Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Շուշան Գրիգորյանի «Pepen»-ոտ աշխարհը

pepen6Գյուղում ծնված, պեպենոտ աղջկան հետաքրքրում էր ամեն ինչ՝ երաժշտությունը, գեղանկարչությունը, բայց ամենից շատ՝ շարժումն ու գոյության հրաշքը: 90-ականներին երազում էր ծաղրանկարիչ դառնալ, հաճախում էր  ջութակի, իսկ տարիներ անց շարժումն ու ֆիզիկան դարձան նրա մասնագիտությունը: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետից մինչև անիմացիոն ստարտափի ստեղծում: Սա «Pepen»-ի պատմությունն է:

pepen5

Շուշան Գրիգորյանը անիմացիայով հետաքրքրվել է մանկուց: Մի քանի անգամ փորձել է սովորել անիմացիոն ֆիլմերի ստեղծման սկզբունքները, սակայն, որպես կանոն, այդ փորձերն անհաջող են եղել: Շուշանն ասում է, որ շատ հաճախ ուսուցման մեթոդներն այնքան բարդ ու ձանձրալի են, որ երեխան միանգամից կորցնում է հետաքրքրությունը.

 

«Այս տարի որոշեցի, ի վերջո, սովորել անիմացիա պատրաստել, բայց անել դա ինքնուրույն: Ստեղծել մի մեթոդ, մի գործիք, որն ուսուցման գործընթացը ոչ թե ձանձրալի զբաղմունք, այլ հրաշագործության նման մի բան կդարձնի: Երեխաների հետ աշխատանքիս ընթացքում հասկացա՝ սովորելու լավագույն միջոցը խաղն է: Հետո մտածեցի՝ իսկ ինչո՞ւ այս հրաշքի մասնակից չդարձնել նաև ուրիշներին»,- պատմում է «Pepen»-ի հիմնադիրը:

pepen3

«Pepen»-ը փայտե անիմացիոն խաղալիքների փաթեթ է, որի մեջ մտնում նաև համակարգչային հավելվածը, որը կօգնի երեխաներին պատրաստի անիմացիոն ֆիլմ ստանալ: Անիմացիայի յուրաքանչյուր կադրը երեխայի ձեռքում վերածվում է փայտե խաղալիքի, որը ներկվելուց, գունավորվելուց հետո դառնում է փոքր ֆիլմի մի մասնիկ: «Pepen»-ը անիմացիոն մի քանի ուղղությունների յուրահատուկ սինթեզ է. ավանդական, stop-motion անիմացիաների խառնուրդը և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը երեխային պասիվ ունկնդրից վերածում են  անիմացիոն ֆիլմ ստեղծողի: Այսպիսով, երեխան կապում է վիրտուալ և իրական աշխարհները, ինչի շնորհիվ մուլտֆիլմը ոչ միայն ժամանց է դառնում նրա համար, այլև հետաքրքիր զբաղմունք:  

2

«Որպես փորձնական արտադրանք, արդեն ունենք մի քանի դեմո տարբերակներ, որոնցով 2016 թ.-ի օգոստոսին մասնակցեցինք Sevan Startup Summit-ին: Արձագանքը բավականին լավն էր:  Դրանից հետո մասնակցեցինք Armenia StartUp Cup-ին, հասանք մինչև եզրափակիչ փուլ և արժանացանք ամենակրեատիվ նախաձեռնության համար նախատեսված մրցանակին, որն, ի դեպ, սահմանվել էր հատուկ մեզ համար: Այսինքն՝ ի սկզբանե նման անվանակարգ նախատեսված չէր, բայց քանի որ մեր գաղափարները շատ էին դուր եկել կազմակերպիչներին, սահմանվեց նման մրցանակ: Այդ ժամանակ ծանոթացանք շատ լավ մասնագետների հետ, անիմատորներ, նկարիչներ, հոգեբաններ, որոնց հետ աշխատանքը շարունակում ենք մինչ օրս»,-պատմում է Շուշան Գրիգորյանը:

 

Այս համագործակցության արդյունքում «Pepen»-ի թիմն այսօր արդեն աշխատում է թիմային և անհատական օգտագործման համար նախատեսված անիմացիոն փաթեթների ստեղծման ուղղությամբ: Թիմային փաթեթները նախատեսված են մանկապարտեզների, դպրոցների և արվեստի կենտրոնների համար, անհատականները՝ բոլորն նրանց համար, ովքեր ցանկանում են մուլտֆիլմեր ստեղծել: «Pepen»-ը նախատեսված է հիմնականում 10-14 տարեկանների համար, բայց թիմն աշխատում է նաև նախադպրոցական երեխաների և երիտասարդների համար նախատեսված փաթեթների մշակման վրա:

pepen

Շ. Գրիգորյանն ասում է, որ «պեպենոտ» դառնալու համար լուրջ ֆինանսական միջոցներ հարկավոր չեն. փաթեթների արժեքը սկսում է 30 ԱՄՆ դոլարից՝ կախված անիմացիայի բարդությունից, տևողությունից և այլն: Այս արժեքը ներառելու է ուղեցույց, որը կօգնի երեխաներին աշխատել, համակարգչային հավելված, փայտե կադրեր, տաղավար և այն.

 

«Մենք փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղալիքի ինքնարժեքը նվազագույնի հասցնենք, քանի որ մեր հիմնական նպատակը բիզնես հիմնելը չէր, այլ` երեխաների համար անիմացիայի աշխրահը ավելի հասանելի և ընկալելի դարձնելը»,- ասում է նա:

 

Վերջին հինգ տարիներին Շուշանն աշխատում է երեխաների հետ: Խաղերի ծրագրավորում, ռոբոտաշինություն. ահա Շուշանի և իր սաների սիրելի զբաղմունքներից մի քանիսը միայն: Շուշանն առաջինն էր, որ դպրոցում իրականացրեց ռոբոտաշինության պիլոտային ծրագիրը, որն այնքան հաջողված էր, որ նրան վստահվեց այս կրթական ծրագրի համակարգումը՝ ողջ Հայաստանի և Արցախի տարածքում: Շուրջ երկու տարի Շուշանը համակարգում էր հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը: Անսպառ երևակայությունը և երազելու կարողությունը, սակայն, Շուշանին կտրեցին մեծերի աշխարհից ու բերեցին գյուղական դպրոց: Այսօր նրա աշակերտները նաև «Pepen»-ի առաջին օգտագործողներն են ու ամենախիստ քննադատները.

pepen2

«Ես աշակերտներիս բաժանել եմ մի քանի տարիքային խմբերի, ու նրանց հետ փորձում ենք  «Pepen»-ի փաթեթները: Կան երեխաներ, որ այնքան են տարվել անիմացիայով, որ մի քանի փորձերից հետո, տանն արդեն իրենց համար տաղավարներ են պատրաստել՝ ապագա անիմացիաների համար»,- պատմում է նա:

 

Պեպենները Շուշանի կյանքում մեծ դեր ունեն: Դպրոցում դրանք խանգարում էին աղջկան, նա մեկուսացել էր և չէր ուզում շփվել որևէ մեկի հետ, իսկ հետո հասկացավ՝ ժամանակն է, որ այն, ինչ խանգարել է ողջ կյանքում, սկսի նաև օգնել: Պեպենները դարձան Շուշանի այցեքարտը, իսկ հետո՝ նաև ստարտափի  անվանումը: Այժմ «Pepen»-ը սիրելի է ոչ միայն Շուշանի համար, այլև շատ ու շատ երեխաների:

pepen4

Խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ Շուշանը հասկացավ՝ իր երազանքն իրակաացնելու համար նաև գումար է հարկավոր: Ստարտափ սկսելը բարդ է ողջ աշխարհում, Հայաստանում՝ առավել ևս: Բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են ֆինանսավորել միայն այն բիզնես նախագծերը, որոնք արդեն եկամուտ ունեն: Սա լրջագույն խոչընդոտ է բոլորն նրանց համար, ովքեր փորձում են ինչ-որ նոր բան անել:

 

Այս փուլում «Pepen»-ի թիմն աշխատում է թեմատիկ բլոգի ստեղծման ուղղությամբ, որտեղ կտեղադրվեն անհրաժեշտ տեղեկություններ՝ անիմացիայով հետաքրքրվողների համար: Սա կօգնի ոչ միայն հասկանալ մուլտֆիլմերի նկարահանման ողջ ընթացքը, այլև գնահատել ամեն վայրկյանը, որի ստեղծման համար հսկայածավալ աշխատանք է տարվում:

 

Շուշանը երազում է անիմացիան ավելի մասսայական դարձնել Հայաստանում: Ասում է՝ եթե «Pepen»-ից հետո 5 լավ անիմատոր ավելանա Հայաստանում, ինքը կընդունի, որ հաջողել է:

 

Սոնա Մարտիրոսյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը

«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում

Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»

«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները

WomenNet-ը փնտրում է նորարար կանանց

«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Համացանցի թագուհիները

 

Դիտումների քանակը` 2139

Վերադառնալ վերև