Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Պետք եղավ՝ զուգարան էլ կմաքրեմ, մենակ թե էրեխեքս չմսրեն ու սոված չքնեն…»

vanadzor

23-ամյա Նոնա Ղազինյանի առաջին ամուսնական փորձն առաջին իսկ օրից բռնությամբ է սկսել. աղջիկը դեռ դպրոցում սովորելիս է եղել, երբ նրան փախցրել են…

 

 

«Ես առաջին ամուսնուս չեմ սիրել, ինքը ինձ ծեծում-ջարդում էր»,- ասում է Նոնան ու ետ քաշում բաճկոնի թևերը, որպեսզի ցույց տա մաշկի վրա հանգցրած ծխախոտի հետքերը:

 

 

«Ես չեմ ուզում հիշել, թե ինչեր էր անում…Շշով խփել էր գլխիս, մաշկիս տակ դեռ զգում եմ ապակու կտորները…»,- Նոնան հազիվ է արցունքները զսպում:

 

 

Վանաձորում ապրող երիտասարդ աղջիկը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ «Լոռի TV»-ին հրապարակեց նրա մասին տեսանյութ, որտեղ Նոնան պատմում էր իր անելանելի վիճակի մասին: Իսկ WomenNet-ի հետ զրույցում նա առավել մանրամասն ներկայացրեց իր դժվարությունները:

 

 

«Առաջին ամուսնուցս մի էրեխա ունեմ, հետո երկրորդ անգամ ամուսնացա, երեք ամիս առաջ երկրորդ էրեխես ծնվեց: Ամուսինս ծույլ էր, չէր աշխատում, ոչ փող էր վաստակում, ոչ էլ տանն էր ինձ օգնում: Նույնիսկ փայտը չէր ջարդում, որ տունը տաքացնեինք: Իրենից բաժանվեցի: Հիմա էլ, առաջվա պես, փայտը ես եմ ջարդում, որ էրեխես չցրտահարվի»,- ասում է Նոնան:

 

 

Նոնայի ընտանիքը Այրումից է. տարիներ առաջ մայրը մահացել է, հայրն ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ: Այժմ Նոնան հայրական տուն վերադառնալ չի ուզում: «Շատերը զարմանում են, որ իմ ընտանիքն ինձ չի օգնում, բայց իրանք շատ խեղճ են: Պապաս գերեզմաններ է փորում, որ ապրելու փող ունենան: Ես որ հնար ունենայի, ես իրանց կօգնեի…»,- ասում է աղջիկը:

 

 

Նա հղիության ընթացքում աշխատել է, գյուղում բերքահավաքչությամբ է զբաղվել: «Սեզոնին գնում էի գյուղ, օրը 3000-4000 դրամով գործ էի անում, բայց որ էրեխես ծնվեց, էլ չեմ կարացել աշխատեմ: Երեք ամսեկան է, ինձնից բացի ուրիշի մոտ չի մնում»:

 

 

Նոնան վարձով է ապրում Վանաձորում, փոքրիկ տան մեկ սենյակի համար վճարում է ամսական 10.000 դրամ: Վերջին երեք ամսվա վարձը չի վճարել. չի վճարել նաև հոսանքի պարտքը՝ 41.000 դրամ: Էլեկտրաէներգիայի մատակարարումը պարտքի պատճառով դադարեցված է. սենյակը փայտե վառարանով է տաքացնում:

 

 

«Ես ցախ առնելու փող չունեմ, գիշերը էրեխես որ քնում ա, կողքի սենյակում ապրող տատիկի մոտ եմ թողնում ու դուրս եմ գալիս փայտ հավաքելու, մի քանի կտոր գտնում բերում եմ, որ գիշերը ցրտին դիմանանք…»,- Նոնայի աչքերը դարձյալ թրջվում են:

 

 

Նա պետությունից որևէ սոցիալական աջակցություն չի ստանում. ինքն ու երեխան գրանցում չունեմ: Վերջերս Վանաձորի քաղաքապետարանից 10.000 դրամ էին հատկացրել, որով մարել էր բազմաթիվ պարտքերից միայն մեկը՝ երեխայի կաթի պարտքը. «Ես կովի կաթ եմ վերցնում էրեխու համար, ամսական 4500 դրամ ա, երկու ամիս չէի տվել, քաղաքապետարանի տված փողով էդ պարտքը տվեցի, որ շարունակեն կաթ տալ էրեխուս համար»: 

 

 

Նոնայի խոսքով՝ ինքը երբեք չի խուսափել աշխատանքից, պարզապես նորածին երեխայի խնամքի հետ անհնար է համատեղել աշխատանքը: «Ես ասում եմ՝ հենց հնար եղավ, կաշխատեմ, ես հավաքարարություն էլ կանեմ, պետք եղավ՝ զուգարան էլ կմաքրեմ, մենակ թե էրեխեքս չմրսեն ու սոված չքնեն…»:

 

 

Արման Ղարիբյան 

 

 

 

 

Դիտումների քանակը` 11099

Վերադառնալ վերև