Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Pepen»-ոտ  աղջկա երազանքներն ու հաղթանակները

Ասում են,  որևէ բան սովորելու համար լավագույն ճանապարհը խաղն է, իսկ առավելագույնին հասնելու լավագույն տարբերակը` անհնարինին ձգտելը… Առաջնորդվելով այս երկու սկզբունքներով  Շուշան Գրիգորյանն իր մանկության երազանքը վերածեց նպատակի ու ստեղծեց հայկական անիմացիոն առաջին խաղալիքը` «Pepen»-ը:    Պեպեններն այսուհետ ոչ միայն արտաքինի յուրահատուկ առանձնահատկություն են, այլև փայտե կադր-խաղալիքներ, որոնց համադրությամբ կարելի է սեփական անիմացիոն ֆիլմը ստանալ: WomenNet.am –ն  դեռ անցյալ տարի առիթ էր ունեցել պատմելու Շուշան Գրիգորյանի նորարարական գաղափարրի մասին, իսկ  վերջերս ուրախությամբ  տեղեկացանք, որ այն ներկայացվեց նաև  Girls in Tech Հայաստանի կազմակերպած Hacking for Humanity հեքըթոնի շրջանակներում, որտեղ գրավեց ժյուրիի ուշադրությունն ու ստացավ երկրորդ մրցանակը:

 

 

Շուշանի երազանքը

 

Շուշանը երևանամերձ Այգեկ գյուղից է: Մանկության տարիներին` 90-ական թվականներին, հատկապես մարզային բնակավայրերում հնարավորությունները քիչ էին.

 

 

«Երբ փոքր էի, մոտակա տարածքում ոչ մի հետաքրքրություն չկար:  Միակ տեղը 5 կմ հեռու գտնվող երաժշտական դպրոցն էր, ու ես այնտեղ 7 տարի ջութակ եմ նվագել: Հասկանում էի, որ երաժիշտ չեմ դառնալու, բայց ուրիշ անելիք չկար: Ես, օրինակ, մեծ հաճույքով նկարչության, քանդակագործության կգնայի, բայց այդ հնարավորությունը չունեի»,- պատմում է Շուշանն ու հիշում, որ արդեն այդ ժամանակ հետաքրքրվել է անիմացիայով:
«Մի քանի տարի առաջ Սուրբծննդյան թեմայով մի անիմացիոն ֆիլմ տեսա, ավելի ճիշտ` դրա պատրաստման կուլիսային ընթացքը: Մուլտֆիլմը հենց փայտե խաղալիքներով էր նկարվում: Այդ ստեղծման գործընթացը տեսնելուց հետո հնարավոր չէր չսիրահարվել անիմացիային»:

 

 

Շուշանի երազանքը վերածվեց նպատակի, երբ  որոշեց ինքնուրույն անիմացիա սովորել, սակայն ուսուցման եղած մեթոդները նրան ձանձրալի թվացին:
 

 

«Ես սկսեցի ինձ համար մտածել հավեսով, հարմար մեթոդ, որով կսովորեմ ու չեմ ձանձրանա: Այդ ժամանակ էլ հասկացա, որ անիմացիայի ամեն մի կադրը պետք է շոշափելի լինի, որ կարողանամ իրար կողք դնել, համեմատել ու տեսնել աշխատանքի սկզբունքը, – ասում է Շուշանն ու բացատրում, – Քանի որ չէի կողմնորոշվում ավելի շատ ինչն եմ նախընտրում` ավանդական անիմացիան, «stop-motion»-ը, թե 3D-ն, մտածեցի ստեղծել մի բան, որ այդ ամեն ինչը մեկում համադրի: Արդյունքում «Pepen»-ը հենց խառնուրդի սկզբունքով էլ ստացվեց»:

 

Հետաքրքրությունից՝ մինչև բիզնես գաղափար

 

Առաջին փայտե կադր-խաղալքիները Շուշանն ինքնուրույն էր փորձում պատրաստել:
«Մոտ մեկ տարի առաջ էր: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ սա բիզնես նախագիծ է, ուղղակի մի բան էր, որն ուզում էի իրականացնել: Ինչ-որ տեղից սարքեր գտա, որոնցով մեծ փայտերը կկտրտեի, բերեցի, ընթացքում սարքերի մի մասը փչացավ, փայտերը կոտրվեցին ու ես հասկացա` ինչ-որ գործ անելու համար գումար է պետք ու պետք է ճանապարհ գտնել այն վաստակելու համար»,- հիշում է Շուշանը:

 

Այդ ժամանակ էլ նա նկատեց «Sevan Startup Summit»-ի մասին հայտարարությունը, որտեղ կար նաև մրցանակային ֆոնդ ու որից էլ, ըստ էության,  սկսվեց «Pepen»-ի իրագործման ընթացքը:

 

«Սևան հասանք շատ դժվար ճանապարհով: Միանգամից բացառում էի, որ կհաղթենք, բայց մտածում էի` կլինեն մարդիկ, ովքեր կհետաքրքրվեն ու ինձ կօգնեն: Համարձակությունս հավաքեցի ու դիմեցի: Արդյունքում՝ մենք այնտեղ լավագույնների մեջ հայտնվեցինք ու արժանացանք հատուկ մրցանակի: Հետաքրքրիր է, որ Սևան գնալիս գաղափարիս նույնիսկ «դեմո» տարբերակ չունեի ու այդ ամենը պարզապես իմ գլխում էր: Մարդկանց պատմում էի` «սենց, սենց բան եմ մտածել», ասում էին` «լավ է հնչում, բայց դա ի՞նչ է: Բան չհասկացանք» »,- պատմում է Շուշանը:

 

 

Հետագայում «Pepen»-ն ուշադրույթան է արժանանում մի շարք այլ ոլորտային միջոցառումներում ևս: Վերջերս էլ հատուկ մրցանակ ու ֆինանսական օժանդակություն  ստացավ Girls in Tech Հայաստանի կազմակերպած Hacking for Humanity հեքըթոնի ժամանակ:

 

 

«Այս մրցանակը մեզ շատ է օգնում: Ճիշտ է, սկզբնական արտադրություն հիմնելու համար այս ֆինանսավորումը բավարար չէ, բայց ստացված գումարը մենք ներդնելու ենք  «Pepen»-ը մշակելու, գովազդելու, տարածելու մեջ: Պատրաստում ենք сrowdfunding (դրամահավաք) անել: Այսպես ասած` եղած գումարը ներդնելու ենք ավելի շատ գումար վաստակելու մեջ, ինչն էլ թույլ կտա արտադրություն սկսել»,- ասում է Շուշանը:

 

Պեպենները. «Անճոռնի ճուտիկից»՝ բիզնես լեդի
 

«Պեպեներն ունեն 28 տարվա պատմություն»,- ժպտում է Շուշանը, երբ հարցնում եմ անիմացիոն խաղալիքի անվանման պատմության մասին:

 

«Ես պեպեններ ունեմ ու շատ երկար ժամանակ չէի սիրում դրանք, փակվում էի մարդկանցից, չէի շփվում: Երբ դեռահաս ես ու, օրինակ, Շոտլանդիայում չես ապրում, որտեղ դա համատարած է, պեպենների պատճառով համարվում ես անճոռնի ճուտիկ: Բոլորը մատով ցույց են տալիս` «նայի պեպենոտը», դա այդ տարիքի երեխաների համար ծիծաղալու է, որ ինչ-որ մեկի դեմքին տարօրինակ կետիկներ կան: Այնպես որ, ես շատ էի կաշկանդվում: Տարիներ անց, իհարկե, հասկացա`չէ, սա ոչ թե իմ պատիժն է, այլ իմ այցեքարտը»,- պատմում է Շուշանն ու անկեղծանում`իր համար մեծ քայլ էր այն, ինչի համար երկար տարիներ ամաչում էր, գրել ու հավերժ պահել իր անվան կողքին:

 

 

Նրա խոսքով` ի սկզբանե նախատեսված էր «Pepen»-ը ստեղծել բոլոր հետաքրքրասեր մարդկանց համար: Հետո շուկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պետք է թիրախային խումբ ընտրել, որն էլ սահմանվեց` 10-14 տարեկան երեխաները:
 

 

«Բայց, ինչպես շատ ծնողներ են ինձ ասում, հաճախ իրենք «անուն են հանում», թե որևէ հետաքրքիր խաղ երեխաների համար են գնում, բայց իրականում հենց իրենք են զբաղվում դրանով: Այսինքն «Pepen»-ի թիրախային խումբը շարունակում են մնալ  բոլոր հետաքրքրասեր մարդիկ: Ամեն դեպքում անիմացիան լավագույն միջոցն է՝ անկախ տարիքից երեխա մնալու համար»,- ասում է Շուշանը:

 

 

Այսօր «Pepen»-ոտ թիմը մշակում է անիմացիոն խաղալիքի հավելվածային տարբերակը, որը թույլ կտա եղած կադրերից առավել հեշտ տարբերակով անիմացիոն ֆիլմ ստանալ:

 

 

«Այս խաղալիքը նաև նպատակ ունի մասսայականացնել անիմացիայի ոլորտը: Մենք, օրինակ, գիտենք՝ բժիշկն ինչ է անում, ուսուցիչն ինչ է անում, բայց ո՞վ է անիմատորը, ինչո՞վ է զբաղվում. որպես կանոն սա մեզ համար փակ աշխարհ է»,- ասում է Շուշանն ու հույս հայտնում, որ խաղալիքով հետաքրքրվող երեխաները հետագայում ևս կշարունակեն անիմացիոն գործունեությունը:

 

Ֆինանսական հարցը հաջողությամբ լուծելու դեպքում՝ Շուշանի խոսքով, «Pepen»-ը շուկայում կհայտնվի 2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին:

 

Ոգեշնչումը. Աշակերտները նաև անիմատորներ են

 

 

Այսօր, երազանքն իրականացնելուց բացի, Շուշան Գրիգորյանը նաև դպրոցում է դասավանդում` 8-18 տարեկան երեխաների հետ սովորում է ինֆորմատիկա ու ռոբոտաշինություն:
 

 

«Մասնագիտությամբ  հեռահաղորդակցության ինժեներ եմ, բայց վերջին տարիներին ռոբոտաշինությամբ եմ զբաղվում, ավելի ճիշտ` սովորեցնում եմ երեխաներին ռոբոտներ ծրագրավորել»,- ասում է Շուշանն ու ավելացնում` իր աշակերտներին էլ է անիմացիայով վարակել ու նրանք այսօր «Pepen» թիմի կարևորագույն մասն են ու ոգեշնչման աղբյուրը:
 

 

«Աշակերտներ ունեմ, որոնցից իսկապես ամեն օր նոր բան եմ սովորում, նոր գաղափարներ լսում, լինում է` ամբողջ օրվա ընթացքում ինձ նոր տարբերակներ են ուղարկում, ասում` «տեսեք` այսպիսի բան ենք մտածել, այսպիսի բան ենք նկատել»: Դա ամենակաևորն է: Նաև ոգեշնչման առումով իմ կյանքում շատ մեծ նշանակություն է ունեցել հայրս` իր կերպարով. Հասարակությունից իր տարբեր լինելն ինձ շատ է օգնել, որ ես էլ իրեն նմանվեմ ու ես էլ փոխեմ ինչ-որ բան»,- ասում է Շուշանն ու ժպտալով ավելացնում.

 

 «Իրականում էլի շատ մարդիկ են եղել: Ծիծաղելի է, բայց երևի այդ մարդկանց մտքով չի էլ անցել, որ իմ կյանքը փոխել են ու շատ կարևոր նշանակություն են ունեցել, երբեմն աննշան թվացող իրավիճակներում: Ինչ վերաբերում է ունեցած երազանքը, միտքը չթողնելուն ու դրա հետևից գնալուն` իմ սիրելի խոսքերից մեկն է` պետք է միշտ ձգտել անհնարինին, որ հասնես առավելագույնին: Պետք է չդադարել երազել, ձգտել անհնարինին ու այդ դեպքում` ամեն ինչ հնարավոր է դառնում»:  

 

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 946

Վերադառնալ վերև