Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մերի Մեժլումյան. «Ինձ համարում եմ Հայաստանի ամենաուժեղ մարդը»/ տեսանյութ

 Կասետային ռումբից  ձեռքերն ու ոտնաթաթը կորցրած աղջկա պատմություն

1985 թ.-ին Կապանում ապրող Մեժլումյանների ընտանիքում է ծնվել ՝ Մերի Մեժլումյանը: 8 տարի նա ապրել է բոլոր երեխաների նման: Իսկ 1990-ականների սկզբին, երբ ադրբեջանական օդուժը սկսել է ռմբակոծել Հայաստանի սահմանները, Մերին կորցրել է երկու ձեռքերն ու աջ ոտնաթաթը…

 

Մերիի մասին պատմում է  Հետք-ը, նշելով, որ թեպետ Մերին կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները եւ բարձրագույն  կրթություն է ստացել, բայց այսօր նա    բիոպրոթեզավորման  կարիք ունի եւ այս հարցում  նրան  աջակցել ցանկացողները կարող են զանգահարել Մերիի հորը՝ Կարո Մեժլումյանին՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 093 22 39 28:

 

«Մանկական հիշողությանս մեջ այդ օրը՝ 1993 թ.-ի հուլիսի 23-ը, չսպիացող վերքի նման տպված է: Հիշում եմ, որ մեր բակում մի շուն կար, որին շատ էի սիրում, ուզում էի տուն բերել: Ամառային արձակուրդներն էին, պետք է տեխափոխվեի 2-րդ դասարան: Այդ օրը հորս, հորեղբորս ու նրա 3 երեխաների հետ բակում էինք: Նորից շանը սիրել էի ու մոտեցել աղբյուրին, որ ձեռքերս լվանամ: Հիշում եմ, որ ձեռքերս պարզել էի դեպի աղբյուրի ջուրը»,- պատմեց Մերին, ով ռումբի հարվածից ուշագնաց է եղել: Իսկ երբ ուշքի է եկել, տեսել է սարսափելի պատկեր. «Երկու ձեռքերս ու աջ ոտնաթաթս հալված էին»:

 

«Հետո իմացանք, որ դրանք կասետային ռումբներ են կոչվում: Հալեցնում են մարդու ամբողջ մարմինը»,- ասաց Մերիի հայրը՝ Կարո Մեժլումյանը, ով այս տարիներին եղել է Մերիի կողքին, նրան ուժ տվել դիմակայելու, ոտքի կանգնելու, պայքարելու, չնահանջելու (աղջկա մայրը արյան քաղցկեղից մահացել է 2001 թ.-ին):

 

Հաշմվելուց հետո Մերիին մեկ ու կես տարի դպրոց չի հաճախել, այնուհետև հոր ու բժիշկների ջանքերով կամաց-կամաց ապաքինվել, վերադարձել է կյանք, դպրոց: Իսկ դպրոցն ավարտելուց հետո ուսանել նաև բուհում՝ դառնալով տնտեսագետ:

 

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հնարավորություն են տալիս ինքնադրսևորվելու, հավատում են իմ ուժերին, ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին, որ կամ: Իրավաբան Լևոն Բաղդասարյանը ինձ շանս տվեց, 6 ամիս աշխատեցի «Լև Գրուպ» իրավաբանական գրասենյակում: Հիմա աշխատում եմ Կապանում: Համակարգչով նույնպես կարողանում եմ աշխատել, տեքստեր եմ հավաքում ձախ ոտքով: Ուզում եմ ասել՝ կապ չունի ձեռքեր ունես, թե ոչ, ոտքեր ունես, թե ոչ, կարևորը կամքի ուժն է ու ցանկությունը: Ու հիմա ես ինձ համարում եմ Հայաստանում ամենաուժեղ մարդը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մերի Մեժլումյանը:

 

Հոդվածը ամբողջությամբ  Hetq.am 

 

Դիտեք նաեւ տեսանյութը .

 

 

 

 

 Հ.Գ. Դիտեք թեմայի շուրջ     «Я – Ник Вуйчич. И я хочу, чтоб вы знали, что я счастлив» տեսանյութը : Այն  նեկայացնում է Նիկ Վոյչիչի պատմությունը, ով ծնվել է Ավստրալիայում հազվագյուտ հիվանդությամբ` առանց երկու ոտքի եւ երկու ձեռքի: Նա այժմ ամբողջ աշխարհում հայտնի է, միլիոնատեր է, եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, դասախոսություններ է կարդացել բոլոր հեղինակավոր համալսարաններում: Նա նաեւ ամուսնացել է իսկական գեղեցկուհու հետ եւ որդի ունեցել…

 

 

 

Դիտումների քանակը` 4809

Վերադառնալ վերև