Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Պեկին +25. Կանանց ու աղջիկների առաջընթացի լավագույն բանաձևը» – միացե՛ք քարոզարշավին

 

 

 

 

 

WomenNet.am- ն  ազդարարում է 

«Պեկին +25. Կանանց ու աղջիկների առաջընթացի լավագույն բանաձևը»  քարոզարշավի մեկնարկի մասին.

 

 

Մեր քարոզարշավը  Պեկին+25 միջազգային  գործընթացի մաս է կազմելու  և մենք միանում ենք այդ գործընթացի շրջանակում ՄԱԿ Կանայք կառույցի կողմից  որդեգրած Generation Equality  /  Հավասարության սերունդ  կարգախոսին: Այսուհետ այդ թեմային առնչվող մեր բոլոր նյութերը տարածվելու են    #Պեկին+25 , #Beijing+25 և   #Generation Equality  հեշթեգերով:

 

Քարոզարշավի  մեկնարկի օրը պատահական  չէ, այլ խորհրդանշական: Մենք ընտրել ենք դեկտեմբերի 10-ը ՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը և  դրանով իսկ   շեշտադրել  այն փաստը, որ կանանց իրավունքները  մարդու իրավունքների անբաժանելի և անքակտելի մաս են կազմում:

 

 

 Քարոզարաշավը   շարունակվելու է  հաջորդ ՝ 2020 տարվա ողջ ընթացքում ՝  ներառելով իր մեջ Պեկին+25 միջազգային   գործընթացի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները: Իսկ դրանք մյուս տարի բազմաթիվ են լինելու, հաշվի առնելով այն փաստը, որ մյուս տարի  նշվելու է նաև Կայուն զարգացման նպատակների ընդունման առաջին  5-ամյակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  «Կանայք , խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի  ընդունման  20-ամյակը և ՄԱԿ-Կանայք կառույցի ձևավորման   10 տարին:  

 

 

«Պեկին +25. Կանանց ու աղջիկների առաջընթացի լավագույն բանաձևը»  քարոզարշավի ընթացքում.

 

 

 Մենք պատմելու ենք Պեկինի  գործողությունների ծրագրով  նախանշված բոլոր 12 ուղղություններով Հայաստանում   արձանագրված  ձեռքբերումների և թերացուների մասին, դրանք են` Աղքատությունը, Կրթությունը, Առողջապահությունը, Բռնությունը, Զինված հակամարտությունները, Տնտեսությունը, Որոշումների ընդունումը, Կանանց դրության ինստիտուցիոնալ մեխանիզմները, Մարդու իրավունքները, ԶԼՄ-ները, Շրջակա միջավայրը, Աղջիկները:

 

 

Մենք  խոսելու ենք բացառապես թվերով և փաստերով՝ վկայակոչելով  ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը , այլ փորձագիտական գնահատականները Հայաստանում   Պեկինի գործողությունների ծրագրի  իրագործման վերաբերյալ:

 

 

Մենք  հարթակ ենք տրամադրելու  կանանց, ովքեր հնչեցնելու են  տարբեր ոլորտներում  կանանց իրավունքների իրացման հարցում  առկա  հիմնախնդիրները և ներկայացնելու ենք իրենց հաջողությունները:

 

 

 

Հետևեք  մեր քարոզարշավի ընթացքին  և  դուք կստանաք ամենաստույգ և ուշագրավ տեղեկատվությունը՝  Հայաստանում և աշխարհում  Պեկին+25 գործընթացի մասին:   

 

 

 

Դուք կարող եք նաև միանալ մեր քարոզարաշավին՝

ուղարկելով  Պեկին+25  գործընթացին Ձեր մասնակցության մասին  դիտարկումները, լուսանկարներն  ու  պատմությունները womennetam@gmail.com հասցեով:

Մենք կհրապարենք դրանք  WomenNet.am կայքում  Պեկին+25  խորագրի ներքո:

 

 

 

 

Պեկին+25   միջազգային գործընթացի մասին.

 

Հիշեցնենք, 2020 թվականին  լրանում  է ուղիղ  25 տարի այն օրվանից, երբ  1995-ին, ավելի քան 17 հազար պաշտոնական պատվիրակներ և հասարակական կազմակերպությունների 30 հազար ակտիվիստներ ողջ աշխարհից, այդ թվում Հայաստանից, հավաքվեցին Պեկինում` Կանանց հարցերով ՄԱԿ-ի 4-րդ համաշխարհային գագաթնաժողովում: Հայաստանից 26 կին էր մասնակցում գագաթնաժողովին` պաշտոնական պատվիրակության 8 անդամներ և ոչ կառավարական կազմակերպությունների 18 ներկայացուցիչներ: Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն այն եզակի հոգևորականներից էր, որ այդ օրերին ուղերձ էր հղել գագաթնաժողովի մասնակիցներին` նշելով, որ անարդարությունները պետք է շտկվեն, և կանայք հավասար են տղամարդկանց Աստծո և Արարչի առջև:

 

Գագաթնաժողովին 189 պետությունների պատվիրակները պարտավորություններ ստանձնեցին, ըստ որոնց կանայք պետք է ունենան տղամարդկանց հետ հավասար իրավունքներ և հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում: Այս մոտեցումն ամրագրվեց գագաթնաժողովում ընդունված Պեկինի հռչակագրում և Գործողությունների ծրագրում, որոնք «ճանապարհային քարտեզ» դարձան ողջ աշխարհի համար գենդերային հավասարության ապահովման գործում:  Ըստ էության,  հենց  Պեկինի գործողությունների ծրագրով է  շրջանառության մեջ դրվել հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների  բանաձևը, որը կոչված էր վերացնելու հռչակված իրավունքների և դրանց արդյունավետ իրացման հարցում  առկա խզումը: Այդ  բանաձևն  իր հաստատումը գտավ բոլոր հետագա  ծրագրային փաստաթղթերում, որոնք  ընդունվեցին հետպեկինյան բոլոր գործընթացների շրջանակներում. «Պեկին+5», «Պեկին+10», «Պեկին+15» և «Պեկին+20»…

 

 

Այս տարվա մայիսին  «ՄԱԿ-Կանայք» կառույցն ազդարարեց Պեկին+25 գործընթացի սկիզբը, որի շրջանակում ողջ աշխարհում  պետություններն  ու ոչ կառավարական կազմակերպությունները կամփոփեն  անցած 25  տարվա ընթացքում  Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև կնախանշեն նոր մարտահրավերները և հետագա անելիքները: Պեկին+25 գործընթացի կարգախոսն է . «Հավասարության սերունդ. իրագործենք կանանց իրավունքները հավասար ապագայի ակնկալիքով / Generation Equality: Realizing women’s rights for an equal future/:

 

 

Նշենք նաև, որ այս   տարվա մարտին  ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվեց Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար: Դա նշանակում է  , որ Հայաստանն է  հանդիսանալու նախագահող երկիր  Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանում, որի  ընթացքում քննարկվելու են Պեկինյան գործողությունների  ծրագրի իրագործման  25 տարիների ձեռքբերումներն և  նախանշվելու են հետագա անելիքները:  Այս փաստը պարտավորեցնում է ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ  կանանց խնդիրներով զբաղվող  ՀԿ սեկտորին  առավել  ակտիվ ներգրաված լինեն Պեկին+25   միջազգային   գործընթացներում:

 

 

Դիտումների քանակը` 601

Վերադառնալ վերև