Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նարինե Գրիգորյան: «Այս փորձությունն էլ  կհաղթահարենք,  պարզապես եկեք  մի փոքր զգոն  լինենք»:

«Արտակարգ դրության  ողջ  ընթացքում Եղեգնաձոր  համայնքում  առաջնորդվել են մի սկզբունքով՝  ՀՀ պարետի կողմից հաստատած անվտանգության կանոններն ենթակա են պարտադիր կատարման», -WomenNet.am-ի  հետ զրույցում ասում է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ Վայոց ձորի մարզում մինչև  հունիսի 29-ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 143 դեպք, կորոնավիրուսով վարակվածներ կան  նաև Եղեգնաձոր համայնքում:

 

 

Նարինե Գրիգորյանի խոսքով, կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակում փորձել են ոչ միան  բնակչությանը  լիարժեք տեղեկատվություն հաղորդել անձնական հիգիենայի կանոնների վերաբերյալ, այլև պահանջել հոգատարություն բնակավայրի և շրջակա միջավայրի մաքրության հանդեպ:

 

 

Նրա տեղեկացմամբ, համաճարակի օրերին Եղեգնաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի ընթաքում տնտեսական  և սոցիալական  հարցերից  բացի մշտապես  քննարկվում են համավարակի կանխարգելմանն ուղղված  խնդիրները: Սահմանված գրաֆիկի համաձայն ավագանու անդամները պարբերաբար իրականացնում են շրջայցեր,  հետևում համայնքի աղբահանության, փողոցների, բակերի, սպասարկման  ծառայություններ իրականացնող  օբյեկտների սանիտարական վիճակին: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Եղեգնաձոր  համայնքի փողոցներում  իրականացվում է ամենօրյա ախտահանման աշխատանքներ: Քաղաքի տարբեր հատվածներում «Պահպանե՛լ մաքրություն», «Սիրի՛ր բնությունը», «Սիրի՛ր քո քաղաքը» ուղերձներով 32 փոքր և 15 մեծ աղբամաններ են տեղադրվել։

 

Եղեգնաձոր համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչների, ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակիցների իրազեկման շրջայցելը  նույնպես  շարունակական  բնույթ են  կրում,  իրականացվում են  նաև «Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ», «Կրենք դիմակներ, փրկենք կյանքեր», «Կրի’ր, որ կրենք» իրազեկման  ակցիաներ, որոնց մասնակցում են նաև Եղեգնաձոր համայնքի  ավագանու  կին անդամները՝ Նեկտար Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը:

 

 

-Պետք է ասեմ, որ Եղեգնաձորի  բնակչությունը պահպանվում է  կարգուկանոնը: Մայիս ամսվա  կեսերին կորոնավիրուսի պատճառով Վայոց ձորի Արենի համայնքում հատուկ  ռեժիմ սահմանվեց,  և  լավ է, որ  վարակի տարածումը  մյուս  համայնքներ կանխվեց: Ես  ինքս  հաճախ եմ  շրջում  Եղեգնաձորում,  դիմակ և այլ  գնումների  համար  մտնում եմ  դեղատուն,  խանութ, ամենուր կանոնները պահպանված են,  գծանմուշներն արված են, առկա են ախտահանման  նյութերը,  կատարվում է  ջերմաչափում: Փողոցներում  նկատում եմ անխտիր դիմակներ կրող  բնակիչների, պատահում են  ոմանք, որ  պարզապես  ճիշտ  չեն  կրում դիմակը: Դե,  համայնքում  բոլորս  իրար  ճանաչում ենք, եթե  հանդիպում եմ  նման  բնակչի, բացատրում դիմակը ճիշտ  կրելու  անհրաժեշտությունը,- պատմում է Նարինեն:

 

 

Նրա փոխանցմամբ համայնքի դեղատներն ապահովված են  բավականաչափ  դիմակներով, դիմակների դեֆիցիտ չկա: «Սյունիք  բարեգործական  հիմնադրամ»-ի կողմից բուժաշխատողներին  անվճար տրամադրվել է մեծ խմբաքանակով դիմակներ:

 

Եղեգնաձորի երիտասարդության գերակշռող  մասը աշխատում են  դրսում, թեև  վերջին օրերին  ոմանք  վերադարձել են: Տարեցները  համեմատաբար շատ են, սակայն փողոց  հազվադեպ են դուրս  գալիս, այս  օրերին  համայնքի բնակչության  մեծ մասը տնամերձ  հողամասերում զբաղված է գյուղատնտեսական  աշխատանքերով:

 

 

 

Ինչ վերաբերում է հարսանեկան արարողություններին կամ  թաղման ծեսերի, երբ մարդկանց  կուտակումներն անխուսափելի են, ապա նման դեպքեր չեն եղել:Նարինե Գրիգորյանի խոսքով Եղեգնաձորում եղել է հարսանեկան  արարողության մեկ պատվեր, ինչը հարսանյաց  սրահի կողմից մերժեվլ է, իսկ փոքրածավալ միջոցառումների մասին տեղեկացված չէ:

 

 

 

WomenNet.am-ի  հետ զրույցում Նարինե Գրիգորյանը նաև պատմեց այն բարեգործությունների մասին, որոնք իրականացվել են համայնքում  կորոնաnվիրուսային համավարակի հետևանքով առաջացած և արտակարգ իրավիճակով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու նպատակով:  Նշեց, որ  քաջատեղյակ է համայնքի  բնակիչների սոցիալական  վիճակին,  համայնքում իրականացվող  և՛ պետական աջակցության ծրագրերին, և՛ ցանկացած  բարեգործություններին:  Օրինակ,  «Արմաթ» ինժիներական լաբորատորիաները այս օրերին   տրամադրեցին Եղեգնաձոր,Վայք և Ջերմում քաղաքներում գործող բուժհաստատություններին  եռաչափ տպիչներով  պատրաստված 80 պաշտպանիչ դիմավահան… «Համով  լավաշ» հացի արտադրամասն անվճար հաց է մատակարարում միայնակ տարեց թոշակառուներին և բազմազավակ ընտանիքներին… Եղեգնաձորում գործող <Ճիշտ> մարկետի տնօրինությունը համայնքի մի շարք  բնակիչների և կամավորների հետ  պատրաստել էր սննդի փաթեթներ և տրամադրել համայնքի հաշմանդամ, տեղաշարժման խնդիրներ ունեցող կենսաթոշակառուներին.. «Տելեսիկ» դեղատան աշխատակազմն  իր հերթին  Եղեգնաձորի համայնքապետարանի և «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն.> ՀՈԱԿ-֊ի աշխատակիցներին ապահովեց պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցնեով և ախտահանող նյութերով…

 

 

 

-Ինչպես որ միշտ եղել է,  նեղության  պահերին Եղեգնաձորի համայնքապետարանն  ու բարեգութ  մարդիկ մշտապես աջակցել և շարունակում են աջակցել սոցիալապես  անապահով ընտանիքներին ու  տարեց  բնակիչներին, որպեսզի  վերջիններս  հնարավորինս քիչ դուրս  գան  տանից, մնան  տանն ու հետևեն  իրենց առողջությանը», – նշում է նա, ավելացնելով, որ, իր համոզմամբ,  եթե ստեղծված իրավիճակում  յուրաքանչյուր քաղաքացի  սթափ  մտածի իր  և շրջապատի առողջության  պահպանման  մասին, ապա պետական  մարմինների որոշումների  կարիքը չի զգացվի:  «Առավել ևս ,  եթե  օրենքը  գործում է ու անվտանգության  կանոններ են սահմանված, ապա  պետք է  ենթարկվել դրանց: Ոչինչ  հավերժ չէ, այս փորձությունն էլ  կհաղթահարենք,  պարզապես եկեք  մի փոքր զգոն  լինենք», – եզրափակում է  Նարինե Գրիգորյանը:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1302

Վերադառնալ վերև