Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ոստիկանները վերապատրաստման կարիք ունեն»

Ընտանեկան բռնությունների դեպքերով օբյեկտիվ քննություն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ պատրաստված ոստիկաններ, որոնք կհասկանան խնդրի էությունը, կկարողանան էթիկապես ճիշտ աշխատել զոհի հետ եւ հնարավորինս կաջակցեն նրանց: «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարո Մաթոսյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում կարեւորում է ոստիկանության պատճաշ աշխատանքի անհրաժեշտությունը:

 

«Ինչու ենք մենք այսքան կենտրոնանում ոստիկանության վրա, որովհետեւ բռնության զոհերն առաջին հերթին հենց ոստիկանություն են դիմում: Բայց ոստիկանությունը հաճախ չի հասկանում խնդրի էությունը, ուստի չեն կարողանում ճիշտ քննություն անցկացնել: Ոստիկանությունում ոչ ոք վերապատրաստված չէ, չգիտեն, թե իրենց իրավասությունների սահմանը որքան է»:

 

Մարո Մաթոսյանի խոսքով` ընտանեկան, սեռական եւ հոգեբանական բռնությունների վերաբերյալ ոստիկանները տեսական գիտելիքներ ունեն, սակայն երբ գործը հասնում է պրակտիվ աշխատանքին, բացահայտվում են թերացումները:

 

«Ոստիկանները պետք է հասկանան նաեւ թե ինչպես պետք է խոսեն զոհի հետ, գիտակցեն, որ նա տրամվա է տարել: Օրինակ, կարող է մի կին դիմել ոստիկանություն, սակայն երբ քննիչը նրան հարցեր տա, նա տրավմայի մեջ գտնվելով` չկարողանա արտահայտվել կամ նույնիսկ չհիշի, թե իր հետ կոնկրետ ինչ է եղել: Այստեղ է որ անհրաժեշտ է ոստիկանության պրոֆեսիոնալ մոտեցումը»:

 

«Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավարը նշում է, որ ոստիկաններն ընտանեկան բռնությունը հաճախ ընկալում են որպես երեխաների նկատմամբ բռնություն կամ երեխաների ներկայությամբ իրակացված բռնություն, երբեք կնոջ տեսանկյունից չեն ընկալում բռնությունը, այնինչ բռնության գլխավոր թիրախը հենց կանայք են:

 

Մարո Մաթոսյանի կարծիքով` ընտանեկան բռնության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը չափազանց հեռու է իրականությունից, քանի որ հաճախ նույնիսկ ոստիկանություն դիմած կանայք գրավոր բողոք չեն ներկայացնում:

 

«Եթե ոստիկանություն շաբաթական բռնության ենթարկված 5 դեպք է գալիս, փաստացի 5-ից նույնիսկ մեկը կարող է չգրանցվել, դրա համար էլ պաշտոնական թվերը շատ ցածր ցուցանիշ են ներկայացնում: Այնինչ, միայն Երեւանում աշխատող 2-3 ՀԿ-ները տարեկան 2000-ից ավելի բռնության դեպք են գրանցում»,- ասում է Մարո Մաթոսյանը:

 

Բռնության դեպքերը բազմաթիվ են, իսկ զոհերի հետ պատճաշ աշխատանք տանող ոստիկաններ շատ քիչ կան: «Ոստիկան կա, որ շատ լավ է կատարում իր ծառայողական պարտականությունները, օրինակ, Ոստիկանության Կենտրոնի բաժնի թաղային ոստիկանության պետը շատ ճիշտ է հասկանում ընտանեկան բռնության հետ առնչվող խնդիրները: Հակառակն էլ ունենք, կա եւ շատ վատը: Բայց քանի որ իրենք բոլորը պաշտոնյա են, չպետք է լինեն լավը կամ վատը, ոչ ոք չպետք է թերանա իր պարտականությունները կատարելիս: Թեեւ ես շատ չեմ մեղադրում մեր ոստիկանությունը, քանի որ նրանք վերապատրաստման կարիք ունեն»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրենը:

 

Բացի ոստիկանների վերապատրաստումից, Մարո Մաթոսյանը ՀՀ ոստիկանությանն առաջարկում է բռնության ենթարկված կանանց համար ստեղծել հատուկ բաժիններ, որտեղ աշխատակիցների կեսը կանայք կլինեն: «Հաճախ անհրաժեշտ է, որ հենց կին ոստիկանը լսի բռնության ենթարկված կոնջը, հատկապես, երբ խոսքը սեռական բռնության մասին է: Սա կարող է իդեալական լուծում լինել մեր իրականության մեջ»:

 

Արման Ղարիբյան 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության խորհուրդները

 

Ոստիկանության խորհուրդներն ու իրավապաշտպանների արձագանքը

 

Մեր նպատակը՝ ամուր, սիրո վրա հիմնված ընտանիքն է /տեսանյութ

 

Պատգամավորներն ամեն օր բացիկ-պահանջ կստանան քաղաքացիներից /տեսանյութ

 

Դիտումների քանակը` 2664

Վերադառնալ վերև