Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է  Հայաստանի  համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին:  Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»  ՀԿ-ի  և ՄԱԿ-ի  զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգողի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

 

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին կանանց տոների առթիվ, բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում:  Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում  կանանց ներգրավվածությունը, կանանց դերի հետևողական բարձրացումը:

«Մեր քայլերն ուղղված են լինելու ձեր դերակատարության հետևողական բարձրացմանը, մեր երկրի քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավվածության մեծացմանը, որպեսզի տարբեր ոլորտներում դուք լինեք ավելի ակտիվ: Մեր աջակցությունը ձեզ այդ հարցում լինելու է տեսանելի»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը;

Այնուհետև հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, մարզերում առկա խնդիրներին և այդ ուղղությամբ նախատեսվող ու իրականացվող աշխատանքներին, ՏԻՄ-երում կանանց դերի մեծացմանը և այլն:

 

Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տարածքային համաչափ զարգացումը և նշել, որ այդ նպատակով գործադիրն իրականացնում է հետևողական քայլեր, բազմաթիվ ծրագրերի միջոցով աստիճանաբար փորձելով լուծել մարզերում առկա տարբեր խնդիրներ:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության, շնորհավորանքների, իրենց հետաքրքրող հարցերին պատասխանելու և անկեղծ զրույցի համար:

 

Կողմերը պայմանավորվել են նման հանդիպումները դարձնել շարունակական:

 

Դիտումների քանակը` 2379

Վերադառնալ վերև