Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լյուդմիլա Պետրովա. «Շնորհակալ եմ համագյուղացիներից բոլոր սահմանափակումները պահպանելու համար»

 

Նոր կորոնվիրուսի տարածման դեմն առնելու համար Արարատի մարզի Վերին Դվին գյուղում նույնիսկ հուղարկավորության կարգն են ստիպված եղել փոխել։ Գյուղն արդեն 16 տարի ղեկավարող Լյուդմիլա Պետրովայի կողքին այս հարցում կանգնել է համայնքի հոգևորականը։ WomenNet.am-ի հետ զրույցում կին գյուղապետը պատմեց, այս ընթացքում երկու բնակիչ է մահացել, ամեն ինչ արել են վիրուսի տարածումը կանխարգելելու համար։

 

 

«Նախկինում մահացածի մարմինը դիահերձարանից բերում էին կեսօրից հետո, մի գիշեր տանը պահում, ապա հաջորդ օրը՝ կեսօրից հետո հուղարկավորում էին։ Մենք ունենք ազգությամբ հոգևոր հայր, և ես, և նա, հանդես եկանք հայտարարությամբ, որ այս ընթացքում մարմինը դիահերձարանից բերելու ենք թաղման օրը, 20 րոպե դնում ենք բացօթյա տարածքում՝ հրաժեշտի համար։ Հոգեհանգստի  հացը տալիս ենք մի փոքր հենց գերեզմանատանը։ Տներում էլ չեն հավաքվում»,-նոր կարգը ներկայացնում է գյուղապետը։

 

 

Նա մեծ շնորհակալություն է հայտնում հարազատ ու բարեկամ կորցրած համագյուղացիներին՝ իրենց խնդրանքին ըմբռնումով մոտենալու ու բոլոր սահմանափակումները պահպանելու համար։

 

 

Վերին Դվինում վիրուսի տարածման ռեալ վտանգ կար, քանի որ վեց վարակակիր է եղել։ Նրանք բոլորն էլ առողջացել են, վերջին հիվանդը մի քանի օր առաջ տուն է վերադարձել։ Ինչպես մարզի շատ գյուղերում այստեղ էլ վարակի օջախը Արարատին կից Նորագավիթ թաղամասում գործող «Սարտեքս» ձեռնարկությունն է եղել։

 

 

«Հիվանդներից չորսը մի ընտանիքի անդամներ էին, նրանց աղջիկն էր ձեռնարկությունում աշխատել, երկուսն էլ էլի աշխատել են կարի արտադրամասում»,-ասում է տիկին Պետրովան ու ուրախություն հայտնում, բոլոր գյուղացիների մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների ու բարդությունների։

 

 

Նոր վարակակիրներ չկան։ Գյուղն ունի  մոտ 2400 բնակիչ,  78-80 տոկոսը ասորիներ են, մնացածը՝ հայեր։ Հիշեցնենք, որ վարակակիրների թվով Արարատի մարզը առաջատարներից է։ Ապրիլի 21-ին, երբ հիվանդացածների թիվը հանրապետությունում 1401 էր, Արարարտի մարզում՝  233 էր։ Մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ այդ օրվա ֆեյսբուքյան գրառման համաձայն, մարզում առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, գրանցվել է մահվան 4 դեպք։

 

 

Որպեսզի վիրուսը նորից գյուղ չմտնի Վերին Դվինում հնարավորության սահմանում ձեռնարկում են բոլոր քայլերը։ Այստեղ չկան ձեռնարկություններ, արտադրամասեր, գյուղմթերքների հավաքակայաններ կամ էլ վերամշակող կազմակերպություններ։ Կա խառը տիպի երեք խանութ, որտեղ երկու-երեք ժամը մեկը ախտահանման աշխատանքներ են իրականացվում։ Բացի տնտեսվարողների ունեցած նյութերից  գյուղապետարանն էլ է տրամադրել։ Կին ղեկավարն անձամբ է  երբմեն-երբեմն շրջում փողոցներում, խանութներում՝ ծանոթանալու մարդկանց տեղաշարժին, խանութների մաքրությանը։

 

 

Այս պահին աշխատում են գյուղապետարանն ու ամբուլատորիան։ Աշխատակիցներին պաշտպանիչ միջոցներ են հատկացվել, շենքերում էլ ախտահանման աշխատանքեր են կատարվում։ «Մենք համայնքի տարածքում ունենք տեղադրված նստարաններ, զրուցարաններ։ Մեկուսացման ընթացքում գյուղի կենտրոնական հատվածներում համարյա մարդ չի եղել, բայց ամեն դեպքում մենք դրանք էլ ենք ախտահանում»,-պատմում է նա։

 

 

Մեկուսացմանն օգնում է նաև գյուղատնտեսական աշխատանքների եռուն սեզոնը, բոլորը դաշտերում են, առավոտյան գնում են, երեկոյան հոգնած տուն վերադառնում։ Վերին դվինցիներն աճեցնում են ամեն ինչ՝ ծաղիկ, կանաչին, պտուղը՝ ջերմոցներում, բացի երկնքի տակ  էլ այգիներն են, հացահատիկի ցանքատարածությունները…

 

 

Պետրովան խոստովանում է՝ սուտ ասել չի ցանկանում, գյուղի փողոցներում ախտահանում չի իրականացվել։ Պատճառները մի քանիսն են, նախ ճանապարհների մեծ մասն ասֆալտապատված չէ, հողային ու  գրունտային են։ Հետո 29 կմ ընդհանուր երկարությամբ ներքին ճանապարհների ամենօրյա  լվացումն ու ախտահանումը փոքր գյուղի բյուջեի ուսերից վեր գործ է։

 

 

Գյուղապետը մանկապարտեզի տնօրենի հետո արդեն պայմանավորվել է։ Մինչև մայիսի 14-ը՝ արտակարգ դրության ավարտը մեկ անգամ կախտահանեն մանկապարտեզի շենքը։ Եթե որոշում կայացվի, որ նախակրթական հաստատությունները սկսելու են գործել, սաների հաճախելուց մի քանի օր առաջ մեկ անգամ էլ կախտահանեն։ Մանկապարտեզում երկու գործող խումբ կա, ընդհանուր առմամբ 48 երեխա է այցելում։

 

 

«Պետք է երկու անգամ ախտահանենք մինչև երեխաների գալը։ Բայց  տեսնենք, ինչ է լինելու։ Ես շատ կուզեի նաև դպրոցը ախտահանել։ Հույս ունեմ, մարզպետարանի միջոցներով դա կարվի։ Եթե տեսնենք, չեն տրամադրում, անպայման դպրոցն էլ պատշաճ կերպով կախտահանենք»,-ասում է Պետրովան ու նկատում, համայնքի բյուջեի միջոցները ծախսելու հարցում շատ բծախնդիր է, մինչև վերջ փորձում է այլընտրանքային ֆինանսավորում գտնել։

 

 

Համայնքի ղեկավարը վերջին օրերին գյուղի փողոցներում շրջելիս մի փոքր աշխուժացում է նկատել, դրան նախորդող օրերին եղբայրը եղբոր, քույրը քրոջ տուն չէր գնում։ Բայց առատ անձրևը  ամեն ինչ իր տեղն է  գցել։ «Մյուս կողմից էլ անձրևը շատ է խանգարում, գյուղատնտեսական աշխատանքներն են ուշանում»,-նեղսրտում է բազմամյա գյուղապետը։

 

 

Լ. Պետրովան կանոնավոր կերպով աշխատավայր է  գնում, մնում է մինչև ժամը 15-16-ը։ Սոցիալական աջակցության ծրագրերից օգտվող  բնակիչներն առաջացած խնդրի դեպքում հենց իրենց են դիմում։

 

 

«Մեր բնակիչները հիմնականում օգտվում են սոցիալական աջակցության 9-րդ ծրագրից, գազի և էլեկտրաէներգիայի համար նախատեսված աջակցությունից, ինչպես նաև նպաստառու ընտանիքների համար նախատեսված օգնությունից»,-սեփական մոնիտորինգի արդյունքներն է ներկայացնում գյուղապետը։ Մերժում ստացած շահառուների խնդիրներով էլ գյուղապետարանում են զբաղվում։

 

 

Անկախ կորոնովիրուսից, գյուղում անապահով ընտանիքներ շատ կան։ Բայց վերջին տարիներին առատ բերքի շնորհիվ կենսամակարդակի բարելավում է եղել, շինարարության ակտիվացում էր նկատվում։ «Հիմա տեսնենք ի՞նչ կլինի…»,-պատասխան չակնկալող հարցը նորից է հնչեցնում Պետրովան։

 

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 702

Վերադառնալ վերև