Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչպես «բուժել» ձեր բիզնեսը. Նիկա Մանուկովայի դեղատոմսը

Նիկա Մանուկովայի ստեղծած SIGNUM խորհրդատվական ընկերությունն իր գործունեությունը ծավալում է երեք ուղղություններով: Բայց հիմնական ուղղությունը բիզնես կլինիկան է, ինչը  նորարարական, աշխարհում նմանակը չունեցող կոնցեպտ է:

 

WomenNet.am-ի հետ զրույցում Նիկա Մանուկովան նշեց, որ գաղափարը լիովին համապատասխանում է իր անվանը՝ բիզնեսի «հիվանդությունների» ախտորոշում և հետևանքների գնահատում, այնուհետ՝  բուժում մասնագետների ներգրավմամբ: Մեր զրուցակիցը նշեց, որ դիագնոստիկան, որպես այդպիսին, նորություն չէ, բայց կոնկրետ իրենց գործունեության նորարարությունը նրանում է, որ կլինիկայի տակ հավաքել են տարբեր խորհրդատվական ընկերություններ, որոնց համագործակցությամբ էլ լուծվում է բիզնես խնդիրը.

 

-Մենք մի քանի հաջողված ծրագրեր ունենք, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կատարված աշխատանքներ: Երբ սկսեցինք ծառայություններ մատուցել հասկացանք, որ միայն խորհրդատվությամբ չենք կարողանա արդյունք ունենալ, որովհետև խորհրդատուներն իրենց աշխատանքը ավարտելուց հետո լքում են ձեռնարկությունը, որն էլ չկարողանալով հետևել խորհուրդներին նորից է վերադառնում  հին հիվանդություններին: Այսինքն, ինչպես և հիվանդ մարդու դեպքում, մասնագետի հետևողական հսկողությունը չափազանց կարևոր է: Մենք բացել ենք դպրոց՝ բիզնես որակի պատասխանատուների դպրոց, որտեղ պատրաստում ենք մեզանից հետո  ձեռնարկությունում մնացող թիմի ներկայացուցիչներին: Ի դեպ, ներկայումս զբաղված ենք մեր այս գաղափարի պատենտավորմամբ, որից հետո գաղափարը կառաջարկվի տարբեր երկրներին:

 

 

Դժվար չէ աշխատել բիզնես միջավայրում, որտեղ կանանց ձայնը քիչ լսելի է:

 

-Սկզբում, երբ ես ավելի երիտասարդ է, իսկապես շատ դժվար էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ոչ միայն բիզնեսն էր տղամարդկանց ձեռքերում, այլև տղամարդիկ էին ավելի փորձառու ու նպատակասլաց բիզնեսում: Բայց այսօր բոլորովին այլ իրականությունում ենք ապրում և կանայք ավելի շատ են աշխատում իրենք իրենց վրա, փորձում ավելի շատ կրթվել ու զարգանալ, և, ինչը շատ կարևոր է, տղամարդուն դիտարկում են իրենց հավասար: Եթե տասը տարի առաջ կանայք լռում էին, իրականությանը ստիպված նայում էին տղամարդու աչքերով, ապա այսօր իրավիճակ է փոխվել, ինչին մեծապես նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որ սահմաններ չեի ճանաչում և հնարավորություն ընձեռում բացահայտել այլ երկրների փորձը: Իսկ այդ փորձը բացառում է կին-տղամարդ խտրականությունը:

 

 

Անձամբ Դուք ի՞նչ դժվարությունների եք բախվել:

 

-Իմ պարագայում մի քիչ այլ է, քանի որ ես երկու մասնագիտություն ունեմ. միջազգային որակի կառավարման համակարգի ստանդարտների և ազատ տնտեսական գոտիների մասնագետ եմ, իսկ սրանք այնպիսի մասնագիտություններ են, որտեղ նորմալ մասնագետներ անգամ տղամարդկանց մեջ քիչ են:

 

Արդեն նշեցիք, որ միտումը փոխվել է և կանայք ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթվելուն, վերապատրաստվելուն: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ նորարար գաղափար ունենալը դեռ չի նշանակում, որ այն կյանքի կոչելու հմտություն, ներուժ կամ համարձակություն ունես: Ի՞նչ եք խորհուրդ տալիս այդ առումով  կանանց, այդ թվում նաև Ձեր թրենինգների ժամանակ…

 

-Շատ ժամանակ լսարանից լինում են հարցադրումներ ոչ միայն կանանց կողմից, այլև տղամարդկանց՝ ինչպե՞ս անել, որ գաղափարն անպայման հասնի իր նպատակին: Իրականում դա այդքան էլ ծանր գործ չէ, ուղղակի  պետք է շատ արմատական, խորքից հասկանալ, թե ի՞նչ ես ուզում անել: Գոյություն ունի կոնցեպտի հարցադրում, ինքդ քեզ հարցեր ես տալիս, որի ընթացքում հասկանում ես՝ իսկապե՞ս դա պետք է անես և արդյոք դա քեզ պետք է: Եվ եթե հարցերից շատերի դեպքում պատասխաններդ սրտացավ են, ապա պետք չէ վախենալ, այլ պետք է գործել, որովհետև այո՝ կարող են լինել խնդիրներ, խոչընդոտներ: Անձամբ իմ բիզնես կլինիկայի առաջին փորձը ձախողված էր, որովհետև ի սկզբանե դժվար է 100 տոկոսանոց աշխատող պլան գծել, բայց մենք  արեցինք սխալների  ուղղում և արդեն երկրորդ փորձը հաջողվեց,  որովհետև գիտեինք, թե որտեղ և ինչ ռիսկեր ունենք և որտեղ կարող ենք խնդիրներ ունենալ:

 

Բացի այդ, պետք է գնահատել գաղափարի արդյունավետության աստիճանն ու ֆինանսական ներուժը: Մենք շատ խելացի երիտասարդներ ունենք, որոնք փայլուն գաղափարներ ունեն, բայց չունեն համապատասխան ֆինանսավորում այդ ծրագրերն իրականացնելու համար: Դրա համար շատ կարևոր է տիրապետել միջազգային հարթակների մասին տեղեկատվությանը, թե որտեղ կարելի է ներկայացնել ծրագրերը, քանի որ շատ ու շատ ընկերություններ իրենց կից բացում են նորարարական ձեռնարկություններ և բաժիններ: Բոլորովին թարմ օրինակ է խելացի դրմապանակի գաղափարը՝ հետաքրքիր նախաձեռնություն, որն բավականին մեծ արձագանք ստացավ: Եվ նման գաղափարներ, մտքեր շատ կան, որոնք սպասում են իրենց ժամին:

 

 

Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդկային պոտենցիալն է և այդ մասին մշտապես ասվում է: Ի՞նչ  կասեք կանանց  ներուժի մասին,  ի՞նչն է խանգարում դրա լիարժեք իրացմանը ..

 

-Ամենամեծ խոչընդոտը կարծրատիպերն են ու ավանդական այն մոտեցումը, թե կնոջ տեղը տանն է, խոհանոցում: Ես ինքս շատ ժամանակ այդ ընտրության առջև եմ կանգնած լինում՝ մեկնել գործուղման, թե՞ մնալ տանը երեխաների հետ, մնալ ճաշը պատրաստել, թե՞ գնալ գործնական հանդիպման: Այդ խնդիրը մեզանում կա: Իմ կարծիքով, կարիերայի մեջ այն կինն է հասնում հաջողության, ով ամուսնու կողմից լիակատար աջակցություն ունի: ի դեպ, ընտանիքնը դրանից միայն շահում է: Այն պահից սկսած, երբ կինը կարողանում  ինքնդրսեւորվել  է և իր հաջողությունների շնորհիվ  զբաղեցնում իր տեղը հասարակության մեջ, նա դառնում է ավելի ինքնավստահ, ավելի բավարարված ու երջանիկ և այդ  երջանկությունն ու ինքնաբավությունը  բերում է տուն՝ վարակելով ընտանիքի անդամներին: Հիմնական խնդիրը, փաստացի, նրանում է, որ ոչ թե կանանց ներուժը չի գնահատվում, այլ կանայք կանգնում են ընտրության առջև՝ աշխատել, թե մնալ տանը երեխաների հետ: Իհարկե, հիմա հարց կառաջանա՝ իմ տանը ամեն ինչ իդեալակա՞ն է, թե ոչ: Իհարկե ոչ, որովհետև խնդիրներ ու չհասկացվածություն լինում է թե՛ ընտանիքում, թե՛ աշխատավայրում, բայց եթե  ընտանիքդ կանգնած է թիկունքիդ, քեզ օգնում է, ապա բոլոր այդ խնդիրները շատ հեշտ լուծվում են ու կարողանում ես զարգանալ ու առաջ գնալ:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1170

Վերադառնալ վերև