Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նաիրա Մարտիրոսյան. «Կարծում եմ, ավագանին ունի իմ պես մարդկանց կարիքը»/ տեսանյութ

 

WomenNet.am-ի զրուցակիցն է փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված ավագանու անդամի թեկնածու, Նաիրա Մարտիրոսյանը: Երկու ժամկետով ավագանու անդամ է եղել, առաջադրվում է երրորդ անգամ:

 

Ծնվել է 1971 թվականին՝ Արմավիրի մարզի Մարգարա գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել Երևանի Աճառյանի անվան համալսարանում: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դասավանդել է Մարգարայի դպրոցում, որտեղ էլ մինչ օրս աշխատում է՝ իրականացնելով ուսումնական գծով փոխտնօրենի պարտականությունները:

 

Տիկին Մարտիրոսյան, ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրվել:

 

– Երկու անգամ եմ եղել ավագանու կազմում, և լավ պատկերացնում եմ ավագանու դերն ու նշանակությունը համայնքի համար: Այսքան տարի ծառայելով գյուղին, կարծում եմ,  որ ավագանին ունի մեր պես գիտակից մարդկանց կարիքը, որոնք մասնակից լինելով համայնքին առնչվող որոշումների կայացմանը  կարող են ի նպաստ համայնքի լուծումներ առաջարկել:

 

Ցավոք, մեր բնակիչներից շատերն անգամ իրազեկված չեն ու չգիտեն՝ ի՞նչ դեր ունի ավագանին, ի՞նչպիսի գործառույթներ: Գտնում եմ, որ ավելի շատ պետք է իրազեկել, խոսել այդ մասին, որպեսզի մարդիկ գիտակցորեն մոտենան իրենց ընտրությանը: Բացի այդ, հաշվի առնելով ավագանու դերը համայնքի կյանքում, կարծում եմ, որ  պետք է որոշակի կրթական ցենզ սահմանվի և ամեն ոք չէ, որ պետք է կարողանա առաջադրվել:

 

 

-Ի՞նչ խնդիրներ ունի Մարգարա համայնքը:

 

-Ամենակարևոր հարցը խմելու ջրի խնդիրն է: Կան փողոցներ, որտեղ ջուր չկա, այդ հարցը լուծված չէ, ընթացիկ ծրագրերում նոր պետք է ներառենք  այդ խնդիրները: Գյուղի կոյուղու, ջրաչափերի տեղադրման հետ կապված խնդիրներ էլ ունենք: Համայնքը չունի մանկապարտեզ: Մշակույթի տունը վերանորոգման կարիք ունի: Ունենք բուժհիմնարկություն, որտեղ ջեռուցման խնդիր կա: Դպրոցը նույնպես ունի ջեռուցման խնդիր:

 

Համայնքում զբաղվածության խնդիրն է լուրջ, աշխատատեղերի բացակայությունը երիտասարդներին, հատկապես  կանանց հնարավորություն չի տալիս աճելու, զարգանալու, մեծ մասը տանը նստած են:  Մինչդեռ, եթե աշխատանք ունենան, նրանց տնտեսությունները կզարգանան, կենցաղը կբարելավի, սոցիալական հարցերը կլուծվեն, առաջ գնալու հնարավորություններ կբացվեն: Եվ ես  որպես նախկին ավագանու անդամ և առաջադրված թեկնածու կարևորում եմ, որ համայնքում աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի գյուղում զարգացում լինի: Զարգացման ծրագրեր պետք է գրենք և հանրությանն էլ մասնակից դարձնենք: Այդ ամենը պետք է ճիշտ կազմակերպվի և դրան աջակցողները պետք է լինեն ավագանու անդամները, որոնք պետք է լինեն խելացի, փորձառու, բանիմաց:

 

-Ձեր կարծիքով, կանանց ներգարավվածությունը ավագանիներում որքանո՞վ  է նպաստում  համայնքի խնդիրների լուծմանը:

 

-Շատ դրական եմ համարում  կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ : Եթե կինը ընտանիքում մեծ դերակատարում ունի, ապա բնականաբար համայնքում էլ, որը  մեծ ընտանիք է, պետք է կարևոր դեր ունենա: Կինն ավելի կշռադատված է, հարցերին մոտենում է հոգեբանորեն ավելի նրբանկատ: Տղամարդիկ ավելի կտրուկ որոշումներ են կայացնում: Կինը քաղաքականության մեջ տրամադրություն, անգամ մթնոլորտ կարող է փոխել:
Բացի այդ  կանայք  ավելի մոտ են և ավելի շատ են ապրում կենցաղով, բնականաբար,  կինն ավելի մոտիկից է ծանոթ այդ խնդիրներին և լուծումներն էլ ավելի պրակտիկ է պատկերացնում: Այլ հարց է, թե մարդիկ որքանով են գիտակցում կնոջ դերը քաղաքականության մեջ, դա դժվարանում եմ ասել,  բայց , կարծում եմ, ժամանակն է, որ ճիշտ ընկալումներ ունենան:

 

-Այս առումով  Մարգարայի նախկին ավագանու կազմում 7-ից 3 անդամները կին են եղել, ձեր կարծիքով, ի՞նչն են  փոխել նրանք  համայնքի կյանքում, ինչպիսի՞ դերակատարում են ունեցել ծրագրերի իարգործման հարցում:

 

-Մեր ավագանու անդամ բոլոր կանայք էլ շատ խելացի և իրազեկ քաղաքացիներ են: Եղել է, այնպես, որ գյուղին առնչվող որոշումների հետ համամիտ չենք եղել, ձևակերպումների հետ համամիտ չենք եղել, փոփոխել ենք: Այսինքն՝ մենք գիտակցել ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը, տղամարդիկ հաշվի են առել կին ավագանիների կարծիքը այս կամ այն հարցը քննարկելիս: 

 

Լուսինե Կարապետյան

 

Հ.Գ. Նշենք, որ 1296  բնակիչ ունեցող  Մարգարա համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել, քանի որ անցյալ տարի համայնքի ղեկավարի փոփոխությունից հետո ավագանու 7 անդամներից երեքը հրաժարականի դիմումներ էին  ներկայացնել, իսկ մեկը դադադարեցրել էր   իր լիազորությունները: Փետրվարի 17-ին կայանալիք ավագանու  ընտրություններին  13 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից երեքը կին են:«Մենք ավելի շատ թիմակից ենք, քան մրցակից», – ասում են Մարգարայում առաջադրված կանայք՝ հաջողություն մաղթելով իրար առաջիկա ընտրություններում: 

 

 

 
Տեսանյութը՝ Անժելա Ստեփանյանի
 

Դիտումների քանակը` 313

Վերադառնալ վերև