Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

«Ընտանեկան բռնությունը հանցագործություն է». այս կարգախոսի ներքո է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս տարի անցկացնում հոկտեմբերի 1-ի միջոցառումների շարքը: Այս օրը պատահական չի ընտրվել Կոալիցիայի հիմնադիր կազմակերպությունների կողմից  որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր.  2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվել էր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կանանց իրավունքների պաշտպաններն ամեն տարի այս օրը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով տարատեսակ միջոցառումներ են իրականացնում:

 

Միջոցառումները շարքը Կոալիցիայի անդամները սկսեցին Սասունցի Դավթի հրապարակում, որտեղ մարդկանց տեղեկատվական թերթիկներ էին բաժանում և հարցեր էին տալիս՝ պարզելու համար, թե քաղաքացիները որքանով են տեղեկացված, ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպես է այն դրսևորում, ինչ պատճառներ և հետևանքներ է ունենում: Քաղաքացիներից շատերը նշում էին, որ իրենք լսել են ընտանեկան բռնության մասին, սակայն հիմնականում նախընտրել են չմիջամտել: Երկու տարեց կին մոտեցան տեղակատվական սեղանին, երբ իմացան, որ խոսքը ընտանեկան բռնության մասին է: Նրանցից մեկը տեղեկատվական գրքույկներից մի քանիսը վերցրեց, մեկն էլ տվեց ընկերուհուն.  «Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»: Կանայք սակայն չցանկացան մանրամասնել, թե ով է Լիանան և ում կողմից է բռնության ենթարկվում, միայն ասացին, որ շատերն են այդ վիճակում:  

Տղամարդիկ էլ անտարբեր չէին ակցիայի նկատմամբ, երիտասարդներից շատերը դատապարտում էին կանանց նկատմամբ բռնությունը. «Ուժեղ ու ինտելեկտուալ տղամարդը ձեռք չի բարձրացնի կնոջ վրա: Դա լակոտություն ա»,- կարծում է Գոռ Ներսիսյանը: Մեկ այլ երիտասարդ տղամարդ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ գողական աշխարհում ևս կին ծեծող տղամարդիկ հարգված չեն. «Ես շատ հարգված մարդկանց հետ եմ շփվում էս քաղաքում, սաղն էլ ասում են, որ էդ սխալ ա: Չի կարա լավ տղեն կին ծեծի…»:

 

«Մենք հատուկ էինք Կայարանի տարածքը ընտրել, որպեսզի մարզերից եկող բնակչությունը ևս մասնակից դառնա մեր ակցիային»,- «WomenNet»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով, արդեն իսկ նկատելի է հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունքը, քանի որ մարդկանցից շատերը տեղեկացված են, թե ինչ է ընտանեկան բռնությունը: «Ես հաճելիորեն զարմացած էի, որ մարդիկ նույնիսկ գիտեին, թե ինչ է հոգեբանական և տնտեսական բռնությունը: Թվում է, թե այս մասին քիչ է խոսվել, բայց մարդիկ սկսել են հասկանալ ու դատապարտել այդ երևույթները»:

Քաղաքացիներին ընտանեկան բռնության վերաբերյալ հարցեր տվող Տաթևիկ Աղաբաբյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ թե տղամարդիկ, թե կանայք խուսափում են առհասարակ խոսել սեռական բռնության մասին. «Այլ հարցերին պատասխանում են, սակայն սեռական բռնության թեման դեռ տաբու է մեր հասարակությունում»:

 

Այսօրվա ակցիային մասնակցելու համար Սպիտակից Երևան եկած ակտիվիստ Անի Ասատրյանը «WomenNet»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար կարևոր է ընտանեկան բռնության կանխարգելումը. «Ես տեսնում եմ շուրջս մարդիկ, ովքեր թեև բռնության են ենթարկվում, բայց վախենում են այդ մասին խոսել, ես հուսով եմ, որ նմանատիպ ակցիաները կօգնեն այդ մարդկանց հաղթահարելու իրենց վախը»:

 

Վանաձոր քաղաքից եկած ակտիվիստ Աննա Բաղրամյանն էլ նշեց, որ իր համար կարևոր է կանանց իրազեկել, որ գործում են աջակցման կենտրոններ, որոնք կարող են օգնել նրանց կարիքի դեպքում. «Բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության և նրանցից շատերին թվում է, թե իրենք բացարձակ անպաշտպան են: Մենք այսօր իրազեկում ենք կանանց, որ նրանք անպաշտպան չեն»:

Ֆրանսիայից ժամանած Գայանե Խաչիկյանը ևս մասնակցում էր իրազեկման ակցիաներին: Նա «WomenNet»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում և Ֆրանսիայում գենդերային բռնության իրավիճակը գրեթե նույնական է, բռնությունն ամենուր է. «Սակայն տարբերությունն այն է, որ Փարիզի մեջ շատ հեշտ է խոսել այս մասին, և մարդիկ գիտեն, թե բռնության դեպքում ուր կարող են դիմել, իսկ Հայաստանում որքանով տեղեկացված եմ, միայն մի քանի կազմակերպություններ են, որ աջակցում են բռնության զոհերին»:

Կոալիցիայի ներկայացուցչի դիտարկմամբ, անցորդների արձագանքները հիմնականում դրական են, մեծամասնությունը կողմ է, որ ընտանեկան բռնությունը դատապարտվի. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում ևս ակցիա արեցինք, այնտեղ կային մարդիկ, որ կարծրատիպային մտքեր էին հայտնում, սակայն մեծամասնությունը հակված էր քննարկելու խնդիրը, հատկապես կանայք, նրանք ասում էին, որ այս խնդիրը շատ ծածկված է մեր հասարակությունում»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիների մեծամասնությունը կողմ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը: Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականին հոկտեմբերի 1-ի ակցիաների շրջանակներում Կոալիցիային հաջողվել էր 12 ժամում 1100 ստորագրություն հավաքել՝ ընտանեկան  բռնության օրենքի պահանջով:  

Այսօրվա ակցիան ավարտվեց ընտանեկան բռնության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությամբ: Նշենք, որ ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ 2017 թվականի առաջին յոթ ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ Իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում առնվազն 5 կին է սպանվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։

Ի դեպ, օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ e-draft համակարգի միջոցով առաջարկներ կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 9-ը:

 

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Դիտումների քանակը` 873

Վերադառնալ վերև