Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք Երևանի ավագանու կազմում. հետընտրական ամփոփում

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք:

 

Ընտրելու իրավունք ունեցող 848.346 քաղաքացուց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել են 370.365-ը կամ ընտրողների 43,65 տոկոսը: Ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերից 6-ին չի հաջողվել հատել 1 տոկոսի շեմը, երեքը ստացել են 1-2% ձայն:

 

 Ընտրությունների վերջնական արդյունքները (սեպտեմբերի 30, 2018)

 

Կուսակցություն /Դաշինք Քվե % Մանդատ
  1. «Իմ քայլը» դաշինք 294 092      81,06%     57
  2. ԲՀԿ 25 218 6,95% 5
  3. «Լույս» դաշինք 18 114 4,99% 3
  4. ՀՅԴ 5882 1,62% 0
  5. «Երկիր ծիրանի» 5059 1,39% 0
  6. «Օրինաց երկիր» 3947 1,09% 0
  7. «Երևանցիներ» դաշինք 2986 0,82% 0
  8. «Ժառանգություն» կուսակցություն 2709 0,75% 0
  9. «Երևանի հանրություն» դաշինք 2502 0,69% 0
  10. «Ժողովրդավարական ուղի»                                    799 0,22% 0
  11. Ռեֆորմիստների կուսակցություն 792 0,22% 0
  12. «Հայք» կուսակցություն 692 0,19% 0

 

Աղբյուրը՝ ԿԸՀ 

 

Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Երևանի ավագանու կազմում երեք ուժ է ընդգրկվել՝ «Իմ քայլը» դաշինքը (81,06%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (6,95% տոկոս), «Լույս» դաշինքը (4,99 %): Թեև «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընդգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա օգտին գործեց օրենսդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ:

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Այդ դրույթի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը: 

 

Կանանց կողմից ղեկավարվող քաղաքական ուժերից միայն մեկն ընդգրկվեց ավագանու կազմում՝ «Բարգավաճ Հայաստանը»: Սակայն այդ կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը դիմեց ինքնաբացարկի՝ պահպանելով իր ԱԺ պատգամավորական մանդատը: Ընտրություններից անմիջապես հետո ինքնաբացարկ հայտնած վեց թեկնածուներից երկուսն էին կին: Նրանց թվում, բացի Նաիրա Զոհրաբյանից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Նազիկ Ավդալյանն էր: Ավելի ուշ՝ մանդատները վերցնելուց հետո, ինքնաբացարկ է հայտնել ևս մեկ կին՝ Սրբուհի Ղազարյանն «Իմ քայլը» խմբակցությունից, ով կշարունակի վարչապետի խորհրդականի իր աշխատանքը կառավարությունում:

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 5, «Լույս» դաշինքը՝ երեք: Մանդատներից 18-ը կամ   27.6 %-ը բաժին են հասել կանանց: 

 

«Իմ քայլը» դաշինքի ստացած 57 մանդատից 15-ը կամ  26.3 % -ը բաժին էր ընկել կանանց: Նրանց թվում են՝ Լուսինե Բադալյանը, Իզաբելլա Աբգարյանը , Նարինե Խաչատուրյանը , Գայանե Մելքոմյանը, Գայանե Աբրահամյանը , Լիլիթ Պիպոյանը , Եվա Թովմասյանը , Գայանե Եղիազարյանը, Սոնա Ղազարյանը , Արուսյակ Ջուլհակյանը , Գայանե Վարդանյանը, Օվսաննա Հովսեփյանը , Սաթենիկ Մկրտչյանը , Հասմիկ Խաչունցը, Արփենիկ Մարությանը

 

ԲՀԿ խմբակցության հինգ անդամից մեկն է կին, ինչը 20% է կազմում: Մայրաքաղաքի ավագանու անդամի մանդատ է ստացել Հռիփսիմե Առաքելյանը :

 

«Լույս» դաշինքի խմբակցության երեք անդամից երկուսը կամ 67%-ը կանայք են՝ Անի Խաչատրյանը և Անի Սամսոնյանը

 

Համեմատության համար՝ կին թեկնածուները «Լույս» դաշինքի ընտրական ցուցակում 35,7% էին կազմում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում՝ 30,7% և «Իմ քայլը» դաշինքի ցուցակում՝ 28,8 % էին:

 

Նորընտիր ավագանու երեք խմբակցություններից ոչ մեկը կին չի ղեկավարում, սակայն քարտուղարների պաշտոններում երեք խմբակցությունում էլ կանայք են ներկայացված: Ավագանու 4 հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարում: Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սաթենիկ Մկրտչյանը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արուսյակ Ջուլհակյանը: Քաղաքապետի  նորանշանակ  չորս տեղակալներից ոչ մեկը կին չէ: 

 

Հատկանշական է նաև Երևանի ավագանու տարիքային կազմը, որն էականորեն երիտասարդացել է: Հատկապես, կին անդամների շրջանում գերակշռում են երիտասարդ տարիքի՝ 25-40 տարեկան կանայք:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում  ՏԻՄ ընտրություններ-2018   խորագրի ներքո.

 

«Քվոտան պետք է աշխատի  որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»

 

Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին

 

Երևանի ավագանու  4 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարելու  

 

Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է

 

Կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկություններն ու սեքսիզմը

 

Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում. վերլուծական տեղեկանք

 

Կին թեկնածուները կուսակցությունների ընտրական ցուցակներում. ամփոփում

 

Քաղաքի արդար կառավարման սկզբունքները նախընտրական ծրագրերում

Դիտումների քանակը` 507

Վերադառնալ վերև