Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արդյո՞ք երեխայի ծննդյան նպաստների բարձրացումը բավարար միջոց է ծնելիությունը խրախուսելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկ է ներկայացնելու  կառավարությանը՝  2018 թվականի  հուլիսի 1-ից եռապատկել երկրորդ  երեխայի  ծննդյան նպաստի չափը՝  50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ: Այս մասին վերջերս իր ֆեյբուքյան էջում գրառում կատարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ համապատասխան փոփոխություն է  առաջարկելու  «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ»: Նշենք, որ ծննդյան նպաստների ավելացման տեսլականն իր տեղն է  գտել նաև նոր կառավարության ծրագրում:  

 

 

Նախարար Մանե Թանդիլյանն իր հեղափոխական նախաձեռնությունը ծննդյան նպաստների եռեպատկման մասին  հիմնավորում է  հետևյալ կերպ. «Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ»: Նախարարը  նաև նշել է, որ այս փոփոխությունը էական ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա: «Առկա նպաստների չափերը հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում հնարավոր է կատարել այս փոփոխությունը: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,- հայտարարել է Մանե Թանդիլյանը:

 

 

Դրական արձագանքներից զատ, որ այս նախաձեռնության մասին լուրն առաջացրեց հանրության շրջանում, հնչեցին նաև մտահոգություններ փորձագետների կողմից: Այսպես, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ում գործունեությունն ի պաշտոնե կապված է եղել  հենց ժողովրդագրական խնդիրների հետ, կարծում է, որ  դա ոչ արդյունավետ ծախս կլինի։ Ֆեյսբուքյան իր էջում Հայրապետյանը նշում է, որ երկար տարիներ  աշխատում էին,  որպեսզի հասնեն նրան, որ  քաղաքականությունը զերծ մնա ծնելիության խթանումը  ֆինանսական միջոցներով իրականացնելուց։  Հատկապես, նշում է նա, երբ այդ ֆինանսական  խթանը չնչին է:  Փոխարենը առաջարկվում է ստեղծել համակարգ և պայմաններ, այդ թվում և այս ռեսուրսները  օգտագործելով, որը կերաշխավորի, որպեսզի հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար չդիտարկվի  որպես  բարեկեցության ռիսկ։ «Քաղաքականության հիմնական մոտեցումները մշակվել և երկու տարի առաջ ներկայացվել է նախարարությանը։ Մի օրինակը կարող է լինել նախադպրոցական երեխաների որակյալ խնամքի  ծառայություններ ապահովելը, որոնց  բացակայությունը հանդիսանում է երկրորդ փաստարկը հաջորդ երեխա չունենալու համար։ Ի վերջո, 100 հազարը չէ, որ  պետք է բուժի, դա ընդամենը մեկ ամսվա տակդիրների տեղը հնարավոր կդարձնի երեք ամսվա համար տակդիր գնել»,- գրել է Գարիկ Հայրապետյանը:

 

 

Նշենք, որ մինչ այդ էլ Գարիկ Հայրապետյանը՝ հղում կատարելով միջազգային  ուսումնասիրությունների արդյունքներին, մեկ անգամ չէ, որ նշել էր ՝  ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ ծնելիությունը խթանելու համար, անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների ու կանանց  աշխատանքի հարցը: «Օրինակ, երկրորդ երեխա ունենալու համար կարևոր գործոններից մեկը ցերեկային խնամքի  կենտրոնների՝ մանկապարտեզների հասանելիությունն է, քանի որ  այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ ընտանիքի մեկ աշխատողը չի կարող ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, պետք է երկրորդը լինի, իսկ դրա համար  երեխան չպետք է խոչընդոտ հանդիսանա ծնողների աշխատելու հարցում»,- ընդգծել էր Հայրապետյանը WomenNet.am- ի հետ հարցազրույցներից մեկում :

 

 

Մինչդեռ,  դատելով նոր կառավարության օրերս հրապարակված ծրագրի մոտեցումներից,  կարող ենք փաստել, որ  փորձագիտական կարծիքն այս ուղղությամբ հաշվի չի առնվել: Մասնավորապես, կառավարության ծրագրում    ծնելիության խրախուսման միջոց է դիտարկվում միայն երեխայի ծննդյան նպաստների ավելացումը:  

 

 

«Բազմիցս կրկնել եմ ու նորից կասեմ, սա արդյունք չի տալու։ Փոխարենը այդ ռեսուրսով փորձեք ապահովել հավասարություն ընտանիքում, և միջավայր որտեղ հաջորդ երեխաի ծնունդը չի դիտարկվի որպես ռիսկ այդ ընտանիքի բարեկեցության, և հատկապես կնոջ/մայրերի համար», – գրում է  Գարիկ Հայրապետյանը՝ նշելով, որ ծրագրում ոչ մի խոսք չկա կանանց համար հավասար պայմաններ և հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ, մինչդեռ  դա լուրջ ժողովրդագրական գործոն է:

 

 

Ստեղծել այնպիսի  իրավիճակ, որ  երեխա ունենալը   ռիսկ չի  դիտարկվի  ընտանիքի  բարեկեցության համար, ապահովել  ընտանեկան և մասնագիտական պարտականությունները համատեղելու հնարավորություններ,  աջակցել կանանց, ովքեր երեխա ունենալուց հետո ուզում են պահպանել իրենց մրցունակությունը  աշխատաշուկայում   –    սա է  ծնելիության  բարձրացման  ժամանակակից բաղադրատոմսը Գարիկ Հայրապետյանի  ներկայացմամբ: Հենց այս Ճանապարհով   Սկանդինավյան երկրները կարողացան  25 տարում ծնելիությունը 1,4-ից մինչև 1,9 հասցնել:

 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Հավասարությունը որպես ծնելիությունը բարձրացնելու բաղադրատոմս

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

 Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Դիտումների քանակը` 367

Վերադառնալ վերև