կարող է տիրապետել մարզպետը: « Եվ ահա այդտեղ է, որ մեր կոնսենսուսն, այսպես ասեմ, կայացավ, և օրինաչափ է, որ նախարարը, նկատի առնելով այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում են իր գործընկերները, իր որոշումը վերանայի կամ պարզապես վերափոխի», – հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը:

 

 

Երեկ կայացած իր ասուլիսում  առողջապահության նախարարը հաստատեց, որ բաժանմունքների փակման հարցը դեռ մի քանի օր էլ կքննարկեն, չի բացառում, որ Եղվարդի ու Մարալիկի ծննդատները, եթե լուծեն եղած խնդիրները և ապահովեն նվազագույն պահանջնեը  կշարունակեն գործել:

 

 

Ստացվում է, որ մարզպետարաներն էլ մեղքի իրենց բաժինն ունեն, քանի որ մինչ այսօր չեն  փորձել լուծելու նախարարության կողմից առնվազն մեկ տարի առաջ մատնանշված խնդիրները: Արդյունքում, այսօր ստիպված են արձագանքել նախարարության կոշտ քայլերին:

 

Բոլոր դեպքերում, հենց մարզպետարանի  միջամտությունից  հետո  լուծում գտնվեց Եղվարդի ծննդատան հարցում: Ինչպես հայտնեց այսօր  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,   Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի:  «Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինությունններ, սարքավորումներ, ապա թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

 

Հիվանդանոց փակելը, կարծես թե,  վարքագիծ  է դառնում

 

Առաջիններից, որ արձագանքեց ստեղծված իրավիճակին կոնկրետ Մարալիկի ծննդատան լուծարման օրինակով, Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էր: Վերջինս, հիշեցնենք, մինչ պատգամավորի մանդատ ստանալը  Շիրակի փոխմարզպետ է եղել, այսինքն շատ հստակ ու ներսից է պատկերացնում, թե ինչի հետ են առերեսվելու շիրակցիները ծննդատան լուծարումից հետո.

 

 

«Լուծարման հարցը առկա է դեռ 2018-ից, բայց այն ժամանակ այն կասեցվեց: Կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառաբանություններ: Օրինակ, տվյալ հաստատությունում կան թոշակառու բուժքույրեր, որոնց թիվն արհեստական մեծ է՝ կա յոթանասունն անց 18 բուժքույր: Մենք դեռ անցյալ տարի էինք որոշել, որ թիվը պետք է կրճատվի և այո՝ 18 բուժքրոջ փոխարեն կարող է աշխատել 4-ը և ստանալ ոչ թե 25 կամ 30 հազար դրամ, այլ՝ նվազագույն աշխատավարձ»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել էր Հովսեփյանը :

 

 

Նրա խոսքով՝ Մարալիկի ծննդատունը տարիներ շարունակ որևէ պետական աջակցություն չի ստացել, չունի վճարովի ծառայություններ, կա միայն շենքային շատ լավ պայմաններ և կան շատ լավ հնարավորություններ անելու թե՛ վճարովի վիրահատություն, թե՛ սոնոգրաֆիա, թե՛ այլ ծառայություներ մատուցելու.

 

 

«Սակայն չի արվում և շենքն ուղղակի պարապուրդի է մատնված: Հիվանդանոցը կահավորելու դեպքում մարդիկ չեն գնա հասնեն Արթիկ կամ Գյումրի: Քաղաքացիները շատ հաճախ այդ դժվարությունը կրում են նրա համար, որպեսզի այնտեղ կարողանան օգտվել առավել բարձրակարգ պայմաններից»,- ասել է Հովսեփյանը: Ավելին, անցած տարի, նրա խոսքով, շվեյցարացի բարերարը 2 կյուվեզ (հատուկ ինկուբատոր, որտեղ պահպանվում է օպտիմալ ջերմաստիճան և խոնավություն) է նվիրել, մինչդեռ նախարարն ասում էր, որ ծննդատունն անգամ կյուվեզներ չունի: Հիվանդանոցի վիրահատող բժիշկը մահացել է, բայց  թե՛ տվյալ մահացած բժշկի որդին, ով գինեկոլոգ է, թե՛ Արթիկից այլ մասնագետ,  պատրաստ են գալ ու աշխատել,  հավաստիացրել է պատգամավորը:  Այս ամենը նրա մոտ տպավորություն է ստեղծել, որ առողջապահության նախարարության մոտ ծննդատուն փակելը, կարծես թե,  վարքագիծ է դարձել:

 

 

«Գյումրիի ծննդատունը փակվեց, հիմա էլ արդեն փակում են Մարալիկի ծննդատունը: Այսպես փակելով՝ չգիտեմ ուր ենք հասնելու: Մենք լուրջ խնդիր ունենք հիվանդանոցների կրճատումների հետ կապված: Մենք չպիտի մոռանանք, որ պատերազմող երկիր ենք և, եթե հիշենք ապրիլյան պատերազմը, ապա այդ ժամանակ հոսպիտալների հետ կապված լուրջ խնդիրներ ունեցանք: Ու եթե այսօր մենք դնում ենք ու բոլոր հիվանդանոցները փակում ենք,  ապա վաղը մենք մեր գլուխը պատին ենք տալու զուտ նրա համար, որ այսօր հաշվի չենք առնում վաղվա օրը»,- հավելել է  պատգամավորը:

 

 

 

 «Դիտարկել արվող քայլերը ծառայությունների հասանելիության ու որակի տեսանկյունից»

 

WomenNet.am-ը հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով դիմել է  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակին, որը վերջին տարիների ընթացքում պարբերաբար լրագրողների համար շրջայցեր է կազմակերպում դեպի մարզային հիվանդանոցներ, այդ թվում ծննդատներ՝  տեղերում առկա խնդիրները լուսաբանելու նպատակով: Արդյունքում , այն մասին, որ համայնքային բուժհաստատությունների թե՛ շենքային պայմանները, թե՛ հագեցվածությունը, այդ թվում և կադրային, մեղմ ասած կաղում են,  մամուլում  գրվել է ոչ մեկ անգամ: Բայց արդյոք, փակվելուց զատ այլ  լուծումները անհնա՞ր էին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաղորդակցության հարցերով  պատասխանատու Մհեր Մանուկյանն անդրադառնալով այդ հարցին նշեց.

 

 

«Մեր մոտեցումը հետևյալն է. երկրում  պետք է ապահոված լինեն հասանելի և որակյալ վերարտադրողական առողջության ծառայություններ: Հենց այդ երկու բաղադրիչների՝ ծառայությունների հասանելիության ու որակի տեսանկյունից է պետք  դիտարկել ոլորտում արվող ցանկացած քայլ և փոփոխություն:  Հիմնադրամի  փորձը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանում  վերարտադրողական առողջության ծառայությունների որակի հետ կապված լուրջ  խնդիրներ կան, հատկապես հեռավոր շրջաններում, բայց Առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկելուց հետո միայն  ավելի հստակ կպատկերացնենք  իրենց  որոշման  հիմնավորումները: Այս պահին մենք մանրամասներին ծանոթ չենք, բայց որքանով տեղյակ ենք՝ փորձ է արվում լուծել ծառայությունների մատուցման որակական կողմը: Բայց կրկնում եմ, դա պետք է արվի առանց խաթարելու  ծառայության հասանելիության ու մատչելիության խնդիրը՝  այն  պետք է  և՛ աշխարհագրորեն, և՛ ֆինանսապես մատչելի լինի բնակչության համար»,- նշեց նա:

 

 

Ինչ վերաբերում է խնդրի հնարավոր լուծումներին, ապա, նրա խոսքով,  միանշանակ դեղատոմս չկա, որովհետև աշխարհը տարբեր մոտեցումներով  է առաջնորդվում: Կան երկրներ, որոնք հիվանդանոցային համակարգից գնում են դեպի փոքր բուժքույրական մակարդակի լուծումներ: Եվ խոսքն  այդպիսի զարգացող երկրների մասին է, ինչպիսին է, օրինակ, Ճապոնիան: Այսինքն, միանշանակ լուծումներ չկան, և տարբեր երկրներ ինքնուրույն են ընտրում  առողջապահական համակարգի իրենց համար օպտիմալ տարբերակը»,- հավելեց Մհեր Մանուկյանը:

 

 

Մայրական մահացության  վիճակագրություն

 

«Բժշկական ծառայությունների, այդ թվում ծննդօգնության ծառայության կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս առողջապահության նախարարությունը բացառապես առաջնորդվում է իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմամբ` տվյալ դեպքում մոր և մանկան առողջության պահպանմամբ և հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազմամբ»,-  հենց այս նպատակների իրագործման համատեքստում է  պարզաբանում թվով 9 մարզային առողջության կենտրոնների մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման դադարեցումը  առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ով վերընշված օպտիմալացման համահեղինակն է:

 

 

Նրա հաղորդմամբ ,  2018 թվականին, Հայաստանում նորածնային (0-27 օրական երեխաներ) մահերը 182-ն են, մեռելածինները` 623:  «Ցավով պետք է նշեմ, որ 2019-ին արձանագրվել է 13 մայրական մահ: Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը», – նշել է փոխնախարարը:

 

 

Նշենք, որ  ըստ  պաշտոնական վիճակագրության, 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է մայրական մահացության 14, 2017-ին՝ 4, 2018-ին 8 դեպք, իսկ 2019-ին արձանագրվել է 13 դեպք: Եթե դիտարկենք ավելի վաղ վիճակագրությունը, ապա 2006-2016թթ. ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 100 դեպք, մահերի ամենամեծ թիվը եղել է 2008-ին՝ 16: Եվ  այս ամենն  այն դեպքում, որ  «ոչ մի կին՝ մեկ ուրիշին կյանք պարգևելով, չպետք է մահանա 21-րդ դարում»… 

 

 

 

Լիա Խոջոյան

 

 

 

Դիտումների քանակը` 577

Վերադառնալ վերև