Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Այսօր  գյուղի  կանայք դարձել են ավելի  համարձակ ու ազատ»

«Մոր և տանտիրուհու  առաքելությունը որևէ կերպ չպետք է սահմանափակի կանանց մասնակցությունը հանրային և տնտեսական կյանքին»,-համոզված է Սյունիքի  մարզի Բարձրավան համայնքի  29-ամյա  բնակչուհի Նաիրա Միքայելյանը:

 

Նաիրան ապրում է  մոր  և քրոջ  հետ: Հայրը զոհվել է 1993 թ. արցախյան  պատերազմում:Մայրը թոշակառու է, քույրը՝  30-ամյա Նառան  մասնագիտությամբ բժշկուհի է, աշխատում է  գյուղի  բուժկետում: Նաիրայի  խոսքով  տնտեսության  հարցերը  լուծում են համատեղ, թեև  մոր կարծիքն առաջնային է: Տնամերձում օգնում է  մորը, սակայն  հեռավոր վարելահողերը մշակելու  հարցում  դժվարանում են. «Տղամարդու ուժ է  պետք,  մենք դժվարանում ենք  կազմակերպել այդ  հարցը,  բացի դա ֆինանսական միջոցներ  չունենք»,-ասում է Նաիրան:

 

 Նաիրան գյուղի  դպրոցում դասավանդել է  ռուսաց և ֆրանսերեն  լեզուներ, սակայն   տնօրենի  հետ առաջացած  խնդիրների  պատճառով այլևս  չի աշխատում: Բնավորությամբ  համառ ու ազնիվ Նաիրան որոշել է  վերականգնել  իր  խախտված աշխատանքային  իրավունքները:

 

Ապրելով  հեռավոր գյուղում, այնուհանդերձ անտարբեր չէ քաղաքականության  հանդեպ: Թավշյա  հեղափոխության  անցուդարձին քաջատեղյակ  Նաիրան ընկերուհիների  հետ  հաճախ է  քննարկել լսածն ու ընկալածը:

 

-Մեր մանկությունը դժվար է անցել, բայց  մայրս  միշտ ասում էր, որ պետք է ամուր լինել, որ անհայր  մեծացած աղջիկներ ենք, ու չպետք է  մոռանանք, որ  գյուղում ենք ապրում, ամեն  մի սխալ քայլն այլ  կերպ կդիտվի շարջապատի կողմից: Սակայն  ինձ  քիչ է  հետաքրքրում  ուրիշների  կարծիքը, քանի որևէ  վատ  բան  չեմ անում: Ինչ  վերաբերում է քաղաքական ակտիվության  դրսևորմանը,  մայրս  երբեք  դեմ  չի եղել: Գիտեմ, որ  գյուղի տարեցները «քննարկում են»  իմ քաղաքական ակտիվությունը, սակայն մայրս  կողմ է իմ գործունեությանը,  ինձ  համար կարևորը դա է:

 

Նաիրան  գտնում է, որ  իր տարբերություն  տղամարդկանց,  կանանց ակտիվությունն ավելի անհրաժեշտ է  ոչ  միայն քաղաքականության, այլև  տնտեսության բոլոր ոլորտներում: Դա  լավ է  նաև  հասարակության  համար: Կանայք ավելի  համարձակ ու ազատ են դարձել: Նրա  խոսքով իրենց  գյուղում  դա  նույնպես  նկատվում է: «Ճիշտ է,  չափը  չեն ացնում,  բայց սկսել են ավելի ազատ արտահայտել  իրենց  կարծիքը այս կամ այն  հարցի  վերաբերյալ: Բայց  նախկինում  կինը  կահամարձակվե՞ր  ձայն  հանել,  խոսք ասել,  իհարկե, ոչ»: 

 

Զրույցի ընթացքում  սահուն անցում է  կատարվում ամենանուրբ  հարցին: Հատկապես  գյուղի  համար  քույրերը  բավականին  հասուն  տարիքում են, սակայն  երկուսն էլ ամուսնացած  չեն: Ինչպե՞ս են  վերաբերվում ամուսնությանը,  ինչպե՞ս են  պատկերացնում  իրենց  ապագա  ընտանիքը:

 

-Ինչ խոսք,  այդ  մասին  մտածում եմ: Գտնում եմ, որ ընտանիքում  որքան էլ տղամարդու  խոսքը որոշիչ  լինի, այնուհանդերձ ամուսինը  պետք է  հարգի  նաև կնոջ խոսքը: Չեմ  ընդունում  նաև  տղամարդկանց, ովքեր ամեն ինչում  հնազանդ են  կանանց,  մի  տեսակ ընտանիքի  ներդաշնակ   բալանսը  կարծես խախտվում է: Չէ որ ծնողների  վարքագիծը այնքան  կարևոր է  երեխաների դաստիարակության  հարցում: Թեև փոքր եմ եղել, երբ  հայրս  զոհվել է, սակայն  մայրս  մեր  մեջ սերմանել է  սեր ու հարգանք  նրա հիշատակի հանդեպ,  պատմություններից  գիտեինք, թե  ինչպիսի նվիրված ու մտահոգ,  կնոջ խոսքը  հարգող ամուսին ու  հայր է եղել: Այդպիսին էլ  պատկերացնում եմ  իմ ապագա ամուսնուն,- ասում է Նաիրան:

 

 Չի  բացառում, որ իր ու քրոջ չամուսնացած  վիճակը գյուղի կանանց  քննարկման թեմա է, սակայն դա Նաիրային  չի  հետաքրքրում, նման  կանանց  հետ  շփումները սահմանափակ են: Նրա  համոզմամբ յուրաքանչյուրը  պետք է ապրի  իր կյանքով,  իր խնդիրների վրա  կենտրոնանալով:

 

 -Ես նախընտրում եմ ակտիվ գործունեությունը,  մարդկանց  օգնել, հետաքրքրվել համայնքի խնդիրներով, փորձել աջակցել,  լուծման  տարբերակներ առաջարկել: Իմ էությամբ  ակտիվ եմ, տեղյակ եմ  իմ  իրավունքներին, փորձում եմ պաշտպանել դրանք, նույնը խորհուրդ եմ տալիս ընկերուհիներիս, համայնքի կանանց: Կինը պետք է կարողանա գնահատել իրեն,-ասում է Նաիրան:

 

Ներկայումս Նաիրան աշխատանք է  փնտրում, թեև  գիտի, որ  հեռավոր  գյուղում,  դա խնդիր է,  սակայն  չի  հուսահատվում,  սիրում է  կրկնել. չի եղել  գիշեր, որ չլուսանա:

 

Մտահոգ է ոչ միայն  իր , այլև  իր վիճակում  գտնվող գյուղի  մյուս աղջիկների  համար, ովքեր  աշխատանք են փնտրում, ովքեր ապրում են ապագայի  լուսավոր երազներով, վստահ, որ դրանք մի օր  իրականություն են  դառնալու:

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1137

Վերադառնալ վերև