Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աղքատության դեմքը Հայաստանում

Լուսանակարը՝ Լիլիան Գալստյանի

 

Աղքատ է յուրաքանչյուր երրորդը 

Ըստ  ՀՀ Վիճագրական ծառայության  վերջին  տվյալների  2016թ.-ին  Հայաստանում աղքատ է  880 հազար մարդ, նրանցից 241 հազարը շատ աղքատ են, 54 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Տոկոսային հարաբերությամբ ՝  29.4% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.8 %-ը ծայրահեղ աղքատ է, 8.0%-ը` շատ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է:

 

 Ովքեր են աղքատ համարվում

 

2016թ.-ին աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին`ընդհանուր գծից՝ 40 867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար):

 

Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին` ընդհանուր գծից՝ 33 418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար):

 

Ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, որը 2016-ին կազմել է 23 313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար):

 

 

Կանայք ավելի աղքատ են

 

Հայաստանի աղքատ բնակչության 56.6 տոկոսը կանայք են, 43.4 տոկոսը՝ տղամարդիկ: Կանանցից աղքատ են 30.2 տոկոսը, տղամարդկանցից՝ 28.5 տոկոսը: Կանանց 2 տոկոսը ծայրահեղ աղքատ են, տղամարդկանց՝ 1.6 տոկոսը:

 

 Ծայրահեղ աղքատների մեծ մասն ապրում է քաղաքներում

 

2016թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունը ըստ քաղաքային (28.8%) և գյուղական բնակավայրերի (30.4%) փոքր է: Սակայն, աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (24.9%) և երկրի այլ քաղաքներում (33.2%) մեծ է: Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է և այն 1.3 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Ծայրահեղ աղքատ բնակչության մեծամասնությունը (70.6%) ՝ քաղաքաբնակներ են:

 

Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները:  Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը կամ մարզի  բնակչության մոտ կեսը:  Ծայրահեղ աղքատության մակարդակն առավել բարձր է Շիրակի (3.7%), Լոռու (2.7%), ինչպես նաև Տավուշի մարզում և քաղաք Երևանում (1.9%):

 

 

Մանկական աղքատություն

 

2016թ-ին մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ: 2016թ.-ի տվյալները ցույց են տալիս մանկական աղքատության տարբերություններն ըստ սեռի. աղքատ է աղջիկների 36.1 և տղաների՝ 32.4%-ը:

 

Մինչև 5 տարեկան երեխաների  1.7 %-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 33.7 %-ը` աղքատության մեջ:   15-17 տարեկան երեխաների շրջանում, աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:  

Քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.1%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 1.9%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը, համապատասխանաբար 33.1%՝ 36.0%-ի համեմատ:

 

Անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 56% և ծայրահեղ աղքատ երեխաների 48%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 44%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 36 և ծայրահեղ աղքատ երեխաների 42%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 31%-ի համեմատ:

 

  

 

Աղքատության ռիսկը մեծանում էեթե

 

Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է: Աղքատության հարաբերական ռիսկն աճում է տնային տնտեսության չափին զուգահեռ: Բազմանդամ ընտանիքներում կախվածության գործակիցը հանդիսանում է աղքատությունը բացատրող կարևորագույն գործոն: Բազմանդամ  տնային տնտեսություններն ունեն ավելի շատ երեխաներ, ուստի և փոքր տնային տնտեսությունների համեմատ` եկամուտ ստացողների ավելի ցածր մասնաբաժին, որն էլ հանգեցնում է նրանց սպառման ցածր մակարդակի:

 

Այսպես, 7 և ավելի անդամ ունեցող ընտանիքիների 3.8 տոկոսը ծայրահեղ աղքատ են, 43.3 տոկոսը՝ աղքատ: Համեմատության համար նշենք, որ երեք անդամից բաղկացած ընտանիքների 1.2 տոկոսն են ծայրահեղ աղքատ, 21.6 տոկոսը՝ աղքատ են:
Միայն տարեցներից բաղկացած տնային տնտեսության աղքատության մակարդակը 28%-ով ցածր է միջին հանրապետական մակարդակից: Այն տնային տնտեսությունը, որը բաղկացած է երկու չափահաս անդամից և երկու մինչև 6 տարեկան երեխայից, աղքատության ռիսկը բարձր է, քան հանրապետական միջին ռիսկն է:

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններ

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների  (դրանք հանրապետությունում  33%  -են կազմում )աղքատության մակարդակը ավելի բարձր է (33,4%) տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների համեմատ  (28%):

 

Միջին հանրապետական մակարդակի համեմատ` մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ (1.4 անգամ) ռիսկ ունեն:

 

Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում   ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է, նրանց 35.4%-ն է աղքատ, իսկ 11.0%-ը`ծայրահեղ աղքատ:

 

 

Բարձրագույն կրթությամբ աղքատները

 

Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է, թեպետ , ընդհանուր առմամբ, նրանց  աղքատության փաստը  նոնսենս է: Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է` այն մոտ 1.7 անգամ ցածր է 16-ից բարձր տարիքի բնակչության միջին հանրապետական աղքատության մակարդակից:

 

Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում այլ կրթության մակարդակ ունեցողների համեմատ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2008թ.-ին: Սակայն 2016թ.-ին աղքատության մակարդակը բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում ավելի բարձր է, քան 2008թ.-ին: Միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (51%): 16-ից բարձր տարիքի բնակչության կազմում, այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս:

 

 Չաշխատող աղքատները

 

Աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը 2016թ.-ին կազմել է 35.8: Նույն ժամանակահատվածում աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում  ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 3.7%: 

 

Աղքատները աղքատանումհարուստները՝ հարստանում

 

2008-2016 թվականների ընթացքում  բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի և ըստ սպառման ցուցանիշի, ավելացել է:

 

 

Աղքատների միայն կեսն է օգտվում նպաստներից

 

ԱՎԾ տվյալներով,  2016թ.-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 24.0%-ը ստացել է ընտանեկան նպաստ, այդ թվում` ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 34.7%-ը, ծայրահեղ աղքատների` 50.3%-ը և ոչ աղքատների` 18.5%-ը:

 

Աղքատության հաղթահարման համար պետք է 63.2  մլրդ դրամ

 

Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին:

Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.03 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն:

Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են:

 

Հ. Կարապետյան

 

 

 

Դիտումների քանակը` 3578

Վերադառնալ վերև