Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը

Բազմաթիվ  երիտասարդ  կանայք ամուսնությունից և հատկապես ծննդաբերությունից հետո բախվում են ուսում ստանալու, աշխատանքը շարունակելու խնդրի հետ: Մասնագիտություն ունեցող կանայք աշխատելու մեծ ձգտում են ունենում, սակայն  տանը նստելով կորցնում են մրցունակությունը աշխատաշուկայում:  Իսկ միջնակարգ կրթություն ունեցող  կանայք երազում են բարձրագույն կրթություն ստանալու մասին: Հետագայում հենց այս կանայք են ավելի հաճախ հայտնվում գործազրկության խնդրի առաջ: ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի  նիստում  հավանության արժանացած  «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում  փոփոխությունները միտված են  աջակցելու   նման խնդիրներ ունեցող  երիտասարդ  մայրերին: 

 

«Համարվում է , որ կնոջ առաքելությունն առաջին հերթին ընտանիք ունենալն է, մայր դառնալն է, բայց կարծում եմ, որ պետք է հեռու մնալ այն կարծատիպից, թե կինը միայն տնային տնտեսուհի է և երեխաներ դաստիարակող»,- WomenNet-ի հետ զրույցում ասում է 37-ամյա Քրիստինե Առաքելյանը: Քրիստինեն ամուսնացել է 18 տարեկանում, դպրոցն ավարտելուց հետո փորձել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել, բայց դրական միավորի շեմը չի հաղթահարել: Ամիսներ անց ամուսնացել է, իսկ  բարձրագույն կրթություն ստանալը  դարձել է անիրականանալի երազանք:  «20 տարեկանում ունեցա առաջնեկիս, երկու տարի անց՝ երկրորդ զավակիս, ու այդպես էլ չկարողացա կրթություն ստանալ: Սկսեսուրս աշխատում էր, երեխաներին պահող չունեի, իսկ հետո մտածում էի, որ անիմաստ է կրթության մասին մտածել: Տարիներ հետո հասկացա, թե ինչ սխալ եմ գործել: Այսօր ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, ամուսնուս աշխատավարձով  մի կերպ ենք  ծայրը ծայրին հասցնում, ես էլ արդեն 6 ամիս է չեմ աշխատում»,- պատմում է Քրիստինեն: Նրա խոսքով՝  եթե բարձրագույն կրթություն ունենար, ապա կկարողանար ավելի հեշտ աշխատանք գտնել: Այսօր, ըստ նրա, միայն կարող է ինչ-որ արտադրամասերում, խանութում աշխատել «Աշխատում էի փոքրիկ արտադրամասում, բայց դա էլ փակվեց ու հիմա անգործ եմ: Դիմել եմ տարբեր տեղեր, բայց պատասխան չկա: Երբեմն մտածում եմ որևէ մասնագիտություն ստանալ, բայց  դրա համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հիմա առաջին հերթին երեխաներիս կրթության հարցերն են ինձ մտահոգում»,- ասում է Քրիստինեն:

 

23-ամյա Կարինե Մինասյանն էլ կանգնած է ուսումը շարունակելու խնդրի առաջ: Տղան 2 տարեկան է, ուսումը կիսատ է թողել ու չգիտի՝ կկարողանա  սովորել ու աշխատել: «Մինչև երեխայիս ծնվելը սովորում էի ու աշխատում, բայց հիմա ոչ կարողանում եմ ուսումս շարունակել, ոչ էլ աշխատել: Երեխայիս պահող չկա, իմ և անուսնուս ծնողները մարզում են ապրում, հիմա չգիտեմ ինչ անեմ: Մանկապարտեզ ընդունում են 3 տարեկանից, դեռ մեկ տարի պետք է սպասեմ, բայց ամուսինս էլ ակնարկում է երկրորդ երեխա ունենալու մասին:  Բայց պետք է աշխատել, միայն ամուսնուս աշխատանքով հնարավոր չէ ապրել, երեխան մեծանում է, ծախսերն ու հոգսերն էլ՝ իր հերթին»,- նշում է Կարինեն՝ միաժամանակ հավելում, որ չի էլ պատկերացնում, թե այսքան դադարից հետո կկարողանա՞  աշխատել ու առաջ գնալ: 

Նշենք, որ ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

 

Նախագծի մշակման շրջանակներում կարևորվել է առկա միջազգային փորձը: Աշխատանքը և ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:

 

Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը և ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաև կարևորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց՝ աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական ուսուցում ստանալու կարևորությունը, որպես առաջին քայլ, նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրել՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:  Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով օրինագիծը նախատեսում է   երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրել՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:

 

Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրմամբ՝

 

1) ապահովել առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքի աստիճանական նվազումը և մեծացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները,

 

2) մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու  և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝  աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:

 

Նշենք, որ մեր զրուցակից  Կարինե Մինասյանը, երբ ծանոթացավ կառավարության այս որոշման հետ, հույսով լցվեց, որ պետության աջակցությամբ  թե ինքը, թե իր կարգավիճակում գտնվող այլ կայանք, կկարողանան  և կրթություն ստանալ, և ուսումը շարունակել, և ինտեգրվել աշխատանքին:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 10946

Վերադառնալ վերև