Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

 «Կհաղթահարենք, ավելի վատ օրեր էլ ենք ունեցել». Ժասմեն Ավագյան

  -Ինչպես ամբողջ հանրապետությունում այնպես էլ մեզ մոտ պահպանվում են կարանտինի  սահմանված կանոնները,- վստահեցնում է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ավագանու անդամ  Ժասմեն Ավագյանը,- գյուղացիները դիմակներով են, ձեռնոցներով են, շատ դուրս ու ներս չեն անում, հիմնականում գյուղի խանութներից են առևտուր անում, բարեբախտաբար վարակման դեպքեր չունենք: Երևանում  աշխատողներն էլ տաքսիներով են աշխատանքի գնում, գյուղացիներն էլ միայն անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս: Հատկապես հիմա գարուն է, գյուղատնտեսական աշխատանքներ են, ամեն մեկը իր հողամասում իր տնտեսությամբ է զբաղված դուրս ու ներս անելու ժամանակ էլ  չկա:

 

 

Այս օրերին շատերն են տանը փակված և չեն աշխատում, բայց Ժասմենը հանգստանալու և ձանձրանալու ժամանակ չի էլ ունեցել, հակառակը, նրա գործերը միայն ավելացել են` տուն, ընտանիք, այգու աշխատանքներ: Նա արդեն  25 տարի է գյուղի դպրոցում տարրական դասարանների դասվար է, կարանտինի ամբողջ ընթացքում   օրվա մեծ  մասը ծախսում է օնլայն դասերի վրա,  մշտապես կապի մեջ է թե աշակերտների, թե գյուղապետարանի հետ, փորձում  միշտ տեղյակ լինել գյուղի անցուդարձից,  հասկանալ ինչ է կատարվում դրսում,  որպեսզի անհրաժեշտության դեպքում  կարողանա օգտակար լինել իր համագյուղացիներին:  Ժամանակի մեծ մասը հեռավար դասընթացներ անցկացնելուն է նվիրում, կրթության այդ ձևը կրկնակի ջանքեր է պահանջում ուսուցիչներից.  

 

 

-Հենց հիմա տանը նստած Viber-ով ուղղարկված տնային աշխատանքներն եմ ստուգում,- պատմեց նա WomenNet.am-ին,-  երրորդ դասարանն եմ այս տարի վարում, 26 աշակերտ ունեմ: Ամեն օր դասը ձայնագրում եմ, բացատրում,  ուղղարկում եմ.  պատասխաններից  հաճախ զգում եմ, որ ինչ որ մեկը չհասկացավ, նորից եմ ձայնագրում, բացատրում: Փորձում եմ ամեն ինչ անել, որ երեխաների համար հեշտ լինի`  հնարավորինս մատչելի և հասանելի եմ բացատրում: Հեռավար ուսուցման տարբերակում չարչարանքը, աշխատանքը շատ է, արդյունքը տեսանելի չի, էսպես շատ ենք չարչարվում , մինչև ստուգում ես տնային աշխատանքը, գրում այսինչ բանը սխալ է,  ուղղեք, իսկ դպրոցում ամեն օր հավաքում էինք տետրերը ստուգում, երեխային բացատրում այ սա սխալ ես արել, այս սխալի վրա աշխատի:,- նոր իրավիճակում անցկացվող դասապրոցեսը ներկայացնում է Ժասմենը: Ասում է, անմիջապես երեխայի հետ դաս անելը դասասենյակում ավելի արդյունավետ է , երբ հարցեր են առաջանում, հենց տեղում պատասխանում ես, կարողանում ես պարզել հասկացավ երեխան թե՞ ոչ: Լավ է, որ ծնողները ակտիվ մասնակցում են, ծնողներից էլ շատ գոհ եմ, առանց ծնողների օգնության ինձ թվում է չէր ստացվի:

 

 

Չնայած կիսամյակների ժամանակից շուտ փակվելու պատճառով շատ երեխաներ ավելի պասիվ են և հաճախ խուսափում են մասնակցել դասերին, բայց ուսուցչուհին ըմբռնումով է մոտենում.

 

 

-Ովքեր  որ գիտեն  արդեն կիսամյակները փակվել է ուշ-ուշ են միանում դասերին, մինչև չեմ ահազանգում իրենք չեն միանում,- պատմում է նա,-կիսամյակիների շուտ փակվելը երեխաներին բավականին խանգարեց, շատ երեխաներ անտարբեր են դարձել, բայց ըմբռնումով եմ մոտենում, սեպտեմբերին, եթե էս վիճակը չլինի, ամեն ինչ նորմալ հունի մեջ կընկնի, կկարողանանք վերականգնել բաց թողնվածը,- վստահեցնում է նա:

 

 

Այս լարված և դժվար օրերին Ժասմենը ուրախանալու մի լավ առիթ ունի, վերջապես կարծես լուծում է գտնում գյուղի ոռոգման ջրի հարցը, գյուղացիների համար այս կարևոր խնդիրը նա բազմիցս բարձրացրել է ավագանու նիստերին.

 

 

 -Գյուղի վերևում բասեյն ունենք, ուզում են այնտեղ խողովակներով ջուր բերեն լցնեն,  որ կարողանան գյուղին  ապահովվեն ոռոգան ջրով,-պատմում է նա,-  գյուղացին միշտ տուժվածի դերում է, այս տարի ցրտահարություն է եղել, բերքը լրիվ փչացել է գյուղացին ինչով ապրի, միայն խնձորին չի վնասել, բայց ծիրանին վնասել է, սակայն ոռոգման ջրի հարցը լուծելով գոնե այգիները կկարողանան մշակել :

 

 

Սահմանափակումների մեղմացումից հետո ավագանու անդամը նկատել է ,որ  մարդկանց տեղաշարժն ավելի ակտիվացել է: Եթե նախկինում միայն Երևանում աշխատողներն էին գյուղից դուրս գալիս, այժմ արդեն շատերն են ամենատարբեր խնդիրներով երթևեկում: Ու թեև մարդկանց  ակտիվությունը անհանգստացնում է նրան, այնուամենայնիվ նա ընդունում է, որ առանց աշխատանքի չի կարելի ապրել և օրինակ է բերում իր դստեր ընտանիքը.

 

 

-Միշտ մտածում եմ սահմանափակումները մի քիչ էլ երկարացվեին ավելի լավ կլիներ` առողջական տեսակետից, վարակը շատ չէր տարածվի,  բայց մյուս կողմից էլ, մարդիկ չունեն հնարավորություն, պիտի աշխատեն, որ կարողանան ապրել, կոնկրետ մեր ընտանիքում` փոքր աղջիկս ամուսնացած է, 2 երեխա ունի, 9-րդ ծրագրով գրանցվել է, երեխաներից մեկի գումարը ստացել է, մյուսինը, դեռ ոչ,  մարդիկ էլ ապրել են ուզում, ինչքանով կարողանում ենք սատարում ենք, օգնում ենք, բայց երիտասարդ ընտանիք են, ամուսինը եթե չաշխատի ինչով կարող են ապրել,- նեղսրտում է նա և հույս հայտնում,- ինձ թվում է կհաղթահարենք, մենք այն ժողովուրդը չենք որ չհաղթահարենք, ավելի վատ օրեր էլ ենք ունեցել,  մենք այն սերունդն ենք, որ կհաղթահարենք:

 

                                                    

 Կարինե Պետրոսյան

 

Դիտումների քանակը` 558

Վերադառնալ վերև