Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց նկատմամբ բռնությունը կանխելու նպատակով բջջային հավելված կստեղծվի

 

Հայաստանում սեռով պայմանավորված բռնությունները կանխելու նպատակով բջջային հավելված կստեղծվի: Այս մասին հայտարարել է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ տեղեկացնելով, որ Համաշխարհային բանկի խումբը և Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը 95.500 ԱՄՆ դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիական բիզնես հիմնադրամին` սեռով պայմանավորված բռնությունների դեպքերի կրճատման հարցում նորարարական լուծում մշակելու նպատակով: Հավելվածը հասանելի է լինելու ամբողջ աշխարհում։

 

 

Ենգիբարյանը պարզաբանել է, որ բռնություն տերմինը չի կիրառվում միայն ու միայն ֆիզիկական բռնության դեպքում, այն ավելի լայն է և ընդհանուր առմամբ խոսքը հասարակության մեջ գենդերային անհավասարության մասին է:

 

«Հայաստանում առկա են կազմակերպություններ, որոնք ունեն բավականին հետաքրքիր լուծումներ և ստեղծագործ աշխատուժ, որպեսզի կարողանան սեռով պայմանավորված բռնությունները կանխելու նպատակով համապատասխան հավելված մշակել: Դրա համար ունենք մեկ տարի ժամանակ»,- ազդարարել է նա՝ ընդգծելով, որ նպատակ ունեն բջջային հեռախոսների հավելվածների և թվային տեխնոլոգիաների գործարկման միջոցով կանանց իրական ժամանակահատվածում փորձագիտական օժանդակություն և տեղեկություններ տրամադրել: Նրա խոսքով, Եգիպտոսում նմանատիպ լուծումներ կիրառվում են. բռնության ենթարկված կինը սեղմում է բջջային հեռախոսի համապատասխան հավելվածի կոճակը ու մասնագետները գտնում են նրա աշխարհագրական դիրքը և փորձում լուծում տալ կնոջը հուզող խնդրին։ Նա նաև նշեց, որ հավելվածը կօգնի նաև գնահատել խնդրի իրական մասշտաբները, քանի որ կանայք հաճախ չեն բարձրաձայնում դրա մասին և այն հաճախ  ստվերում է մնում:

 

 

Իր հերթին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն նշել է, որ կանանց նկատմամբ բռնությունը ազդում է նաև երկրի տնտեսության վրա՝ նվազեցնելով ՀՆԱ արդյունքը: Նրա խոսքով, դա շատ բարդ գործընթաց է, բայց ակնհայտ է, որ սեռով պայմանավորված բռնության պատճառով շատ կանայք չեն կարողանում աշխատել, եկամուտ չեն ստեղծում, պայմանական ստացյալ եկամուտը չեն սպառում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում տնտեսության ցուցանիշների վրա:

 

 

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհի կանանց 35 տոկոսը կյանքի ընթացքում  ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել՝ զուգընկերոջ կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից: Ասուլիսի գալուց ես երկու հարց ունեի. դուք լսե՞լ եք սեռով պայմանավորված բռնության մասին և երկրորդ՝  անձնապես ճանաչո՞ւմ եք մեկին, որ սեռով պայմանավորված տուժող է եղել: Հարցերի հիմնական նպատակն է ինչ-որ պատկերացում կազմել խնդրի մասին, և այս ծրագիրը կամուրջ է տվյալ խնդրին ծանոթանալու, ընկալում ձևավորելու, խնդիրը բացահայտելու համար: Աշխարհի ամենավատ զգացողությունը միայնակ լինելու զգացողություն է, իսկ տեխնոլոգիաներն օգնում ենք պակաս միայնակ զգալ: Եթե հավելվածը լինի, մարդիկ կարող են իրենց պակաս միայնակ զգալ  և լռելու փոխարեն դիմեն օգնության»,- հավելել է տիկին Բոսութղոն:

 

 

WomenNet-ի հետ զրույցում Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ իրենց թիմում, որն աշխատելու է հավելվածի վրա, 70 տոկոսը կանայք են: Այլ կերպ ասած՝ իրենց իսկ գործունեությամբ խրախուսում են կանանց զբաղվածությունն ու նրանց ռեսուրսի օգտագործումը: «Մենք ոչ միայն խրախուսում ենք ու օգտագործում այդ ռեսուրսը, այլ պետք է նշեմ, որ Հայաստանն IT ոլորտում բացառիկ ցուցանիշ ունի՝ մոտ 40 տոկոսը կանայք են: Աշխարհում նման ցուցանիշ չկա»,- հավելեց նա:

 

 

Բռնությունը՝ թվերով

 

Համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրության՝   2017 թվականին ընտանեկան բռնությունների թվի աճ է արձանագրվել, ինչը որոշ չափով  կարելի է  բացատրվել նաև նրանով, որ խնդիրը ստվերից դուրս է գալիս:

Քննչական  կոմիտեի վարույթում  2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ, որոնցից 18-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: ՔԿ-ից նշում են, որ 2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին (հարուցվել է 285 քրեական գործ), բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։

 

Համակարգային առումով հարցը մնում է չլուծված. ՄԻՊ

 

Նշենք, որ այս օրերին  հրապարակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի զեկույցը, որում առանձին գլուխ նվիրված է կանանց իրավունքներին, այդ թվում՝ նրանց նկատմամբ բռնությանը: Պաշտպանն արձանագրում է, որ կանանց նկատմամբ բռնությունը վերջիններիս նկատմամբ խտրականության դրսևորման առավել տարածված ձևերից է, որը միջազգային պահանջներին համապատասխան գնահատվում է որպես մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտում: Ըստ զեկույցի, կանանց նկատմամբ բռնությունը հիմնականում տեղի է ունենում ընտանեկան միջավայրում և դրսևորվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, սեռական և տնտեսական ձևերով: Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունն ունեն ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն կնոջ` տվյալ հասարակության մեջ հարմարվելու, ինքնադրսևորվելու և ինքնահաստատվելու, պաշտպանված լինելու հնարավորությունների վրա: Այս երևույթը տարածված է ամբողջ աշխարհում, ունի տարբեր դրսևորումներ և տարածվածության մակարդակ: Այն նաև Հայաստանում տարածում ունեցող երևույթ է, որի մասին արձագանքում է թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ հասարակական ու միջազգային կազմակերպությունները և թե՛ հասարակությունը:

 

Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ հայաստանյան հասարակության մեջ կնոջ հանդեպ բռնությունն ու այդ երևույթի անգամ ներկայացումը՝ որպես «ազգային ավանդույթ» հաճախ տղամարդու կողմից սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման անկարողության, ինչպես նաև բռնություն գործադրող տղամարդկանց և բռնության ենթարկվող կանանց իրավագիտակցության ցածր մակարդակի հետևանք է: Եվ որ թեպետ խնդրի լուծմանն ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր՝ այնուամենայնիվ համակարգային առումով հարցը մնում է չլուծված.

 

 

«Բռնության ենթարկված կանանց պաշտպանության համակարգը՝ լինելով թույլ, իր հերթին առաջ է բերում մի շարք խնդիրներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2017 թվականին ստացել է ահազանգեր կանանց նկատմամբ բռնության, հատկապես ընտանեկան բռնության դեպքերի մասին: Անհատական դեպքերի ուսումնասիրությունն իրականացվել է այնպես, որ հնարավոր է եղել վերհանել խնդիրներ, որոնք իրենց բնույթով համակարգային են և դրանք պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի մասի՝ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալների բացակայություն, նման դեպքերի դեմ պայքարի և կանխարգելման հարցում օրենսդրական թերի կարգավորումներ կամ կարգավորումների բացակայություն, տուժողներին պետության կողմից տրամադրվող ծառայությունների բացակայություն, իրավագիտակցության անհամարժեք մակարդակ և հատկապես ընտանեկան հարցերին պետության միջամտության հանդեպ անվստահություն, ինչպես նաև վերջինի հետ կապված պետական իրավասու մարմինների ոչ բավարար մասնագիտական պատրաստվածության աստիճան, հասարակությունում առկա կարծրատիպեր և մասնագետների կարողությունների զարգացման անհրաժեշտություն: Այս բոլոր խնդիրներն, ըստ էության, ազդում են նաև կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքի իրացման վրա, որն էլ իր հերթին բերում է մի շարք իրավունքների խախտման և այդ խախտված իրավունքների վերականգնման դժվարությունների»,-ասված է փաստաթղթում:

 

 

Պետությունն էլ անմասն չի մնա

 

Ի դեպ, վերջերս  նաև հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքում բռնության  ենթարկվածների  ժամանակավոր  ֆինանսական աջակցության համար անժամկետ օգտագործման իրավունքով հաշվեհամար կբացի: Համապատասխան որոշման  նախագծում նշվում է, որ կսահմանվեն ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կկարգավորվեն ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության  տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 

Ըստ այդմ նախատեսվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ոչ ավելի քան նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ առավելագույնը 165.000 դրամ: Իսկ բացի այս՝ կստեծղվի նաև Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ: Ավելացնենք, որ վերը նշված որոշումների նախագծերը բխում են  անցյալ տարվա դեկտեմբերի ընդունված  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջներից:

 

Լիա Խոջոյան

 

 

Դիտումների քանակը` 556

Վերադառնալ վերև