Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նազիկ Ավդալյան. «Եթե կինը լավ գիտի իր գործը,  նա չպետք է զիջի իր տեղը միայն այն բանի համար, որ մրցակիցը տղամարդ է»

Տարբեր տարիներին ծանրամարտի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում չեմպիոնի տիտղոսը վաստակած Նազիկ Ավդալյանն այսօր ժպիտով է պատասխանում «քաղաքականությունը կնոջ տե՞ղն է» ու նմանատիպ  հարցերին։ Նրան տարիներ շարունակ համոզել են՝ ծանրամարտը կնոջ տեղը չէ, բայց ինքը հակառակն է ապացուցել՝  լուրջ հաջողություններ գրանցելով։ Այսօր Նազիկ Ավդալյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  համամասնական ցուցակով, վեցերորդ հորիզոնականում է ներկայացված: WomenNet.am –ի  հետ զրույցում նա  ներկայացնում է   Երևանի խնդիրների իր  պատկերացրած լուծումները։

 

 

Ինչ է առաջնություններում ես միայն Գյումրի՞ն էի ներկայացնում

 

Ծնունդով գյումերցի մարզիկին զարմացնում են  այն մարդիկ, ովքեր պնդում են, որ ինքը պետք է հայրաքաղաքում մասնակցեր ընտրություններին։ Նազիկը հիշեցնում է՝ տասը տարի է բնակվում է Երևանում, գրանցված է ու ապրում է Ավանում։ «Իսկ երբ երկիր էի ներկայացնում, ինչ է միայն Գյումրի՞ն էի  ներկայացնում։ Երևանն էլ ողջ Հայաստանի մայրաքաղաքն է»,- կատակելով հակադարձնում  է Ավդալյանը:

 

 

«Հասարակական տրանսպորտից օգտվելը չպետք է նվաստացուցիչ բան դիտվի»

 

Երևանում խնդիրներ կան թե մեծերի, թե փոքրերի համար։ Փոշոտ, կեղտոտ քաղաք է, ես չեմ ցանկանա, որ իմ երեխան մեծանա կեղտոտ քաղաքում։ Այն պետք է դարձնենք գեղեցիկ, բարեկեցիկ, մատչելի բոլորի համար։ Ես հասարակական տրանսպորտից շատ եմ օգտվում, նաև իմ չորս տարեկան երեխայի հետ։ Ինձ շատ են ասում՝ Նազիկ ջան, ինչո՞ւ ես նստում երթուղային։ Մարդկանց կարծիքով, հասարակական տրանսպորտից օգտվելը նվաստացուցիչ բան է, հատկապես հասարակության կողմից մեծ ճանաչում ունեցող մարդկանց համար։ Դրա պատճառն էլ գիտեմ՝ հարմարավետ չեն, սարսափելի վատ պայմաններ են, կռացած, կեղտոտ… Մինչդեռ, պետք է հասարակական տրանսպորտով օգտվելը բոլորի համար լինի հաճելի ու սովորական բան, մարդկանց համար արտասովոր չպետք է լինի երթուղայինում հայտնիներին տեսնելը։

 

«Սպորտը նախ և առաջ առողջություն է»

 

-Ճիշտ է՝ մեծ սպորտը թողել եմ, բայց այդ ոլորտին առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետևում։ Գիտե՞ք, շատ մանր խնդիրներ կան, որոնք լուծելն այնքան էլ դժվար չէ, բայց դա մեծապես նպաստելու է սպորտի զարգացմանը։ Օրինակ, կարելի է էժան, բայց պետքական գույք առնել։ Բարձրաձայնելու եմ ու աչալուրջ եմ լինելու դպրոցների մարզադահլիճների բարելավման գործին, տարբեր մարզաձևերի տարածմանն ու զարգացմանը։ Կարելի է քիչ գումարներով,  կազմակեպված ու համատեղ ջանքներով հասնել արդյունքների, ի վերջո սպորտը նախ և առաջ առողջություն է, առողջ ապրելակերպ է։ Սա նաև շատ կարևոր է համացանցի դարում, երբ ողջ օրը երեխաները նստած են համակարգչի, հեռախոսների դիմաց։ Ի վերջո, այսօր  գերքաշության խնդիր կա։ Սպորտը նաև զարգացնում է  երեխաների հոգեբանությունը, կամքի ուժը։ Այս առումով ես ավելի եմ կարևորում սիրողական սպորտի զարգացումը։ Կարևորում եմ նաև կանանց՝ մարզասրահներ ավելի շատ այցելելը։ Բացի լավ կազմվածք, առողջ մկաններ ունենալուց, այն նաև տրամադրություն է բարձրացնում։ Ես միշտ եմ այս ուղղությամբ մտածել, հիմա արդեն բարձրաձայնելու հնարավորություն ունեմ։

 

 

«Բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկիրը մեր տունն է»

 

-Ապրում եմ Ավան թաղամասում, բազմաբնակարան շենքի երրորդ հարկում։ Ոտքով եմ բարձրանում-իջնում, ոչ միայն այն պատճառով, որ առողջարար է, այլև վերելակը չի աշխատում։ Կարևոր հարցեր են վերելակների վիճակը, աղբահանությունը, մաքրությունը։ Վերջինը սկսում է տնից։ Մի անգամ իմ տղան չուպա-չուպսը կերավ, թուղթը գցեց գետնին։ Ես խնդրեցի, որ վերցնի, հետո նրան գովեցի այդ արարքի համար։ Դրանից հետո աղբը գետնին չի գցում։ Բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկիրը մեր տունն է, այն պետք է պահել ու փայփայել ինչպես մեր տունը։ Օրինակ, ես շատ ծառեր շատ եմ տնկել։ Մեզանից յուրաքանչյուրը եթե մի  քանի ծառ տնկի, խնամի, կունենանք ծառաշատ ու փոշուց զուրկ քաղաք։

 

«Փորձելու եմ իմ մայրաքաղաքին օգտակար լինել»

 

-Իմ երեխան հաճախում է պետական մանկապարտեզ, շատ գոհ եմ, հրաշալի տեղ է։ Անկեղծ ասած, որդուս ընդունելուց ինձ ընդառաջեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ,  քանի որ ուսումնամարզական հավաքներին էի ակտիվորեն մասնակցում։ Բայց լսել եմ ու գիտեմ, որ մանկապարտեզներ ընդունվելը բարդ է։ Գիտեմ, որ մանկապարտեզներում աշխատանքային ժամերը կարճ են, ճիշտ է, ես չեմ աշխատում, այդ խնդրին դեռ չեմ բախվել, բայց աշխատող ծնողներից լսել եմ դժգոհություններ։ Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ խնդիրներին ամբողջությամբ, բայց բացթողումները լրացնելու համար անպայման փորձելու եմ իմ մայրաքաղաքին օգտակար լինել։

 

 

«Ի՞նչ ունեն տղամարդիկ, որ կանայք չունեն»

 

-Քաղաքականության մեջ կանայք ու տղամարդիկ պետք է հավասարապես ընդգրկված լինեն՝ անկախ սեռային պատկանելիությունից, այստեղ պետք է հաշվի առնվեն մասնագիտական որակները, խելքը, գրագիտությունը, կառավարման հմտությունները։ Ի՞նչ ունեն տղամարդիկ, որ կանայք չունեն, կանայք ավելի վա՞տ են մտածում, վա՞տ են սովորում։ Ինձ շատ հաճախ էին ասում՝ ծանրամարտը կնոջ սպորտաձև չէ, բայց…  Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, նորմալ է, բայց եթե կինը լավ գիտի իր գործը,  նա չպետք է զիջի իր տեղը միայն այն բանի համար, որ մրցակիցը տղամարդ է։

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1063

Վերադառնալ վերև