Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Oxfam. Հարստությունները կուտակվում են հատկապես աղքատ կանանց ու աղջիկների հաշվին

 

  • Աշխարհի մեծահարուստներն իրենց կարողությունները բազմապատկում են կանանց ու բնակչության աղքատ խավերի հաշվին։

 

  • Աշխարհի 22 ամենահարուստ տղամարդիկ ավելի շատ ունեցվածք ունեն, քան Աֆրիկայի բոլոր կանայք միասին։

 

  • Կանայք և աղջիկներն ամեն օր 12.5 միլիարդ ժամ են ծախսում խնամքի իրականացման  ու չվճարվող աշխատանք կատարելու համար,  և այդ աշխատանքը տարեկան առնվազն 10.8 տրիլիոն դոլար է կազմում

 

  • Աշխատունակ տարիքի կանանց 42 տոկոսը չի կարողանում աշխատել, քանի որ պատասխանատու է ընտանիքի բոլոր անդամների խնամքի համար։

 

 

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի մեկնարկի նախօրեին «Օքսֆամ» բարեգործական միջազգային կազմակերպությունը «Խնամքի ժամանակը»  (Time to Care) խորագրով զեկույց է  հրապարակել։  Զեկույցի գնահատականներով, աշխարհում հարուստների ու աղքատների միջև անհավասարությունը շոկային է, վերջին տարիներին միլիարդատերերի թիվը կրկնապատկվել է։

 

Զեկույցում ներառված տվյալների համաձայն, աշխարհի 2 153 միլիարդատերեր ավելի հարուստ են, քան աշխարհի բնակչության 60 տոկոսը կամ 4.6 մլրդ մարդ միասին։ Աշխարհի 22 ամենահարուստ տղամարդիկ ավելի շատ ունեցվածք ունեն, քան Աֆրիկայի բոլոր կանայք միասին։

 

«Օքսֆամ»-ի զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների սեքսիստական տնտեսությունները խթանում անհավասարության ճգնաժամին՝ հնարավորություն տալով հարուստներին կուտակել նորանոր միջոցներ սովորական մարդկանց՝ հատկապես աղքատ կանանց ու աղջիկների հաշվին։

 

Կանայք և աղջիկներն ամեն օր 12.5 միլիարդ ժամ են ծախսում խնամքի իրականացման  ու չվճարվող աշխատանք կատարելու համար,  համաշխարհային տնտեսության մեջ տարեկան այդ  ներդրումն առնվազն 10.8 տրիլիոն դոլար է կազմում, այսինքն ավելի քան երեք անգամ շատ, քան համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերությունն է։

 

Հարստացողների մեկ տոկոսն առաջիկա տասը տարիների ընթացքում եթե շքեղության 0.5 տոկոս հարկ վճարի, ապա այդ ներդրմամբ հնարավոր կլինի 117 մլն աշխատատեղ ստեղծել տարեցների, երեխաների խնամքի, կրթության ու առողջապահության ոլորտներում։

 

Զեկույցում ներառված տվյալները ֆորումի մասնակիցներին ներկայացնելու համար Շվեյցարիա է գործուղվել Օxfam Հնդկաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ամիթաբ Բհարը (Amitabh Behar)։ Նա ընդգծել է` հարուստների ու աղքատների մեջև առկա անջրպետը կարելի է հաղթահարել միայն անհավասարության դեմ պայքարի միասնական քաղաքականության իրականացման դեպքում, ինչին, ցավոք, շատ քիչ կառավարություններ են հանձնառու։

 

«Մեր ավերված տնտեսությունները հաստացնում են միլիարդատերերի դրամապանակներն ու գրպանները՝ ի հաշիվ սովորական մարդկանց, և զարմանալի չէ, որ մարդիկ սկսում են հարցնել, արդյո՞ք միլիարդատերեր պետք է լինեն»,-նշել է  Ամիթաբ Բհարը։

 

Նրա խոսքով, տնտեսական այսօրվա համակարգից աղջիկներն ու կանայք ամենաքիչ օգուտն են քաղում։

 

«Նրանք միլիարդավոր ժամեր են ծախսում եփելու, մաքրելու, երեխաներին ու տարեցներին խնամելու համար։ Չվճարվող աշխատանքը «թաքնված շարժիչն» է, որն առաջ է մղում մեր տնտեսությունների, ձեռնարկությունների և հասարակությունների անիվները: Դրանք գործի են դրվում այն կանանց կողմից, ովքեր հաճախ քիչ ժամանակ ունեն կրթություն ստանալու, պատշաճ ապրուստ վաստակելու համար»,- ավելացրել է Բեհարը:

 

 

Կանայք են կատարում չվճարվող աշխատանքի 2/3-ը։ Նրանք ծանրաբեռնվածության պատճառով ստիպված են աշխատել ոչ լրիվ դրույքաչափով կամ էլ դուրս մնալ աշխատաշուկայից։ Աշխատունակ տարիքի կանանց 42 տոկոսը չի կարողանում աշխատել, քանի որ պատասխանատու է բոլորի խնամքի համար։ Համեմատության համար նշենք, որ տղամարդկանց պարագայում այդ թիվը 6 տոկոս է։

 

 

Մարդկանց խնամքի հետ կապված ոլորտներում աշխատակիցների 2/3-ը կանայք են։ Բուժքույրերը, տնային սպասարկող անձնակազմը, սոցաշխատողները ստանում են շատ ցածր աշխատավարձ, սակայն ստիպված են աշխատել անկանոն գրաֆիկով։

 

 

Առաջիկա տարիներին նրանց ծանրաբեռնվածությունը մեծանալու է, քանի որ երկրագնդի բնակչությունը մեծանում է ու ծերանում։ 2030-ին 2.3 մլրդ մարդ կարիք կունենա խնամքի, իսկ դա 200 մլն-ով շատ է, քան 2015-ին էր։ Կլիմայի փոփոխությունն էլ կխորացնի ճգնաժամը, օրինակ 2025-ին 2.4 մլրդ մարդ կապրի այն շրջաններում, որտեղ ջրի անբարարության խնդիր կա, իսկ կանայք ու աղջիկները ստիպված են ավելի շատ ժամանակ վատնել այն որոնելու համար։

 

 

Զեկույցում նշվում է, որ հարուստներից ու կորպորացիաներից ցածր ու ոչ պատշաճ կերպով հարկերի հավաքումը չի ապահովում բավարար եկամուտ, որը կարող է օգնել լուծելու աղքատության ու  անհավասարության խնդիրները։ Նշվում է, որ կառավարությունները նաև չեն ապահովում բավարար ֆինանսավորում հանրային ծառայությունների ու ենթակառուցվածքների ոլորտում, դրանց բարեփոխումները կարող են օգնել նվազեցնելու կանանց ու աղջիկների ծանրաբեռնվածությունը։

 

 

Ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրաէներգիայի, երեխաների խնամքի, առողջապահության ոլորտներում ներդրումները կարող են ավելացնել կանանց ազատ ժամանակը և բարելավել նրանց կյանքի որակը: Օրինակ, Զիմբաբվեում ջրամատակարարման ոլորտում ներդրումների շնորհիվ կանայք աշխատանքային շաբաթվա ընթացքում կարող են շահել չորս ժամ կամ էլ տարվա ընթացքում երկու ամիս։

 

 

«Կառավարությունները ստեղծել են անհավասարության ճգնաժամ, հիմա նրանք պետք է գործեն դրան վերջ տալու համար։ Նրանք պետք է ապահովեն, որ կորպորացիաները և մեծահարուստները վճարեն հարկի իրենց արդար բաժինը և ավելացնեն ներդրումները հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների ոլորտում: Նրանք պետք է ընդունեն օրենքներ` ի նպաստ կանանց և աղջիկների։ Կառավարությունները պետք է առաջնահերթություն տան ու կարևորեն  խնամքը նույնքան, որքան մյուս ոլորտները, որպեսզի առավել մարդակենտրոն տնտեսություններ կառուցեն, որոնք էլ կաշխատեն ոչ թե մի քանի բախտավորների, այլ բոլորի համար», – ասել է Բեհարը:

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 754

Վերադառնալ վերև