Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նարինե Գրիգորյան. «Յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր քաղաքի համար»

«Համայնքային  խնդիրների լուծումը վերապահված չէ  միայն  տղամարդկանց, այդ  խնդիրների լուծման  գործընթացում կանանց  մասնակցությունը  միայն  դրական փոփոխություններ կմտցնի, քանի որ կնոջ աչքը  նկատում է այն,  ինչը  հաճախ դուրս է  մնում  տղամարդու  տեսադաշտից», – համոզված է Եղեգնաձորի ավագանու թեկնածու  Նարինե Գրիգորյանը:

 

 

WomenNet-ի հետ զրույցում  Նարինեն նշեց, որ   առաջին անգամ է առաջադրվում ընտրություններում: Մինչ այդ մշտապես ընդգրկված է եղել  հասարակական աշխատանքներում և իր ներդրումն ունի համայնքային խնդիրների բացահայտման և լուծման հարցերում: Նա   Եղեգնաձոր  քաղաքի թիվ 1 դպրոցի պատմության և հասարակագիտության  ուսուցչուհի է, անկուսակցական է,   Եղեգնաձորի Կանանց ռեսուրս կենտրոնի  խորհրդի անդամ,  «Ջինջ Արփա» բնապահպանական  ՀԿ-ի  նախագահ :  Ամուսնացած է, ունի 2 դուստր:

 

Ընտրություններում հանդես է գալիս կարգախոսով՝ «Միասին շենացնենք մեր համայնքը»:  Նրա  խոսքով,   Եղեգնաձորում խնդիրները բազմաթիվ են.  քաղաքը  ճանապարհների բարեկարգման,  կանգառների և ժամանցի վայրերի ստեղծման, զբաղվածության հարցի լուծման  կարիք ունի:

 

«Իհարկե, ես  չեմ ասում, որ  սեփական ուժերով կկարողանամ  լուծել  զբաղվածության խնդիրը, սակայն  Կանանց  ռեսուրս կենտրոնի ակտիվիստների համատեղ ուժերով կանենք  հնարավոր ամեն  ինչ մարդկանց աշխատատեղերով ապահովելու  համար: Վստահ եմ, որ այս  և մյուս հարցերում  իմ  գործընկերները  կօգնեն  ինձ», – ասում է Նարինեն:

Նարինեի կարծիքով,   բազմազբաղ  առօրյան կնոջն  ավելի կազմակերպված է  դարձնում,  ինչի շնորհիվ օրվա  ընթացքում  հասցնում է անել ավելին, քան կարելի է պատկերացնել:  Նարինեն  անձնական փորձով ապացուցել է, որ ունակ է ժամանակն արդյունավետ օգտագործել, որ կարողանում  է համատեղել  մանկավարժական,  հասարակական  գործունեությունն ու ընտանեկան պարտականությունները: 20-ամյա մանկավարժական  գործունեության ընթացքում ընդգրկվել է  առարկայական  մեթոդական  միավորումներում, մասնակցել նորարարական  ծրագրերի իրականացմանը, ներկայումս  համագործակցում է «Պատանեկան  նվաճումներ» ՀԿ-ի  հետ, որի միջոցով   լուծվել են է դպրոցին առնչվող  որոշ խնդիրներ: Նա  չհապաղեց արձագանքել  նաև Կանանց  ռեսուրս  կենտրոնի ստեղծման  նախաձեռնությանը, որի հիմնադիր անդամն է հանդիսանում:  նրա ակտիվության հիմքում համոզմունքն է , որ ճիշտ չէ  մշտապես  դժգոհողի դերում  լինել, հարկավոր է նաև խնդիրների լուծման ուղիներ փնտրել:  ընտանեկան կայնքում էլ նույն դիրքորքշումն ունի, ասում է, պետք չէ ողջ հոգսը թողնել ամուսնու  ուսերին… Իսկ ավագանու ընտրություններում առաջադրվելու գաղափարն, իր խոսքով,  աստիճանանբար է հասունացել …

 

–         Սկզբում  մտածում էի, արդյոք ավագանու թեկնածուի ընտրություններում առաջադրվելը ռիսկային  չէ՞ ինձ  համար, հետո մտածեցի,  իսկ  ինչու՞ ոչ, չէ՞ որ ես   որպես Եղեգնաձորի բնակչուհի մտահոգված եմ  իմ համայնքի խնդիրներով,  ցանկանում եմ որ այն մյուս  համայնքների համար դառնա օրինակելի: Ընտանիքում էլ որևէ  խնդիր չառաջացավ, ամուսինս, երկու դուստրերս  ու հարազատներս  նույնպես  կողմ էին  իմ  որոշմանը, գիտեին, որ հասարակական  գործունեության  հարուստ փորձ ունեմ, ասում էին, որ թեկնածությունս ավելի շուտ պետք է առաջադրեի: Սակայն պահը  պետք է հասունանար, ինքս էլ  պետք է  համոզվեի, որ ի վիճակի եմ մասնակից լինել  մասշտաբային  խնդիրների լուծմանը: Հիմա համոզված եմ, որ լիազորությունների ընդլայնման դեպքում  կարող ես  անել ավելին, քան  որպես  համայնքի շարքային  անդամ, – ասում է Նարինեն:

Համայնքային մի շարք  խնդիրների լուծմանը Նարինեն արդեն  ձեռնամուխ է եղել «Երիտասարդ առաջնորդ աղջիկները Եղեգնաձորի տարածաշրջանում»  ծրագրում  ընդգրկված 18-30  տարեկան կանանց հետ, ովքեր ՏԻՄ գործառույթների վերաբերյալ  համապատասխան գիտելիքներին, համայնքային խնդիրները բացահայտելու և նախաձեռնությունների վերածելու հմտություններին ծանոթանալու հետ մեկտեղ գործնական քայլեր են  ձեռնարկում դրանց  լուծման ուղղությամբ:

 

Նարինեն  մտահոգված է նաև Եղեգնաձորի հիվանդանոցի շրջակայքում ավտոբուսների կայանատեղի մոտ, արևոտ ու անձրևոտ եղանակին տրանսպորտի սպասող ուղևորների խնդրով:

 

–         Ոչ ծածկ  կա, ոչ  նստարան, մարդիկ ժամերով կանգնում են արևի տակ: Փորձում ենք ձեռք  բերել ֆինանսներ, որպեսզի քաղաքի մի քանի հատվածներում ստեղծենք կանգառներ: Բացի դա, Մոմիկի անվան և մանկական  զբոսայգիները  վերանորոգման  կարիք ունեն, մտահոգիչ է  նաև մանկական  խաղահրապարակի անվտանգության  հարցը: Կարծում եմ,  մենք  պետք է հասնենք  նրան, որպեսզի բնակչության մոտ ձևավորվի հանրային  վերահսկողություն  իրականացնելու մշակույթ, յուրաքանչյուրս պատասխանատու ենք  մեր քաղաքի համար,  ոչ միայն  մաքրության, գեղեցկության, այլև անվտանգության  համար, – ասում է  Նարինեն:

Սրանք  խնդիրներ են, որոնց լուծումը թեև վերապահված է Եղեգնաձորի  քաղաքապետարանին, սակայն վերջինս դեմ չի եղել  կրեատիվ առաջարկներին ու աջակցող ձեռքերի մասնակցությանը: «Մեր աշխատնքը քաղաքապետարանի հետ փորձել ենք կառուցել, չ թե հակադրության, այլ համագործակցության վրա, քանի որ դա,  իմ կարծիքով,  ավելի  լավ արդյունք է  տալիս»,- համոզված է Նարինեն:

 

Դրա հետ մեկտեղ  Նարինեն չի բացառում կարծիքների ու տեսակետների բախումը, հատկապես, երբ համայնքային  կառավարման ոլորտում  տղամարդիկ մեծամասնություն են,  բայց  և համոզված է, որ ցանկացած կոնֆլիկտ  հնարավոր է  հարթել երկխոսության և  վերլուծության արդյունքում:  Ինչ վերաբերում է  ավագանու  ընտրություններից իր  ակնկալիքներին,  ապա Նարինեն  չի ցանկանում  ընտրվել ինչ-որ մեկի  ծանոթ-բարեկամը լինելու, ուզում է, որ  համաքաղաքացիները  հավատան ու վստահեն իրեն՝ գնահատելով   իր երկարամյա մանկավարժական  և հասարակական  աշխատանքը: Համոզված է, որ  արդար ու անկողմնակալ մոտեցման դեպքում հենց այդպես էլ կլինի:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2368

Վերադառնալ վերև