Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ոչ միայն Նարինեին են մայրությունից զրկել, այլեւ փոքրիկին՝ մանկությունից»

    «Ես չեմ հասկացել ինչ է կատարվում, ինձ մեքենայից իջեցրեցին, ես նստեցի բժշկի մեքենան, իսկ երեխաս մնաց մյուս մեքենայում…քշեցին ու տարան փոքրիկիս»,- արցունքները մի կերպ զսպելով պատմում է 35-ամյա Նարինե Նիկողոսյանը (լուսանկարում կենտրոնում է): Նա փաստաբանի եւ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության անդամների հետ եկել էր  երեկ «Հայելի» ակումբ, որպեսզի պատմի, թե ինչպես են նորածին երեխային խլել իրենից:

 

«Ես միայնակ էի, վատառողջ, չէի տիրապետում ինձ, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ինձ խաբել են, ես թղթեր եմ ստորագրել, առանց իմանալու, որ դրանով հաստատում եմ օտար տղամարդու հայրության իրավունքը…ինձ խաբել են»,- ասում է երիտասարդ մայրը, ով այդպես էլ չի կարողացել վայելել մայրության բերկրանքը, քանի որ ծնվելուց երեք օր անց երեխային պարզապես փախցրել են, որից հետո Նարինեն նույնիկ լուսանկարներով չի տեսել նրան:

 

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ Ոստիկանության Զեյթունի բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանը սույն գործով նախ օբյեկտիվ քննություն է իրականացրել, սակայն երբ եկել է հանցագործության բացահայտման պահը, քննիչը այնպես է վարել գործի շարունակությունը, որ հանցագործները մնացել են անպատիժ, իսկ երեխան՝ իր հարազատ մորից բաժանված:

 

«Ոչ միայն Նարինեին են մայրությունից զրկել, այլեւ փոքրիկին են մանկությունից զրկել: Երեխան իրավունք ունի եւ պետք է շփվի իր ծնողների հետ, դաստիարակվի նրանց կողմից, բայց երեխայից խլել են այդ իրավունքը»,- շեշտադրում է փաստաբանը:

 

Նարինեի փոքրիկն այժմ ապրում է Արցախում՝ տարեց մարդկանց խնամակալության ներքո: Էդիսոն Ադյանը, ով ըստ կեղծված փաստաթղթերի փոքրիկի հայրն է, իրականում երեխայի կենսաբանական հայրը չէ. «Նույն գործով եւ Էդիսոն Ադյանն է պնդել, թե ինքն է կենսաբանական հայրը, թե երեխայի իսկական հայրն է ցուցմունք տվել, որ ինքն է ծնողը: Սակայն քննիչը փորձաքննություն չի նշանակել, որով կբացահայտվեր, թե ով է իրական հայրը»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

Նարինեից երեխան խլելու գործում ներգրավված են եղել Ութերորդ հիվանդանոցի բժիշկ Հրատչ Գալուստյանն ու Յուրա Ադյանը: Բժիշկը, սակայն, երբեւէ չի հարցաքննվել, քանի որ հեռացել է Հայաստանից՝ այսպիսով խուսափելով պատասխանատվությունից:

 

«Մենք Գլխավոր դատախազին գրել էինք, խնդրել էինք վերահսկողություն սահմանել, սակայն գործը չի վերահսկվել, քննությունը կիսատ է արվել եւ քրեական գործի վարույթը կարճվել է»,- նշում է փաստաբանը:

 

Ներկայումս Նարինեն բողոքարկել է գործի կարճման որոշումը: Բողոքը քննվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ նիստը նշանակված մարտի 4-ին՝ ժամը 10:30-ին, իսկ մարտի  3-ին՝ ժամը 11:00-ին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի անդամները բողոքի ակցիա են իրականցնելու ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով նպաստել արդար դատաքննությանը:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 2032

Վերադառնալ վերև