Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Կանայք պետք է ներկայացված լինեն ընտրական ցուցակի յուրաքանչյուր երկրորդ տեղում»

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը  հրապարակել է Հայաստանում 2018թ.-ի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցը։

 

Զեկույցում նշվում է, որ ընտրությունների օրը տեղակայվել են 317 դիտորդներ 39 երկրներից, այդ թվում ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված 244 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդները, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ 46 անդամից բաղկացած պատվիրակությունը, ԵԽԽՎ 12 անդամից բաղկացած պատվիրակությունը և Եվրոպական խորհրդարանի 10 անդամից բաղկացած պատվիրակութունը: ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը գնահատել է ընտրական գործընթացի համապատասխանությունը ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորություններին ու չափանիշերին, ինչպես նաև ներպետական օրենսդրությանը: Վերջնական զեկույցը հաջորդում է «Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությանը», որը հրապարակվել է Երևանում 2018թ. դեկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հայտարարությունումնշված էր, որ ընտրություններն «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների միջոցով: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով: Չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները լավ էին կազմակերպված: Ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր փուլերը դրական են գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից, ովքեր նաև նշել են ընթացակարգերի հետ ընդհանուր համապատասխանության մասին»:

 

Դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ընտրական գործընթացի մանրամասներն են ներկայացված, այդ թվում անդրադարձ է կատարված կանանց մասնակցության խնդիրներին:

 

 

«Հատկապես կին թեկնածուների մասին են անհարգալից խոսել առցանց տիրույթում»

 

Զեկույցի հեղինակները փաստում են, որ կանայք մնում են թերներկայացված քաղաքականության մեջ: Քաղաքական կուսակցությունները գրանցել են կին թեկնածուների ընդհանուր թվի 32 տոկոսը, իսկ նորընտիր Ազգային ժողովում պատգամավոր կանայք կազմում են 24 տոկոս:

 

Այս առիթով դիտորդական առաքելության անդամները հիշեցնում են  ԵԱՀԿ նախարարների խորհրդի թիվ 7/09 որոշման 3-րդ պարբերության մասին։ Այն կոչ է անում մասնակից պետություններին «խրախուսել բոլոր քաղաքական գործիչներին խթանելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական կուսակցություններում՝ նպատակ ունենալով հասնել առավել հավասարակշռված գենդերային ներկայացվածության ընտրովի պետական պաշտոններում՝ որոշումներ կայացնող օղակի բոլոր մակարդակներում»:

 

«Կուսակցությունները հազվադեպ են կին թեկնածուներին դարձրել իրենց քարոզարշավի կենտրոնական դեմք: Կանայք շատ քիչ դեպքերում են քարոզարշավ իրականացրել միայնակ և հազվադեպ են ելույթով հանդես եկել քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ նաև իրենց սեռով պայմանավորված են դարձել ստորացնող հռետորաբանության թիրախ»,-նշված է զեկույցում։

 

Հռետորաբանության մասով զեկույցում, մասնավորապես, ընդգծվում է. «Չնայած ընտրացուցակների առաջին համարներում ընդգրկված որոշ և՛ կին, և՛ տղամարդ թեկնածուներ տեղեկացրին ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ իրենց նկատմամբ առցանց տիրույթում կիրառվում է խիստ և նվաստացուցիչ բառապաշար, կին թեկնածուներն առավել հաճախ էին ստանում սեռով պայմանավորված բացասական մեկնաբանություններ: Քարոզարշավում կանանց մասնակցության հարցերով զբաղվող քացաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի համաձայն՝ երեք բարձրաստիճան կին թեկնածուներ՝ Լենա Նազարյանը («Իմ քայլը» դաշինք), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) դարձել էին հատկապես անհարգալից լեզվի կիրառման թիրախներ առցանց տիրույթում»։

 

«Շատերը կանանց ընտրացուցակներում ներգրավում էին միայն ձևականորեն»

 

 Զեկույցի հեղինակներն արձանագրում են՝ մինչ թեկնածուների ընդհանուր թվի 32 տոկոսը կանայք էին, նորընտիր խորհրդարանում կանանց ներկայացվածությունը մնում է ցածր՝ կազմելով պատգամավորների ընդհանուր թվի 24 տոկոսը:

 

Այս պարագայում էլ դիտորդական առաքելությունը հիշեցնում է, 1991թ-ին  ԵԱՀԿ Մոսկվայի փաստաթղթի մասին, երբ մասնակից երկրները հաստատել են, որ «իրենց նպատակն է հասնել կանանց և տղամարդկանց միջև ոչ միայն de jure, այլ նաև de facto հնարավորությունների հավասարության և արդյունավետ միջոցներ կիրառել այդ ուղղությամբ»:

 

Բոլոր ընտրացուցակները բավարարել էին օրենքով սահմանված գենդերային ներկայացվածության 25 տոկոս շեմի պահանջը, ըստ որի յուրաքանչյուր չորս թեկնածուներից մեկը պետք է լինի թերներկայացված սեռից: Այդ քվոտան, այնուհանդերձ, չի ապահովում խորհրդարանում կանանց ներկայացվածության համարժեք համամասնություն, քանի որ մանդատների կեսը բաշխվում է վարկանիշային թեկնածուներին (բաց ցուցակներ)։

 

 Այստեղ հիշեցնում են ընտրությունների արդյունքների մասին, ըստ որոնց, «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է 23 կին (որոնցից միայն 9-ը՝ մարզային ցուցակներից), 5 կին ԲՀԿ-ից (2-ը՝ մարզային ցուցակներից) և 4-ը՝ ԼՀԿ-ից (1-ը՝ մարզային ցուցակից):

 

Ըստ զեկույցի, դիտորդական առաքելություն զրուցակիցները բոլոր կուսակցություններից,  բացի «Ազգային առաջընթաց» կուսակցությունից,  նշել են , որ դժվարություններ են ունեցել փորձառու կին թեկնածուներ հավաքագրելու հարցում 25 տոկոսի քվոտան լրացնելու համար։

 

«Մինչ գենդերային քվոտան ենթադրում է, որ քաղաքական կուսակցությունների կողմից առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն կանանց քաղաքական մասնակցությունը քաջալերելու և դյուրացնելու հարցում, ցավոք ընտրապայքարի մասնակիցներից շատերը կանանց ընտրացուցակներում ներգրավում էին միայն ձևականորեն»,-ընգծվում է  զեկույցում։

 

 

«Կանայք մնում են թերներկայացված»

 

Բացի նորընտիր Ազգային Ժողովից, Հայաստանում կանայք թերներկայացված են պետական այլ պաշտոններում: Նրանք զբաղեցնում էին լուծարված Ազգային ժողովի պատգամավորների 17 տոկոսը, 21 նախարարի պաշտոնակատարի պաշտոններից  1-ը, 10 մարզպետի պաշտոններից և ոչ մեկը և 49 քաղաքապետի պաշտոններից միայն մեկը:

 

Զեկույցի հեղինակները գոհ են ընտրական վարչարարության մարմիններում կանանց ներկայացվածության մակարդակից։  Փաստում են, որ  ԿԸՀ յոթ անդամներից երեքը կանայք են, կին է նաև նախագահի տեղակալը:

 

Կանայք կազմում են բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովների  անդամների 35 տոկոսը, սակայն հազվադեպ են զբաղեցնում ղեկավար պաշտոններ։  38 ՏԸՀ-ներից միայն մեկն ուներ կին նախագահ և 11-ը՝ կին քարտուղարներ: Ընտրությունների օրը առաքելության  կողմից դիտարկված տեղամասային կենտրոններում ԸԸՀ-ների անդամների 61 տոկոսը կանայք են եղել, իսկ այցելած տեղամասերում ԸԸՀ-ների անդամների 49 տոկոսը նախագահում էին կանայք: «ԿԸՀ-ն ԸԸՀ-ների անդամների կազմի մասին գենդերային վիճակագրություն չի վարում»,- նշված է զեկույցում։

 

 

«Դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը» 

 

Զեկույցի վերջում հեղինակները նաև հանձնարարականներ են տալիս իշխանություններին՝ նշելով հնարավոր այն քայլերը, որոնք կօգնեն բարելավել իրավիճակը։ Դրանցից մեկի համաձայն.

 

«Ընտրական գործընթացի բոլոր շահառուների շրջանում պետք է իրականացվի իրազեկության բարձրացում քաղաքական և հանրային կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարությունը: Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը: Դա կարող է արվել թերներկայացված սեռի թեկնածուներին համապետական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ դիրքում ընդգրկելու միջոցով»։

 

Զեկույցում հիշատակվում է նաև, որ եղել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փորձ, սակայն այն պսակվել է անհաջողությամբ։

 

«Դրանով  փորձ էր արվում նշանակալի փոփոխություններ ներմուծել ընտրական համակարգում և ընտրությունների այլ ասպեկտներում: Դրանք ներառում էին վարկանիշային թեկնածուների բաց ցուցակների վերացում, անցում զուտ համամասնական ընտրակարգի՝ 30 տոկոս գենդերային քվոտայով և խորհրդարան անցնելու ավելի ցածր շեմերով: Առաջարկվող փոփոխությունները արտահերթ ընտրությունների նշանակումից երեք օր առաջ խորհրդարանում կայացած վերջնական քվեարկության ժամանակ չկարողացան ստանալ ձայների պահանջվող երեք հինգերորդը»,-հիշեցնում են հեղինակներն ու ևս մեկ անգամ ընդգծում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորությունը։

 

Հ. Կարապետյան

 

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ

 

 

Դիտումների քանակը` 108

Վերադառնալ վերև