Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նաիրա Զոհրաբյան. «Փորձ է արվում ընտանեկան բռնությունը ներկայացնել որպես հայկական ընտանիքի մոդել. սա բացարձակ անթույլատրելի է»

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն անհրաժեշտ է, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող,  WomenNet-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանը:

 

«Այն, որ ընտանեկան բռնությունը և՛ լատենտ, և՛ ոչ լատենտ Հայաստանում լրջագույն ու այլևս ռիսկային սահմանին է՝ փաստ է: Այլ հարց է՝ արդյոք օրենքն այն ձևով, ինչպես ներկայացված է ՀՀ կառավարության կողմից  պետք է ընդունվի, թե դրանում պետք է փոփոխություններ արվեն: Մենք գտնում ենք, որ օրենքի նախագծում որոշակի հակասություններ կան ու որոշակի ծայրահեղականացված դրույթներ ու ձևակերպումներ կան, որոնք շտկման կարիք ունեն և, բնականաբար, երբ խորհրդարանը կսկսի այդ նախագծի քննարկումը, մենք մեր առաջարկները կներկայացնենք»,- նշեց նա:

 

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 18-ին հանձնաժողովը հրավիրել էր օրենքի նախագծի քննարկման խորհրդարանական լսումներ, որի ժամանակ հնչած առաջարկությունները հանձնաժողովը առաջիկա աշխատանքային քննարկումների ժամանակ կամփոփի: Ընդ որում, խոսքը լսումների ժամանակ ոչ միայն պատգամավորների, այլև այլ մասնակիցների կողմից հնչեցված առաջարկություններին է վերաբերում: Ի դեպ, այդ լսումների մեկնարկին տիկին Զոհրաբյանը, հաշվի առնելով նախորդ քննարկումների ժամանակ գրանցված տհաճ միջադեպերը, հորդորել էր մասնակիցներին լսումները բախումների չվերածել, քանզի յուրաքանչյուրը կարծիք արտահայտելու իրավունք ունի:

 

«Ինձ համար  հասկանալի չէ այն աղմուկը, որ փորձ է արվում ընտանեկան բռնությունը ներկայացնել որպես հայկական ընտանիքի մոդել. սա բացարձակ անթույլատրելի մոտեցում է: Ինձ համար հայ ընտանիքը այն ընտանիքը չէ, որտեղ կա բռնություն կնոջ հանդեպ, ինձ համար հայ ընտանիքը այն ընտանիքը չէ, որտեղ կա բռնություն ու նվաստացում երեխայի հանդեպ: Ինձ համար հայ ընտանիքը այն ընտանիքն է, որտեղ կա փոխադարձ վստահություն և հարգանք: Այն,  որ բռնարարը, անկախ նրանից, թե դա ով է, պիտի պատժվի, միանշանակ է, բայց ինչ կերպ կամ օրենքը ինչ լրամշակումներ է պահանջում՝ սա արդեն քննարկման առարկա է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր ցանկությունը մեկն է՝ այս նուրբ հարցի քննարկումը լիներ տարբեր կարծիքներ ունեցողների միջև և ոչ թե  ո՞րն է հայ ընտանիքի մոդելը հարցի շուրջ,  եւ արդյոք դա այն է, որտեղ «կնոջ քիթ-մռութը ջարդում են» և սեփական երեխային վատ թվանշանի համար նվաստացնում են: «Ես ցավում եմ, որ քննարկումները բացարձակապես այս հունով են գնացել և այսօր էլ գնում են»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նշենք, որ փոփոխված նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության վաղվա՝ նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում: Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրենքի անվանումը փոքր-ինչ փոփոխվել է և այժմ հնչում է հետևյալ կերպ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Դրանով իսկ օրինագծի հեղինակները փորձել են պաշտպանել օրենքը «հայ ավանդական ընտանիքը քանդելու» պիտակավորումից:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 184

Վերադառնալ վերև